Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով լույս տեսած Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը։

Հանդիպմանը ներկա էին գրքի թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանը, ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, Սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, դասախոսներ և ուսանողական գիտական խորհրդի ուսանողներ։

Հանդիպմանը քննարկվեցին ժամանակակից փիլիսոփաների գործերի հայերեն թարգմանություների, մասնագիտական բառարանների խիստ անհրաժեշտության և եզրաբանական նոր բառապաշարի ստեղծման ու շրջանառության մեջ դնելու հետ կապված հարցեր։

Արթուր Մկրտիչյանը շեշտեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը, հայերենով դեռևս չհրատարակված փիլիսոփաների, մտածողների գործերի առկայության անհրաժեշտությունը համալսարանների գրադարաններում, քանի որ ուսանողները շատ դեպքերում ստիպված են լինում ընթերցել համապատասխան գործը գրադարանում առկա այլ հասանելի թարգմանական լեզուներով։

Համագործակցությունը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ կլինի շարունակական ու հաջորդ հանդիպումներին կընդգրկվեն նաև ուսանողներ և դասախոսներ փիլիսոփայության, լրագրության և այլ հումանիտար գիտությունների ֆակուլտետներից։