Լույս է տեսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանությունը» արևմտահայերեն թարգմանությամբ

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար ծրագրի շրջանակներում լույս է տեսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանությունը» արևմտահայերեն թարգմանությամբ։

Թարգմանիչներ՝ Րաֆֆի Աճէմեան, Մինաս Լուռեան, Մարկ Նշանեան

Հրատարակիչ՝ Նյումեգ

Ստորև կարդացե՛ք թարգմանչի կենսագրությունը, ինչպես նաև կարճ տեղեկատվություն հեղինակի և գրքի մասին։

Գրքի մասին

Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ հետազոտության մեջ Սայիդը ներկայացնում է արևելագիտության պատմությունը: Մերձավոր ու Միջին Արևելքում երկար ժամանակ գերիշխող Արևմուտքը գերադաս դիրքերից էր դիտում Արևելքը՝ նրան պիտակավորելով «Orient», այսինքն՝ Արևմուտքից «տարբեր, ուրիշ»:«Արևելաբանություն»-ը դեռ այսօր էլ մնում է այս թեմայի շուրջ  ամենաազդեցիկ ուսումնասիրություններից մեկը մշակութաբանական, ինչպես նաև հետգաղութատիրական ուսումնասիրությունների ոլորտում: Սայիդը «Orientalism» հասկացության քննադատն էր՝ դրա մեջ տեսնելով Արևելքի նկատմամբ Արևմուտքի կեղծ ենթադրությունների ամբողջությունը: Այս գրքի միջոցով նա մերկացնում է արաբա-իսլամական ժողովուրդների ու մշակույթների հանդեպ եվրոպակենտրոն նախապաշարմունքները՝ ցույց տալով, թե ինչպես են Ասիայի ու Մերձավոր Արևելքի նկատմամբ արևմտյան մշակույթի մեջ արմատավորուած կեղծ ու վիպապաշտ ընկալումները ծառայում Եվրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային և կայսերական հավակնություններն արդարացնելուն:

Էդուարդ Սայիդ

Էդուրադ Ու․Սայիդը (1935-2003) պաղեստինյան արմատներով ամերիկացի գիտնական, գրաքննադատ ու քաղաքական գործիչ էր, Նյու Յորքի Քոլումբիա համալսարանի պրոֆեսոր-գրականագետ։ Իբրև մշակութային քննադատ՝ Սայիդը հայտնի է իր «Արևելաբանություն» գրքով (1978), որտեղ ներկայացնում է, թե ինչպես է Արևմուտքն ընկալում Արևելքը։ Իբրև մտավորական՝ Սայիդը Պաղեստինյան Ազգային խորհրդի խնդրահարույց անդամներից էր, քանի որ հրապարակավ քննադատում էր Իսրայելին ու արաբական երկրներին՝ հատկապես իսլամական ռեժիմները, որոնց քաղաքականությունը համարում էր սեփական ժողովուրդների ազգային շահերին հակասող։ Սայիդը Պաղեստինյան Պետության հիմնադրման ջատագով էր։

 

Րաֆֆի Աճէմեան

Ծնվել է Բեյրութում, իսկ 1987-ին հաստատվել Մոնրեալում։ Տեղի Կոնկորդիա համալսարանի շրջանավարտ է՝ ճարտարագետ մասնագիտությամբ։ Մասնակցել է նաև նույն համալսարանի փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին գրությունները լույս են տեսել «Հորիզոն» շաբաթաթերթի գրական հավելվածում՝ սկսած 1994-ից։ Ներառված է եղել վերոնշյալ շաբաթաթերթի, ինչպէս նաև Լոս Անջելեսի «Բաց նամակ» պարբերականի խմբագրական կազմում։ Աշխատել է զանազան գրական ամսագրերում և թերթերում՝ «Բագին», «Յառաջ», «Ինքնագիր» և Մարկ Նշանեանի «Կամ» հանդեսում։

Մինաս Լուռեան

Լուռեանը Վենետիկում «Հայ մշակույթի ուսումնասիրության և վաւերագրումի կենտրոնի» տնօրենն է։ Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ և սկսել է զբաղվել երաժշտությամբ, ապա, 1980-ից շարունակել է ուսումը Վենետիկում։ 1987-ից սկսել է աշխատել Veneto Musica-ում և վաղ և ժամանակակից դասական և ջազ երաժշտությամբ զբաղվող այլ երաժշտական միություններում, հաստատություններում և միջազգային փառատոններում, որտեղ հանդիսացել է հիմնադիր կամ տնօրեն։ 1991-ին Լուռեանի կողմից հիմնադրված ստուդիան ստեղծել է Հայ եկեղեցու ծիսական տարվա ամբողջական ժամերգությունների և շարականների երգացանկի ձայնային արխիվ, որոնք պահպանվել էին 18 դարի սկզբից Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանության ավանդությամբ։ Լուռեանը 2016-2019 տարիներին հանդիսացել է նաև Իտալիոյ Հայոց Միութեան համայնքային ներկայացուցչական վարչութեան նախագահը։ 

Մարկ Նշանեան

Գրքի խմբագիրն է փիլիսոփա, գրաքննադատ և թարգմանիչ Մարկ Նշանեանը։ Նշանեանը ծնվել է Ֆրանսիայում, մասնագիտացած է հայագիտության և փիլիսոփայության մեջ, դասավանդել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի լավագույն համալսարաններում։ Հեղինակել է գրականության, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների վերաբերյալ  աշխատություններ և թարգմանություններ։ 1980 թվականից հիմնել և խմբագրել է «ԿԱՄ» վերլուծական հանդեսը, որը հրատարակվել է ընդմիջումներով 1980-1986, ապա 2000- ականներին և նորից վերսկսել է հրատարակումը 2020թ-ից։ Նշանեանը այժմ բնակվում է Լիսաբոնում։