Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի գրքերի շնորհանդես
Ապրիլի 28-ին, ժամը 19։00, Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին երկու հրատարակված գրքերի շնորհանդեսը։ Ջորջօ Ագամբէնի «Մնացորդք Աւշուիցի. Արխիւը եւ վկան», որի թարգմանիչն է Մարկ Նշանեանը հրատարակվել է Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից։ Իսկ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը. Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի շուրջ» գրքի թարգմանիչն է Հրաչյա Ստեփանյանը, հրատարակիչը՝ Անկյունաքարը:
Ինչպես առցանց, այնպես էլ առկա կերպով շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, թարգմանիչներ խմբագիրներ, հրատարակիչներ և թարգմանական մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի անդամներ:
Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական բաժանմունքի ղեկավար Պարոն Փանոսեանը բացման խոսք ասեց և ողջունեց միջոցառման մասնակիցներին։Ապա ներկայացվեց Մարկ Նշանեանի տեսաուղերձը, որն ընդգծում էր մատենաշարի կարևորությունը` հատկապես թարգմանության միջոցով հայերեն լեզվի զարգացման հնարավարությունների առումով։ Հրաչյա Ստեփանյանը նույնպես ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Հաբերմասի աշխատության թարգմանության կարևորությանը և թարգմանության ընթացքում առաջացած մարտահրավերների հաղթահարմանը։
«Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի նպատակն է հիմնարար հումանիտար և գիտական տեքստերը հասանելի դարձնել հայերեն թարգմանությամբ: Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի կողմից նախաձեռնած թարգմանական մատենաշարի նախագիծը համակարգում է «ԱՐԻ» գրականության հիմնադրամը: Մինչև տարվա վերջ մատենաշարով լույս կտեսնեն նաև Ժան Ֆրանսուա Լյոտարի, Ալան Բադյուի, Միշել Ֆուկոյի և Հաննա Արենդի գործերը։ Ավելին ծրագրի մասին կարող եք կարդալ այստեղ։