2026թ․ մարտի 19–22-ը Լայպցիգի գրքի ցուցահանդեսի շրջանակներում ԱՐԻ գրականության հիմնադրամը ներկայացավ «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրով տաղավարով և միջոցառումների ծրագրով։
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է Եվրոպայի կարևորագույն գրական իրադարձություններից մեկը, որը այս տարի միավորել է հրատարակիչների, հեղինակների և ընթերցողների ավելի քան 54 երկրներից և այս տարի գրանցել է ռեկորդային՝ 313 000 այցելու։
Մարտի 20ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ ԱՐԻ Գրականության հիմնադրամի տաղավարի պաշտոնական բացումը։ Բացման խոսքում հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը կարևորեց նման միջազգային հարթակներում Հայաստանի ներկայության նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք բացառիկ հնարավորություն են մշակութային դիվանագիտության առաջխաղացման, հայ գրականության ներկայացման, թարգմանությունների խթանման և նոր համագործակցությունների ստեղծման համար։ Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր երկարաժամկետ և նոր գործընկերներին ու աջակցող կազմակերպություններին՝ ԱՐԻ գրականության հիմնադրամի ներկայությունը և միջոցառումների անցկացումը Լայպցիգի գրքի տոնավաճառում իրականություն դարձնելու համար։
Բացմանը իրենց ելույթներն ունեցան Լայպցիգի` մշակույթի և արվեստի գծով փոխքաղաքապետ Շկադի Յանիկեն, Ռան Դիտրիխ ընկերության (RDG) կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սյուզան Կուչարսկի-Հունիաթը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավ-կովկասյան գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը, ինչպես նաև բանաստեղծ և արձակագիր Անուշ Քոչարյանը։ Բացմանը ներկա էին հայկական ծրագրի միջոցառումների մասնակից ավելի քան 15 խոսնակներ, նրանց թվում հեղինակներ, թարգմանիչներ, լրագրողներ, գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտերկրյա հրատարակիչներ։ Միջոցառումն ուղեկցվեց հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ և ներկայացուցչական մթնոլորտ։
Հարկ է նշել, որ Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան Թագե Կյուլինգը իր ելույթում նշեց, որ իրենք հատկապես ուրախ են աջակցել նախաձեռնությանը, քանի որ այն իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից, ինչպես շատ այլ նախագծեր, որոնք ներկայացնում են հայկական արվեստի և մշակույթի ոլորտը միջազգային մակարդակով: Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ Ֆլորիան Բինդերը նույնպես նշեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու կարևորությունը՝ ապահովելու երկրի ներկայիս քաղաքական ուղին դեպի եվրաինտեգրում:
ԱՐԻ Գրականության հիմնադրամի այս տարվա մասնակցությունն ընթանում էր «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով միջազգային հարթակում ներկայացնել հայկական գրական ժառանգությունն ու ժամանակակից ձայները։ Տաղավարում ներկայացված էին հայ հեղինակների գրքերի գերմաներեն թարգմանություններ, մշակութային, պատմական, ինչպես նաև զբոսաշրջային բովաբդակությամբ գրքեր, քարտեզներ և բրոշյուրներ։
Տարվա գլխավոր նորությունն էր, Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի գերմաներեն հրատարակությունը Սեբաստիան Գուգոլց հրատարակչության կողմից։ Թարգմանիչ Սյուզաննա Եղոյանը առիթ ունեցավ ներկայացնել գիրքը թե՛տաղավարում և թե իր մասնակցությամբ միջոցառման ընթացքում։
Ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում ԱՐԻ գրականության հիմնադրամն անցկացրեց 5 միջոցառում՝ պանելային քննարկումների, ինչպես նաև հանրային դասախոսության ձևաչափերով։ Բոլոր միջոցառումները միտված էին միջազգային երկխոսության խթանմանը՝ ներգրավելով ոչ միայն հայազգի մասնակիցների այլև եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների՝ ստեղծելով գրականությունների միջև զուգահեռներ անցկացնելու հնարավորություն և ներկայացնելով հայ գրականությունը որպես եվրոպական մշակութային ավանդույթի և խոսույթի մաս։
Մարտի 19-ին՝ տեղի ունեցավ «Հատուկ պատվիրակներ․ թարգմանելով մշակույթը և քաղաքականությունը» պանելային քննարկումը, որի մասնակիցներն էին թարգմանիչներ Մարիամ Գուրզադյանը, Սյուզաննա Եղոյանը, Շտեֆան Հայմանը և Վիբկե Ցոլմանը։ Քննարկումը վարում էր Literarische Colloquium Berlin-ի փոխտնօրեն Յուրգեն Յակոբ Բեքերը։
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան թարգմանության դերին ոչ միայն որպես լեզվական փոխարկման, այլև որպես մշակութային և քաղաքական միջնորդության գործիք։ Նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես է թարգմանիչը հաճախ հանդես գալիս որպես «հատուկ պատվիրակ»՝ ներկայացնելով ոչ միայն տեքստը, այլև դրա հետևում կանգնած պատմական, սոցիալական և քաղաքական համատեքստը։
Բացի այդ, շեշտվեց, որ թարգմանությունը կարևոր դեր ունի նվազ ներկայացված լեզուների և գրականությունների տեսանելիության բարձրացման գործում՝ դառնալով կամուրջ տարբեր մշակույթների միջև և նպաստելով գրական երկխոսությանը։
Մարտի 20-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողություն, միգրացիա և պատկանելություն – գրական ինքնություն» պանելային քննարկումը, որի մասնակիցներն էին հայ արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը (Ֆրանսիա), բանաստեղծ Տաթև Չախյանը (Լեհաստան) և հայկական արմատներով գերմանացի գրող Լաուրա Ցվիրտնիան։ Քննարկումը վարում էր բեռլինաբնակ լրագրող և քաղաքական վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում հեղինակները անդրադարձան գրական ինքնության ձևավորմանը միգրացիայի և բազմամշակութային փորձառության համատեքստում։ Մասնակիցները կիսվեցին իրենց անձնական և ստեղծագործական փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես են տարբեր լեզուներով գրելը և այլ մշակութային միջավայրում ապրելը ձևավորում նոր ինքնություն՝ երբեմն երկակի կամ բազմաշերտ պատկանելությամբ։ Քննարկվեց նաև այն հարցը, թե արդյոք գրականությունը կարող է պահպանել ազգային հիշողությունը՝ անկախ աշխարհագրական սահմաններից։
Քննարկման ընթացքում բարձրացվեց նաև լեզվի ընտրության հարցը․ արդյո՞ք օտար լեզվով գրելը հեռացնում է հեղինակին իր արմատներից, թե հակառակը՝ ստեղծում է նոր հարթակ՝ սեփական պատմությունը միջազգային ընթերցողին հասանելի դարձնելու համար։
Հատկանշական է, որ Լաուրա Ցվիրտնիայի «Դրսում մեր անուններն ուրիշ են» վեպը այս տարի ներառվել է դպրոցականների ընթերցանության համար նախատեսված գրականության ցանկում, որպես գրական և կրթական արժեք ներկայացնող ստեղծագործություն։
«Վերաիմաստավորելով կայսրությունները՝ վերասահմանելով ինքնությունները սոցիալիստական դարաշրջանից հետո» խորագրով պանելային քննարկումն անցկացվեց մարտի 21-ին՝ Կոնրադ Ադենաուեր հարավ-կովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Մասնակիցներն էին գրողներ Արմեն Օհանյանը և Լուսինե Խառատյանը (Հայաստան), Մարի Իլյաշենկոն (Չեխիա) և Ժուստին Թոմսը (Բուլղարիա)։ Քննարկումը վարում էր անկախ փորձագետ և 15-ից ավել տարիների փորձով մշակույթի, մշակութային քաղաքականության և հետազոտությունների ոլորտների խորհրդատու, ԱՐԻ գրականության հիմնադրամի հոգաբարձուների խորհդի անդամ Յանա Գենովան (Բուլղարիա)։
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան հետխորհրդային տարածքում ինքնության վերաիմաստավորման գործընթացներին՝ հատկապես նախկին կայսրությունների ժառանգության ազդեցության ներքո։ Նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես են խորհրդային անցյալը և դրանից բխող քաղաքական, մշակութային ու լեզվական համակարգերը շարունակում ազդել ժամանակակից գրականության վրա։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց խորհրդային գրաքննության և գաղափարախոսության ազդեցությանը գրականության ձևավորման վրա։ Նշվեց, որ խորհրդային շրջանում գրականությունը հաճախ գտնվում էր խիստ վերահսկողության տակ, ինչի հետևանքով հեղինակները ստիպված էին կամ հարմարվել իշխող նարատիվներին, կամ ստեղծել «կոդավորված» տեքստեր՝ իրական ասելիքը փոխանցելու համար։
Այս համատեքստում հիշատակվեց նաև Եղիշե Չարենցը և նրա «Երկիր Նաիրի» ստեղծագործությունը՝ որպես խորհրդանշական օրինակ, թե ինչպես կարող էր պետական ճնշումը լռեցնել կամ խեղել գրական ձայնը։
Քննարկման ընթացքում կարևորվեց նաև այն միտքը, որ «կայսրությունների ավարտը» չի նշանակում դրանց ազդեցության ավարտ․ դրանք շարունակում են ապրել մշակույթի, մտածողության և գրականության մեջ՝ պահանջելով շարունակական վերաիմաստավորում։
Հայստանում Գյոթե ինստիտուտի աջացությամբ կազմակերպված «Հայ-գերմանական կապեր․ պատմություն, մշակույթ, քաղաքականություն և գրականություն» հանրային դասախոսության գլխավոր զեկուցողն էր Տիգրան Պետրոսյանը։ Իրենց ելույթներով հանդես եկան նաև Լայպցիգի քաղաքապետարանի միջազգային կապերի գրասենյակի տնօրեն Գաբրիել Գոլդֆուսը, գրող, արվեստի հետազոտող, համադրող, խմբագիր Անի Մենուան, Բեռլինի՝ Օսմանագիտության և թուրքագիտության ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր Էլկե Հարթմանը և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը։
Միջոցառման ընթացքում բանախոսները անդրադարձան հայ-գերմանական կապերի պատմական զարգացմանը՝ սկսած վաղ մշակութային և կրթական փոխանակումներից մինչև ժամանակակից համագործակցության ձևերը։ Քննարկվեց, թե ինչպես են երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները ժամանակի ընթացքում խորացել և ընդլայնվել՝ ընդգրկելով մշակույթի, գիտության, կրթության և քաղաքականության ոլորտները։
Գլխավոր զեկուցող Տիգրան Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց հայ-գերմանական հարաբերությունների մշակութային, քաղաքական և հասարակական զարգացումը։ Մյուս բանախոսները իրենց ելույթներում անդրադարձան մշակութային փոխազդեցություններին և գրական կապերին՝ ընդգծելով թարգմանության, համատեղ նախագծերի և ակադեմիական համագործակցության կարևորությունը։
Մարտի 22-ին տեղի ունեցավ «Պատկերելով կարևորը – գրքեր երեխաների համար» պանելային քննարկումը, որի մասնակիցներին էին գրող-նկարազարդողներ Հարություն Թումաղյանը, Լիլիթ Ալթունյանը, ում մասնկացությունը քննարկմանը հնարավոր դարձավ Կունստ հիմնադրամի աջակցության շնորհիվ և Արմեն Օհանյանը։ Քննարկումը վարում էր գրող, թարգմանիչ Բարբարա Լեհներերը։
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան մանկական գրականության և նկարազարդման կարևոր դերին՝ որպես գործիք, որը օգնում է երեխաների հետ խոսել բարդ և զգայուն թեմաներից։ Նշվեց, որ պատկերազարդ գրքերն ու պատմությունները հաճախ դառնում են կամուրջ ծնողների և երեխաների միջև՝ թույլ տալով առանց երեխաներին ծանրաբեռնելու, բայց միևնույն ժամանակ չխուսափելով ճշմարտությունից անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են պատերազմը, կորուստը և վախը։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց Հայաստանի նման բարդ և պատերազմ տեսած իրականության համատեքստը, որտեղ նման գրքերը դառնում են ոչ միայն կրթական, այլև հոգեբանական աջակցություն՝ օգնելով երեխաներին հասկանալ իրենց ապրումները և ձևակերպել զգացմունքները։
