«Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի շրջանակներում 2023թ․ նոյեմբերի 25-ին Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի և ԱՐԻ գրականության հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպվեց աշխատաժողով, որն անցկացվեց Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ծրագրի առաջին փուլը, որը շուտով եզրափակվում է, խոսել նախագծի ընթացքի, մարտահրավերների մասին, ինչպես նաև հայտարարել ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Քննարկվեցին նաև այն հնարավոր քայլերը և գործիքակազմը, որոնք պետք է օգատգործվեն երկրորդ փուլն ավելի հարթ և արդյունավետ դարձնելու համար:
Հանդիպման մասնակիցներն էին հանձնախմբի անդամները, Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին
փուլի թարգմանիչները, խմբագիրները, ինչպես նաև Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական
բաժանմունքի եւ ԱՐԻ գրականության հիմնադրամի թիմի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ մշակվեց աշխատանքային օրակարգ,
որը ներառում էր երեք հիմնական ուղղություններ՝ թարգմանության ընթացքը, բովանդակությունը
և վարչական հարցերը, որոնք էլ մանրամասն
քննարկվեցին։
Քննարկումն արդյունավետ էր ծրագրի առաջին փուլից քաղված դասերի առումով։ Արվեցին նաև նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնվեն մատենաշարի երկրորդ փուլի պլանավորման և իրականացման ժամանակ: