Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը։ Նախագիծը կառաջարկի մի շարք վեբինարներ և վերապատրաստման դասընթացներ նկարազարդողների, գրողների, ինչպես նաև այլ հետաքրքրված մասնագետների համար՝ կոմիքսների և գրաֆիկական պատմությունների ստեղծման, առաջխաղացման, մարքեթինգի, հեղինակային իրավունքի և ֆինանսական գրագիտության, բանակցային հմտությունների, գրաֆիկական լրագրության և այլ հարակից թեմաների շուրջ:
Նախագծի վերջնական արդյունքը կլինի կոմիքսների գիրք, որում տեղ կգտնեն կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները կներկայացնեն կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա:
Նախագծում ներգրավված գրողներն են Անի Ասատրյանը Հայաստանից, Եկատերինե Տոգոնիձեն Վրաստանից և Մարիչկա Պապլաուսկայտեն Ուկրաինայից: Նկարազարդողները կընտրվեն բաց մրցույթով, որի մասին շուտով կհայտարարվի: Գրքի խմբագիրն է Միխեիլ Ցիխելաշվիլին։
Մրցութային կարգով նաև ընտրվեցին պատկերապատողներ Աստղիկ Հարությունյանը Հայաստանից, Լուկա Լաշխին Վրաստանից և Սոֆիա Պոկորչակը Ուկրաինայից։
Հայաստանի ստեղծագործական թիմ

Անի Ասատրյան, արձակագիր
Անի Ասատրյանը անկախության սերնդի գրող է և «տեքստ արտիստ»։ 2014թ.-ին լույս է տեսել հեղինակի առաջին անվերնագիր՝ « » պատմվածքների և էսսեների կոնցեպտուալ- դադաիստական ժողովածուն: Ավանգարդ գրականության ժողովածուն, որտեղ ամփոփված են հեղինակի 19-21 տարիքային շրջանի սյուրռեալիստական ժանրի կարճ պատմվածքներն ու էսսեները, լույս է տեսել ամբողջությամբ ջնջված: Այդուհանդերձ, ջնջված գրքի ողջ տպաքանակը սպառվել է շնորհանդեսի օրը, իսկ մեդիա տիրույթում այն հայտնի է դարձել «չկարդալու գիրք» ձևակերպմամբ: Անին ստացել է Երևանի պետական համալսարանի մշակութային մարդաբանության բակալավրի աստիճան և Ժամանակակից արվեստի ինստիտուտի մագիստրոսի կոչում: Ունի մագիստրոսի կոչում դիմանկարների և լանդշաֆտային լուսանկարչության, բանաստեղծական վավերագրական ֆիլմերի ստեղծման և թվային մեդիա պատմությունների բնագավառում Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանից: Անին ստեղծագրություն է դասավանդում ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնում։ Նրա վերջին հրապարակումներին կարելի է ծանոթանալ Մեդիումի նրա էջում:
Աստղիկ Հարությունյան, պատկերազարդող
Աստղիկ Հարությունյանը կոմիքսների պատկերապատող է։ Այդ արվեստը յուրացրել է École Européenne Supérieure de l’Image-ում։ Սովորել է անիմացիա Banzay production-ում, ապա աշխատել որպես խաղերի, անիմացիայի և ֆիլմերի նկարազարդող։ Ցուցադրել է իր աշխատանքները Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնում։ Մասնակցել է Tales of Neto խաղի և կոմիքսի ստեղծմանը, որն ապա ներկայացվել է Լուկայի խաղերի և կոմիքսի փառատոնին և արժանացել NICE awards-ի հատուկ մրցանակին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Հայարտ» մշակութային կետնրոնում Katapult էքսպոյի շրջանակներում, Ռեանիմանիա կոմիքսների և անիմացիայի փառատոնին, տպագրվել են «Երևան» ամսագրում և «Առավոտ» օրաթերթում։ Այժմ հանդիսանում է ԹՈՒՄՈ Ակադեմիայի անիմացիայի էքսպերտ-դասընթացավար։

Վրաստանի ստեղծագործական թիմ

Էկատերինե Տոգոնիձե, արձակագիր
Վրացի լրագրող, գրող, դասախոս և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Էկատերինե Տոգոնիձեն ծնվել է 1981թ․ Թբիլիսիում: Տոգոնիձեն իր գրական դեբյուտը կատարել է 2011թ․ իր «Անեստեզիա» պատմվածքների ժողովածուով, ներմուծելով վրաց գրականության մեջ հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման: 2012թ․ գիրքն ստացավ SABA գրական մրցանակը՝ տարվա լավագույն դեբյուտի համար։ Էկատերինեն նաև ճանաչվել է տարբեր գրական մրցույթների հաղթող, այդ թվում՝ տարվա լավագույն պատմվածք անվանակարգում (Սուլակաուրի հրատարակչական մրցանակ), Լավագույն պատմություն (Գրական ամսագիր) և սցենարի մշակման համար (Վրաստանի ազգային կինոկենտրոն): Նա ստացել է Գրողների տան ստեղծագրության կրթաթոշակ և մասնակցել է Բեռլինի Literarisches Colloquium Berlin (LCB) կացության ծրագրին: Նրա առաջին «Ասինխրոնիա» վեպը թարգմանվել է գերմաներեն։ Նրա վերջին՝ «Շին-Շեն» վեպը անմիջապես լույս տեսնելուց հետո դարձավ բեսթսելեր։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են վրացական և արտասահմանյան ամսագրերում, թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, չեխերեն, ռուսերեն և աբխազերեն։
Լուկա Լաշխի, պատկերապատող
Վրացի արվեստագետ Լուկա Լաշխին լավ տիրապետում է պատկերազարդման, սցենարների, վիզուալ պատմվածքների, նկարչության և ֆիլմարտադրության արվեստներին: Լուկա Լաշխին մասնակցել է կոմիքսների տարբեր կացության ծրագրերի, արվեստի և հրատարակչական նախագծերի։ Անցած չորս տարիների ընթացքում հրատարակել է չորս կոմիքս գրքեր։ «Վիզուալ պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից» նախագծին մասնակցելու Լուկա Լաշխիի գլխավոր նպատակն է նպաստել Վրաստանում կոմիքսների ժանրի զարգացմանը և ստեղծել իր կարևորագույն կոմիքսը։

Ուկրաինայի ստեղծագործական թիմ

Վիրա Կուրիկո, արձակագիր
Վիրա Կուրիկոն ուկրաինացի լրագրող, թղթակից և գրող է։ Նա գրել է պատմվածքների ժողովածու, որում ներառված է «Ներգրավվածների փողոցը. Լուկիանենկոյի գործը Չեռնիգովից» պատմվածքը, ինչպես նաև պատմական նոն-ֆիքշն երեխաների համար՝ «Մազեպա. Իրավունքներ Սաբրին» և մեկ այլ նոն-ֆիքշըն՝ «Առողջ մարդու վերափոխումը» վերնագրով։ Նա Reporters, The Ukrainians Media, Lokalna Istoria (Տեղական պատմություն), Ukrayinskiy Tyzhden (Ուկրաինական շաբաթ), Ukrainska Pravda ուկրաինական լրատվամիջոցների թղթակից է և սյունակագիր: Նրա տեքստերը տպագրվել են նաև գերմանական, լեհական և չեխական լրատվամիջոցներում։ Վիրան առաջադրվել է BBC-2020 «Տարվա գիրք» գրական մրցանակին, 2020 թ․ LitAccent մրցանակի դափնեկիր է, Chest’ Profesiyi 2020 (Մասնագիտության պատիվ) մրցույթի հաղթող «Ռեպորտաժ» անվանակարգում: Նա «Փետրվարի 77 օրը. ապրել և մահանալ Ուկրաինայում» լրագրող-հեղինակների համատեղ գիրք-հավաքածուում ներառված մի քանի ռեպորտաժների հեղինակ է: 2022 թ․ աշխատել է որպես վավերագրող «Հաշվարկային նախագիծ. Ուկրաինան վկայություն է տալիս՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների փաստագրման համար» նախագծում: Նա Չեռնիգովի բնակելի թաղամասի առաջին ռմբակոծության մասին ռեպորտաժի հեղինակն է, որը ներառվել է «Իմ կյանքի ամենասարսափելի օրերը» գրքում։
Սոֆիա Պոկորչակ, պատկերապատող
Սոֆիա Պոկորչակը նկարիչ և պատկերազարդող է Լվիվից։ Ի․ Տրուշի անվան Դեկորատիվ և կրառական արվեստի քոլեջն ավարտելուց հետո ստացել է բակալավրի կոչում Լվիվի արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի ֆակուլտետում։ Այնուհետև սովորել է անիմացիա, դիզայն և մուլտիմեդիա Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սկսել է ստեղծել իր կոմիքսները։ Նա աշխատել է գրաֆիկական դիզայնի և նկարազարդման ոլորտում՝ ամսագրերից և գովազդային նկարազարդումներից մինչև մանկական գրքերի գրաֆիկա։ 2021թ․ սկսեց աշխատել նորաձևության դիզայնի ոլորտում՝ որպես տպագիր դիզայնի ստեղծող, իսկ 2023թ․՝ 2D անիմացիոն նկարիչ, ինչով էլ մինչև հիմա զբաղվում է։


Միխեիլ Ցիխելաշվիլի, խմաբգիր [Վրաստան]
Միխեիլ Ցիխելաշվիլին վրացի գրող է, թարգմանիչ և կոմիքսների խմբագիր։ Ստացել է գեղարվեստի բակալավրի որակավորում Թբիլիսիի պետական համալսարանից և մշակութային կառավարման մագիստրոսի կոչում Իլիայի պետական համալսարանից: Ցիխելաշվիլին 7 տարի աշխատել է Սուլակաուրի հրատարակչությունում՝ որպես թարգմանական գրականության խմբագիր և հեղինաքային իրավունքների ձեռքբերման գծով մենեջեր։ Հետագայում նա միացավ «Ազատություն» ռադիոկայանի թիմին որպես արխիվի համակարգող: 2019 թվականի սեպտեմբերին իր առաջին վեպը հրապարակելուց հետո Ցիխելաշվիլին շարունակում է գրել, զուգահեռ սկսում է թարգմանական գործունեությունը, ինչպես նաև աշխատում է սցենարների խմբգրման վրա: Նրա պորտֆոլիոն ներառում է վեպ, պատմվածքների ժողովածու, երկու կոմիքսների գիրք, ութ թարգմանված գիրք, երկու ֆիլմի սցենար և տասնյակ հոդվածներ։ Ներկայումս նա ապրում և աշխատում է Պորտուգալիայի Պորտու քաղաքում։
Իրականացնող գործընկերներ

ԱՐԻ գրականության հիմնադրամ [Հայաստան]
«ԱՐԻ գրականության հիմնադրամը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել հայ գրքաշուկայի զարգացմանը, Հայաստանում ստեղծագրության և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայ գրականության և մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում: «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հիմնական նպատակն է ստեղծել բազմամշակութային երկխոսություններ՝ բարձրացնելու գրականության դերը տարածաշրջանային համատեքստում՝ Հայաստանը դարձնելով ակտիվ գործընկեր համագործակցության գրական հարթակներ ձևավորելու գործում։ «ԱՐԻ գրականության հիմնադրամն» ունի մեծ փորձ և հաջողության պատմությունների հրաշալի շարք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության (Պորտուգալիա), Կոնրադ-Ադենաուեր հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ միջազգային և տեղական նախագծերի իրականացման գործում։
Վրաստանի գրական նախաձեռնություն (Literature Initiative Georgia) [Վրաստան]
«Վրաստանի գրական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի խթանել միջմշակութային երկխոսությունը, զարգացնել գրական և մշակութային հարաբերություններն ու գրական գործընթացը Վրաստանում, իրականացնել նախաձեռնություններ և նախագծեր՝ ամրապնդելու խոսքի և արտահայտման ազատությունը, ինչպես նաև ստեղծել քննարկման հարթակներ` գրական և գեղարվեստական ոլորտների ներկայացուցիչների համար: LIG-ն աշխատել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Գյոթե ինստիտուտի և այլ գործընկերների հետ:
Կոմորա հրատարակչություն (Komora publishing house) [Ուկրաինա]
«Կոմորա» հրատարակչությունը հիմնադրվել է 2013 թվականին: Հրատարակչության կարգախոսն է «Այն, ինչ մնում է», որն արտացոլում է Կոմորայի քաղաքականությունն ու բիզնես ռազմավարությունը՝ հրատարակել բարձրորակ տպագիր գրքեր նախատեսված անձնական գրադարանների և ընթերցողների մի քանի սերունդների համար: Ինը տարվա աշխատանքից հետո «Կոմորայի» կատալոգը ներառում է ավելի քան 90 գիրք: Հրատարակչությունը մասնագիտացած է ուկրաինական և համաշխարհային գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականության մեջ, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից՝ փորձելով ուկրաինացի ընթերցողին ծանոթացնել ուշադրության արժանի (նաև ոչ լայն տարածում ունեցող) անուններին, իրադարձություններին և միտումներին՝ դրանով իսկ նպաստելով ընթերցանության ազգային չափանիշների աճին: Կոմորան ակտիվորեն աշխատում է ժամանակակից մտավորականության համար կարևոր նախագծերի վրա։
Աջակից գործընկերներ

