Ռուբեն Ֆիլյան «Քո երկրի դեսպանը»

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952թ-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» լույս է տեսել 1980թ-ին։ 70-ականների վերջերին Ռուբեն Ֆիլյանին հաջողվում է դուրս գալ Սովետական Հայաստանից։ Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է, Միջերկրականի ափով, ապա Եգիպտոս, Հորդանան, այնուհետև հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ռուբեն Ֆիլյանի կյանքը ընդհատվում է 1983թ-ի հունվարի 6-ին։
1992 թվականին լույս է տեսնում Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը, որտեղ ընդգրկված են «Քո երկրի դեսպան»–ը համանուն վեպը, պատմվածքներ, հեքիաթներ։ 2022 թվականին լույս է տեսնում «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի երկրորդ հրատարակությունը։
Ռուբեն Ֆիլյանը հեղինակ է Շրի Շանկարաչարիի «Վիվեկա Չուդոմանի» ստեղծագործության հայերեն թարգմանության։
Ինչպես վեպը, այնպես էլ կարճ արձակը, հեքիաթ-պատմվածքները, ոչ միայն ապրում են Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ ստեղծված հեքիաթային աշխարհի մեջ, այլև ցույց են տալիս մարդկային կեցության ու փորձառության աբսուրդային երևույթները։ Ռուբեն Ֆիլյանի արձակը երկխոսություն է հայ միջնադարյան բնագրերի, Սեմյուել Բեքեթի, Իտալո Կալվինոյի, Ռուբերտ Վալզերի ստեղծագործությունների հետ։
ՔՈ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԸ
«Քո երկրի դեսպանը» վեպը Ռուբեն Ֆիլյանի արձակի թերևս ամենափայլուն ձեռքբերումներից է: Այն լույս է տեսել իր մահից տասը տարի անց` 1992թվականին, երբ այլևս գոյություն չուներ Խորհրդային Միությունը եվ անկախ Հայաստանը վերականգնել էր իր վաղեմի երազանքը` իր պետականությունը:
Ռուբեն Ֆիլյանը իր վեպը սկսել է գրել 1975թվականի դեկտեմբերի 10-ին եվ ավարտել 1978թվականի դեկտեմբերի 26-ին: Հիասթափություն ապրելով Հայաստանում հաստատված խորհրդային հասարակարգից, որ քարոզչության ու գրաքննության միջով էր ընկալում արվեստը Ռուբեն Ֆիլյանը, որ երևանյան բոհեմի ամենավառ ներկայացուցիչներից էր` կատարյալ տիրապետում էր մի քանի լեզուների, արդեն տարված էր արևելյան փիլիսոփայությամբ, հաճախում էր կարատեի, վերցնում յոգայի դասընթացներ, թարգմանություններ էր անում սանսկրիտից, /նա հեղինակ է՝ հնդիկ փիլիսոփա, մեծ գուրու` Շրի Շանկարչարիի «Վիվեկա Չուդոմանի» ստեղծագործության հայերեն թարգմանության/ իր վեպի անտիպ ձեռագիր նվիրում է ծնողներին եվ 1980թվականին դուրս է գալիս Խորհրդային Հայաստանից:

Նրա «Քո երկրի դեսպանը» վեպը հայ արձակում իր առանձնահատուկ տեղն է գրավում՝ ներառելով մոդեռնիզմին և արևելյան փիլիսոփայությանը բնորոշ հատկանիշներ: Վեպում նորովի վերանայվում եվ պարզվում հայ ժողովրդի պատմության քաղաքական, մշակութային ամենակարևոր դրվագները:
Վեպում պատմողը, որ ողջ վեպի ընթացքում հանդես է գալիս /Մենքի/-ի անունից եվ գուցե այդ /Մենք-ին/ ի վերջո վերածում վեպի գլխավոր հերոսի, հայտնվում է հայոց պատմության թանգարանում ու տեսնում մի ուշագրավ լուսանկար, որտեղ պատկերված է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նրա օգնականը, եվ մարդիկ, որոնք մեջքով են կանգնած: Թանգարանի աշխատակիցը ներկայացնում է այդ լուսանկարի պատմությունը: Պարզվում է լուսանկարը դարասկզբին է պատկանում: Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար հայերը` /վեպում Ֆիլյանը միշտ օգտագործում է մերերկրացիներ բառը/ հանդիպում են Չերչիլին: Սակայն Անգլիայի վարչապետը այդքան էլ լավ չի ընկալում թե ովքեր են և որտեղից են եկվորները, փորձում է քարտեզի վրա պարզել նրանց երկրի տեղը, որը ոչ մի կերպ չի ստացվում: Չերչիլը իր օգնականին հանձնարարում է պարզել այդ երկրի տեղը և նյութեր հավաքել երկրում ապրող մարդկանց կյանքի ու պատմության մասին: Հաջորդ օրը Չերչիլի օգնականը նրան է ներկայացնում մի գիրք, որի մեջ այդ երկրի մասին ամփոփ տեղեկություններ են հավաքված: Պատմության թանգարանի աշխատակիցը ասում է, որ այժմ թանգարանի բոլոր այցելուներին այդ /Մեր Մասին/ ամփոփ գրքից մեկական օրինակ նվիրում են:
Եվ վերցնելով գիրքը հերոսը` /Մենքը/ կառք է նստում ու ճամփա ընկնում երկրով: Վեպի ողջ ընթացքում հերոսը կամ հերոսները այդ առեղծվածային /Մենքը/ կրկին վերապրում են եվ բացահայտում երկրի պատմական ու միֆական բոլոր կարևորագույն շրջափուլերը` /առասպելներ, հեթանոսություն, քրիստոնեության ընդունում, պատերազմներ, ցեղասպանություն, բանաստեղծական արվեստ և այսպես շարունակ…/:
Ճամփորդության ընթացքում մինչև վեպի ավարտը, հերոսները իրենք իրենց երկրի պատմության, մշակույթի, ինքնագիտակցության, իրենց բնավորության ու ապրելակերպի մասին հատվածներ են ընթերցում Չերչիլի օգնականի կողմից ներկայացված գրքից:
Ռուբեն Ֆիլյանը այս վեպով երկխոսում է Լոուրենս Սթեռնի, Սեմյուել Բեքեթի, Ռոբերտ Վալզերի եվ Իտալո Կալվինոյի հետ: Պատմությունը պատմելու նրա ինքնատիպ, հայ վեպի համար ակնհայտորեն նոր ոճը` վեպում միշտ ներկա աբսուրդային իրականությունը, անզգուգական հումորը, բառախաղերը, ֆանտազմները, պատկերային նրբանցումները հիմնարար փոխում են, շրջում պատմության դիտակետը, ընթերցանությունը վերածում անորսալի ու հմայող նավարկության: