Համագործակցություն Մաշտոց հրատարակչության հետ և մարզային զարգացման ծրագրեր

Նոյեմբերի 27-ին «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և ԱՐԻ գրական գործակալության ամբողջ կազմը, ինչպես նաև թարգմանիչ և խմբագիր Սևակ Ղազարյանը Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամի Սրբազանի հրավերով հյուրընկալվել էին Եղեգնաձոր քաղաքում:

Հրավերի նպատակն էր ծանոթանալ Վայոց ձորում ձևավորված թարգմանական խմբերի հետ և քննարկել նրանց հետագա գործունեությունը և համագործակցության հնարավորությունները։ Սրբազանի նախաձեռնությամբ հավաքագրվել էին անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների մասնագետներ, ովքեր ցանկություն ունեն փորձել իրենց ուժերը թարգմանական գործում։ Մաշտոց հրատարակչությունը, որ ստեղծվել է թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ, կազմակերպում և հրատարալում է թարգմանությունները, տարբեր հնարավորություններ ստեղծում թարգմանիչների համար՝ զարգացնելու իրենց հմտությունները, նաև ունենալ աշխատանք։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին թարգմանչական, և հրատարակչական գործընթացում հանդիպող խոչընդոտներն ու խնդիրները: «ԱՐԻ» գրական գործակալության և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Արևիկ Աշխարոյանը ներկայացրեց հեղինակային իրավունքի հետ կապված կարևոր հարցեր, որ յուրաքանչյուր թարգմանիչ պետք է իմանա։ Խոսվեց նաև հայկական գրաշուկայի ներկա իրավիճակի, պահանջարկի և առաջարկի, ինչպես նաև բացերը լրացնելու անհրաժեշտության մասին։
Սևակ Ղազարյանը, ով սիրով համաձայնեց հետագայում համագործակցել անգլերեն լեզվի թարգմանիչների խմբի հետ որպես խմբագիր, խոսեց խմբագրման կարևորության և թարգմանիչ խմբագիր համագործակցության մասին: Ընտրվել են նաև խմբագիրներ մյուս լեզվական խմբերի համար։

Հանդիպման վերջում «ԱՐԻ» գրականության հիմնադրամը անգլերենի ուսուցման և գիտելիքների կատարելագործման համար դասագրքեր և գրքեր նվիրաբերեց, որոնք տեղ կգտնեն հրատարակչության գրադարանում և կօգտագործվեն թարգմանիչների կողմից: Նաև գրքեր հանձնվեցին Եղեգնաձորի համալսարանում գործող անգլերեն լեզվի խմբակի երեխաներին։ Գրքերը «ԱՐԻ» հիմնադրամին տրամադրել էր մեր հայրենակից Էյլին Ադամյանը Սան Ֆրանցիսկոյից, ով անգլերենի դասախոս է և պարբերաբար գրքեր է բերում Հայաստան և վերապատրաստում ուսուցիչների, ինչպես նաև Անետ Ստեփանյան, ով հավաքում է անգլերեն լեզվով մանկական գրքեր և պարբերաբար ուղարկում Հայաստան։ Տիկին Ադամյանը հանձն առավ 2022թ․-ի ընթացքում ուղարկել նոր գրքեր՝ Մաշտոց հրատարակչության գրադարանը համալրելու և թարգմանիչների խմբերի վերապատրաստմանը աջակցելու նպատակով։

Այնուհետև ԱՐԻ թիմը ուղևորվեց Եղեգնաձորի արվարձանում գտնվող և Վայոց Ձորի թեմի հովհաննու ներքո գործող պատանեկան ճամբար: Այստեղ են հյուրընկալվում մարզի սահմանամերձ գյուղերից պատանիներ, ոնքեր անցնում են ինքնապաշտպանական և այլ մասնագիտական և հմտությունների զարգացման դասընթացներ: Նրանց հետ զրույցը գրքերի, ընթերցանության կարևորության և մասնագիտական նախընտրությունների մասին էր:

ԱՐԻ հիմնադրամի և գործակալության թիմի անդամները տպավորված էին Աբրահամ Սրբազանի նախաձեռնողականությամբ և Մաշտոց հրատարակչության աշխատակիցների արհեստավարժությամբ։

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը համագործակցելու է Մաշտոց հրատարակչության, «Սյունիք-Զարգացում»ՀԿ-ի և Վայոց Ձորի թարգմանիչների խմբերի հետ, ինչպես նաև Վայոց ձորում և մասնավորապես Եղեգնաձորի համալսարանում և ճամբարում գրադարանների ստեղծման և ընթերցանության խթանման ծրագրերի իրականացման հարցերում։