«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծ։ Այցելություն Դիլիջանի N6 հիմնական դպրոց

Մայիսի 3-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի մարզային այցերի շրջանակներում այցելեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցը՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։ Գրքերի հեղինակն է Գայանե Աղաբալյանը, նկարազարդողը՝ Լուսինե Սահակյանը։

Տեղի ունեցավ երկու հանդիպում՝ նախ դպրոցի աշակերտների, իսկ հետո ուսուցիչների հետ։ Աշակերտներն ընթերցեցին և ակտիվորեն քննարկեցին, մեկնաբանեցին գրքերը, խոսեցին բարության, անաչառ ընկերության, երազելու և նպատակներին հասնելու կարևորության մասին։

Ուսուցիչների և դպրոցի տնօրենի հետ զրուցեցինք իրենց դպրոցում ներդրված և արդեն քանի տարի գործող ներառական կրթական համակարգի բոլոր դրական արդյունքների և դժվարությունների մասին։

Դպրոցի տնօրեն տիկին Դեմիրճյանը նշեց, որ իրենց դպրոցում 124 աշակերտից 6ը հատուկ կարիքներով երեխաներ են։ «Երեխաները խնդիր չունեն իրենցից տարբերվող, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։ Տարիներ առաջ, երբ մեր դպրոցը դարձավ ներառական մեզ մոտ տեղափոխվեցին Դիլիջանի հատուկ դպրոցի սաները ու շատ կարճ ժամանակում ներառական ուսուցումը սովորական եևույթ դարձավ։ Այնուամենայնիվ, մենք չունենք հատուկ ներառական մանկավարժների թիմ, միայն մեկ հոգեբան, բայց մեր մանկավարժները ամեն ջանք գործադրում են, որպեսզի հաղթահարեն առաջացող դժվարությունները»։

Ուսուցիչների մեկը նշեց, որ այս երեխաները բարություն են բերել դպրոց՝ մյուս երեխաներին սովորեցնելով միմյանց օգնել և հավասարի պես վերաբերվել մեկը մյուսին։

Գրքերը նվիրեցինք աշակերտներին, ինչպես նաև դպրոցի գրադարանին ու հոգեբանի աշխատասենյակին։ Հանդիպման վերջում դպրոցի աշակերտները անակնկալ մատուցեցի մեզ՝ ներկայացնելով պարեր, երգեր։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դիլիջանի թիվ 6 դպրոցի տնօրեն Վիկտորյա Դեմիրճյանին հանդիպումը բարձր մակարդակի վրա կազմակերպելու և մեզ հյուրընկալելու համար։