Մայիսի 29- հունիսի 2-ը անցկացվեց ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում իրականացվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի առաջին կացության ծրագիրը՝ այս անգամ Գերմանիայի Նյուրնբերգ և Էրլանգեն քաղաքներում։ Կացության ծրագրի ամսաթվերը ընտրվել էին հատուկ այնպես, որ ծրագրի մասնակիցները կարողանան ոչ միայն աշխատել նախագծի վրա, այլև մասնակցել Կոմիքսների ամենամյա միջազգային փառատոնին, որն անցկացվում է Գերմանիայի Էրլանգեն քաղաքում: Բացման օրը՝ մայիսի 30-ին, նրանք մասնակցեցին տարբեր միջոցառումների, պանելային քննարկումների, հանդիպեցին կոմիքսների հրատարակիչների, ինչպես նաև մի քանի անվանի պատկերապատողների հետ:
Մայիսի 31-ին տեղի ունեցավ հանդիպում ծրագրի մենթոր Ռեյնհարդ Քլայսթի հետ։ Հայ, վրացի և ուկրաինացի հեղինակները նրան ներկայացրին իրենց պատմությունները, որից հետո պատկերապատողները ցույց տվեցին նրանիրենց նախնական աշխատանքները։ Ռեյնհարդը կիսվեց խորհուրդներով և իր մասնագիտական փորձով ինչպես գրողների, այնպես էլ պատկերապատողների հետ, ինչպես նաև ուղղություն տվեց, թե ինչպես կարելի է աշխատանքը ճիշտ հունով տանել և ավարտուն տեսքի բերել: Քանի որ Ռեյնհարդը պատկերապատող է, նա հատուկ ուշադրություն դարձրեց նախագծի պատկերապատողների կատարած աշխատանքներին՝ ներկայացնելով և քննարկելով բազմաթիվ մասնագիտական նրբություններ, մասնավորապես՝ տարածաշրջանին անծանոթ ընթերցողների կողմից պատմվածքների ընկալման հետ կապված հարցերը։
Ամբողջ կացության ծրագրի ընթացքում նախագծի խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին աշխատեց յուրաքանչյուր թիմի հետ՝ աշխատանքները հղկելու և որոշ փոփոխություններ կատարելու ինչպես սցենարների, այնպես էլ պատկերապատման համատեքստում:
Կացության ծրագիրը համակարգեցին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» տնօրեն Արևիկ Աշխարոյանը և նախագծի համակարգող Աննա Բաղրամյանը։
Քանի որ թիմային շփումը ցանկացած կացության ծրագրի և հատկապես համատեղ աշխատանքի կարևոր բաղադրիչն է, մասնակիցների համար կազմակերպվեցին մի շարք մշակութային այցեր, որոնց ընթացքում նրանք ծանոթացան Նյուրնբերգի պատմամշակութային վայրերի հետ, այցելեցին Նյուրնբերգյան դատավարության թանգարանը, Ալբրեխտ Դյուրերի տուն-թանգարանը և Ազգային թանգարանը: