Եզրափակելով 2024 թվականը

Տարին մոտենում է ավարտին, և մենք ցանկանում ենք ձեզ ուղղել մեր ամենաբարի մաղթանքները Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ։ Թող այս կախարդական տոների ջերմությունն ու բերկրանքը սկիզբ լինի նոր նախաձեռնությունների, բազմաթիվ հաջողության պատմությունների և համագործակցությունների։ Մաղթում ենք ձեզ ուրախ օրեր՝ պարուրված սիրով, երջանկությամբ և խաղաղությամբ։ Թող 2025-ը հնարավորություն տա բոլորիս մեծարել գրականության ուժը միասին։

Ծրագրերի մասին

Կարլո Գինսբուրգը Հայաստանում

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

Տարվա սկզբին մեկնարկեց Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական  մատենաշարի երկրորդ փուլը, որի նպատակն է հայերեն թարգմանել հիմնարար հումանիտար, գիտական, մշակութային և թարգմանության մասին պատմող10 կարևոր գրքերը։ Այս փուլի առաջին՝ Կարլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը» գիրքը լույս տեսավ 2024-ի սեպտեմբերին։ Երևանյան շնորհանդեսին ներկա էր ինքը՝ հեղինակը։

Գրենք Հայաստանում ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի հատուկ մեկնարկը տրվեց հունիսի 17-ին։ Դրա խորագիրն էր «Վավերագրելով իրողությունը․ գեղարվեստական գրականություն/լրագրություն»։ Նախագիծն իրականացվեց Kalem Kultur կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագիրը միտված էր նպաստելու Հայաստանի և Թուրքիայի նոր սերնդի գրողների և լրագրողների միջև շարունակական երկխոսությանը։ Դիտեք նախագծի մասինպատմող տեսանյութն այստեղ։

Ներառական կոմիքսներ։ Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում իրականացվող Ներառական կոմիքսներ․ վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից նախագծին մեկնարկ տրվեց 2023-ին։ Այս տարվա ընթացքում նախագծի շրջանակներում անցկացվեցին մի շարք վեբինարներ, ինչպես նաև կազմակերպվեցին կացության ծրագրեր Հայաստանում, Գերմանիայում և Նիդերլանդներում՝ ծրագրի պատկերապատողների, գրողների և խմբագրի համար։ Նախագծի վերջնարդյունքը՝ այն է երեք տարբեր պատմություն պարունակող կոմիքսների գիրքը, լույս կտեսնի 2025-ին։ 

Վեբինարներ Ներառական կոմիքսներ։ Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից ծրագրի շրջանակներում

«Սևծովյան պատմություններ» միջմշակութային գրական նախագիծ

2023-ին ԱՐԻ գրականության հիմնադրամը դարձավ Երևանի Գյոթե ինստիտուտի գործընկեր «Սևծովյան պատմություններ» միջմշակութային գրական նախագծի շրջանակներում։ Այն աջակցում է սևծովյան տարածաշրջանի՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի հեղինակների միջև երկխոսությանը՝ համախմբելով նրանց տարբեր հիմնահարցերի շուրջ, որոնք հատկապես վերաբերում են տարածաշրջանաին։ Նախագծի հայաստանյան կացության ծրագիրը տեղի ունեցավ 2024-ի հուլիսին։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես

Արդեն երկրորդ տարին է, ինչ ԱՐԻ գրականության հիմնադրամը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ պանելային քննարկում է կազմակերպում Ֆրանկֆուտի գրքի ցուցահանդեսի շրջանակներում։ Այս տարվա պանելային քննարկման խորագիրն էր «Տեղի փնտրտուքներում․ հայ գրականությունը Եվրոպայում»  (հետևեք հղմանը տեսագրությունը դիտելու համար)։ Քննարկման բանախոսներն էին գրողներ Անուշ Քոչարյանը, Արամ Պաչյանը, Սարգիս Հովսեփյանը, գրաքննադատ Տիգրան Ամիրյանը։ Պանելային քննարկումը մոդերացնում էր Բեռլինի գրական կոլոքվիում (Literarische Colloquium Berlin) կազմակերպության փոխտնօրեն Յուրգեն Յակոբ Բեքերը։

ԱՐԻ հրատարակչություն

2024-ին հրատարակվեցին հետևյալ երեք գրքերը՝

 

Առաջինը Յան Շենկմանի «Մեզ մոտ՝ Երևանում» արտագաղթի, Հայաստանի, պատերազմի մասին տխուր և միաժամանակ զվարճալի պատմությունն է, որը հիմնված է անձնական փորձի վրա և կապակցված է նույն լիրիկական գլխավոր հերոսի հետ և գրված է հեղինակի մայրենի լեզվով՝ ռուսերենով։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս տեսավ դեկտեմբերին։

ԱՐԻ հրատարակչությունը հրատարակեց նաև Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն»-ը։ Ֆիլյանի  «Քո երկրի դեսպանը» վեպը հրատարակվել էր ԱՐԻ-ի կողմից 2023-ին։ Մենք շարունակելու ենք այս շարքը՝ ներառելով խորհրդային շրջանի այլ հեղինակների ստեղծագործություներ, ինչպիսիք են Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը», որը լույս կտեսնի 2025-ի հունվարին։

Yan Shenkman
Yan Shenkman
Անծանոթ ինքնակենսագրություն, Ռուբեն Ֆիլյան

Դրամահավաք «Հայաստանյան գրական ոդիսական» ծարգրի համար

2023-2024 թվականների ընթացքում ԱՐԻ գրականության հիմնադրամը կապեր է հաստատել «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) հետ` կազմակերպություն, որը տրամադրում է անհրաժեշտ փորձագիտական և մարդկային ռեսուրսներ՝ աջակցելով անհրաժեշտ համագործակցությունների ստեղծմանը և կարևոր նախագծերի իրականացման համար դրամահավաքների կազմակերպմանը: ԱՐԻ գրականության հիմնադրամի երկարաժամկետ՝ «Հայաստանյան գրական ոդիսական» նախագիծը առաջադրվել է ASOF-ի կողմից՝ հետագա ֆինանսավորում ստանալու և իրականացվելու համար։

Հիմնադրվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները դրամահավաքի հնարավորություն ստեղծելու և ֆինանսավորողների, կառավարության և իրականացնող կազմակերպության հետ թափանցիկ համագործակցություն ունենալու համար։ Այս բազմատարր նախագծի նպատակն է խթանել հայ գրականության և մշակույթի տարածումը ամբողջ աշխարհով։ Ծրագրի վերջնարդյունքի տեսլականն է՝ Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսի պատվո հյուր։

Նախագծի մասին ավելին իմանալու համար՝ կարող եք դիտել նախագծի մասին տեսանյութը: Ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատեք ԱՐԻ գրականության հիմնադրամի հետ [email protected] էլ․ հասցեով կամ ASOF-ի մշակութային բաժնի՝ SIREH-ի հետ [email protected] էլ․ հասցեով։

Եթե ​​ցանկանում եք կատարել հարկերը նվազեցվող նվիրատվություն ԱՄՆ-ից, կարող եք միջոցներն ուղարկել մեր գործընկերոջը՝ «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամին» (ASOF), որը 501(c)(3) տեսակի շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գրասենյակներ ունի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում։

 

Անհամբեր սպասում ենք 2025-ին, որի ընթացքում մեր գործընկերների և ընկերների հետ միասին կրկին կկարողանանք փոփոխությունների նախաձեռնող դառնալ։