«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծ։ Այցելություն Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Հունիսի 15-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. նկարազարդ գրքեր» նախագծի մարզային այցերի շրջանակներում այցելեց Գեղարքունիքի մարզային գրադարան՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։

 

Հանդիպեցինք տարբեր դպրոցների տարբեր տարիքային խմբերի երեխաների, ինչպես նաև նրանց ուսուցիչների ու ծնողների հետ։ 

 

Շատ հետաքրքիր զրույց ունեցանք մանկական գրականության, ընթերցանության կարևորության և դրա խթանման մասին։ Երեխաները մեծ ոգևորությամբ ընթերցեցին գրքերը և ասացին, որ հանդիպումն իրենց նվիրեց բարությամբ լի րոպեներ, որոնք դեռ երկար կհիշեն ու որոնցով կկսիվեն իրենց ընկերների, ընտանիքի անդամների հետ։

Գրադարանում երեխաներին ցուցադրեցինք նաև Հայկ Հոբոսյանի մասին պատմող ֆիլմը, որը նրանք մեծ հետաքրքրությամբ դիտեցին։

Հանդիպմանը հյուր էր եկել նաև Գավառում բնակվող Գևորգ Աֆրիկյանը, ում մոտ վաղ տարիքում ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված։ Երեխաների հետ կիսվելով իր կյանքի պատմությամբ` նա նշեց, որ իր հաշմանդամությունը երբևէ չի խոչընդոտել իր նպատակներին հասնելուն։ Ծնողների և ուսուցիչների օգնությամբ ու անվերապահ աջակցությամբ Գևորգը կարողացել է հաղթահարել իր կյանքում հանդիպած գրեթե բոլոր դժվարությունները։ Նա եռամարտի բազմակի չեմպիոն է, Հայաստանի Ալպինիստների միության անդամ, սովորում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում։ 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ կամավորագրվել է՝ պատերազմին մասնակցելու համար։ Թեև մարտի դաշտում չի եղել, սակայն ողջ պատերազմի ընթացքում զինվորներին մատակարարել է անհրաժեշտ պարագաներով։

Այժմ Գավառում հիմնում է մարզասրահ զինհաշմանդամների համար, որի բացումը հավանաբար կլինի դեկտեմբերին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզային գրադարանին՝ ի դեմս տնօրեն Մարիամ Համբարձումյանի, հանդիպումը բարձր մակարդակի վրա կազմակերպելու և մեզ հյուրընկալելու համար։