«Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն» խորագրով «Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբար, 2024

2024թ․ հունիսի 17-21-ը Երևան քաղաքում անցկացվեց «Վավերագրելով իրողությունը․ գեղարվեստական գրականություն/լրագրություն» խորագրով «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի հերթական նախագիծը։

Այն իրականացվեց «ԱՐԻ գրականության հիմանդրամի» կոմղից՝ Kalem Kultur կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ։ Նախագիծը միտված էր նպաստելու Հայաստանի և Թուրքիայի նոր սերնդի գրողների և լրագրողների միջև շարունակական երկխոսությանը՝ նրանց համար հաղորդակցման և համագործակցության հարթակ ստեղծելու միջոցով:

 

Թուրքիայից ժամանած երկուական սկսնակ գրող և լրագրող՝ յուրաքանչյուր խումբն իր մենթորի հետ (գրող՝ Ասլը Փերքեր, լրագրող՝ Ֆիլիզ Այգյունդուզ), ժամանեցին Երևան՝ մասնակցելու նախագծին։ Այստեղ նրանց միացավ հայ երիտասարդ գրողների և լրագրողների խումբը՝ ևս իրենց մենթորներով (գրող՝ Անուշ Քոչարյան, լրագրող՝ Ռուբինա Մարկոսյան)։

Նախագծի շրջանակներում անցկացվեցին միացյալ, ինչպես նաև զուտ մասնագիտական դասընթացներ, դասախոսություններ երիտասարդ գրողների և լրագրողների համար, որոնց ընթացքում ծրագրի մենթորները կիսվեցին իրենց անցած մասնագիտական ուղու, հանդիպած խոչընդոտների և դրանց հաղթահարման փորձառության, ինչպես նաև մասնագիտական յուրահատկությունների և մարտահրավերների հետ։ Ծրագրում նաև եղան հանդիպումներ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» և «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր Արևիկ Աշխարոյանի և Kalem Kultur և Kalem գրական գործակալության հիմնադիր Ներմին Մոլլողլուի հետ, ովքեր պատմեցին գրական գործակալի գործունեության մասին, ինչպես նաև «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Մարիամ Եղիազարյանը։

Նախագծի պայմանների համաձայն մասնակիցները յուրաքանչյուր օրվա ավարտին՝ ստանալով հանձնարարություն դասախոսի կողմից կամ պարզապես օրվա ընթացքում ստացած տպավորություններն ու զգացումները արտացոլելով՝ գրում էին ստեղծագործություններ, հոդվածներ կամ էսսեներ և ներբեռնում դրանք writeinarmenia.org կայքում բացված իրենց բլոգներում։

Բացի Երևան քաղաքի տեսարժան վայրերով շրջայցերից, կազմակերպվեցին նաև ճանաչողական այցեր դեպի Գառնու տաճար, Գեղարդավանք, Չարենցի կամար, Կոմիտասի տուն-թանգարան, Ցեղասպանության տուն-թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան և Մատենադարան։   

Ծրագրի վերջին օրը, մասնակիցները այցելեցին ԱՐԻ գրականության հիմնադրամի գրասենյակ և բաց խոսափող ձևաչափով ընթերցեցին իրենց գործերը։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի Ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում` Եվրոպական միության աջակցությամբ: 

KalemKulturlogoMasterENG
Logo
epf_EPF_Logo_ENG_Horiz_Blue