«Եթե սա գրող է»՝ Արամ Պաչյանի ուղերձը Եվրամիության գրական մրցանակաբաշխության առիթով

Եթե սա գրող է

2020 թվականի սեպտեմբերի 26-ին իմ նոր վեպի՝ «P/F»-ի շնորհանդեսն էր. ժամեր անց սկսվեց հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը: Նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց: 2021 թվականի նոյեմբերի 9-ին Եվրոպական միության գրական մրցանակի հանձնման արարողությունն է: Մրցանակը կասկած է: Անարդար է, երբ հաղթում ես: Անարդար է, երբ պարտվում ես: Ես արժանացել եմ այս մրցանակին, որին արժանի չէր ո՛չ իմ վեպը, ո՛չ ես՝ իբրև հեղինակ: Վստահաբար մոտ ապագայում հայ գրականության տաղանդաշատ հեղինակները կլրացնեն այս բացը և կհագեցնեն աներևույթ արժեքների տեսանելի անոթը:

Վերջին պատերազմում ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքեր կիրառեց, որոնց պայթյուններից մարդկային մարմինը բաժանվում է հազարավոր մասերի: Անօդաչու թռչող սարքը մարդուն զրկում է մարմին ունենալու, մարմին ամբողջացնելու հնարավորությունից: Ձեն-բուդդայական մի տեքստում ասվում է՝ «Մարդն իր մարմինը չէ»: Անօդաչու թռչող սարքը և այն կիրառողները ոչ միայն բառի բուն իմաստով են հասկացել սա, այլև կյանքի են կոչել խորը հոգևոր ապրումը որպես «մերկ ճշմարտություն»:

Պրիմո Լևիի օսվենցիմյան գրքի վերնագիրը վերապահումի ստվերն է՝ «Եթե սա գրող է»: Վեպիս «P/F»-ի մասին քանիցս լսել եմ՝ «Եթե սա վեպ է», «Եթե նման վեպ լինում է»: Ցաքուցրիվ սփռված բեկորներ, որոնք զուրկ են ինքնությունից, որոնք ոչ գրական են, ոչ հակագրական, ոչ մարդկային են, ոչ ապամարդկային: Իմ պնդմամբ «P/F»-ի կազմին բավականին տեսանելի տառերով գրվել է՝ վեպ: Սա իմ կատակն էր, սադրանքը այն մտածողների հանդեպ, ովքեր դեռ գիտեն, թե ինչպիսին պիտի լինի վեպը, ինչպիսին պիտի լինի գրականությունը, դեռ գիտեն, թե ինչ է մարդը, գիտեն, թե մարդը մարմին ունի: Իմ կողմից սա հուսահատ ու նսեմ քայլ էր և արդեն անձև, անկերպարան բանին հատկություն շնորհելու ցածր ինքնարդարացում: Ինքս ինձ մանտրայի նման կրկնում եմ՝ «Եթե սա մարմին» է, «Եթե սա վեպ» է, «Եթե սա գրող է»: Աղետից հետո կասկածի, Ժխտման ու համոզման այս ճակատամարտում լեզուն նույնիսկ իմաստազրկվել չի կարողանում. մի բան, որ նրա մեծագույն ձեռքբերումն էր: Ես չեմ հրաժարվում պատասխանատվությունից: Ես մեղավոր եմ, որ վերջին տարիներին գրքեր գրելուց զատ՝ ոչինչ չեմ ձեռնարկել հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը կանխելու ուղղությամբ. «Եթե սա գրքեր գրել է»:

Ներողություն եմ խնդրում իմ անորոշ ասելիքի ու վերամբարձ տոնի համար: Անորոշ ասելիքը լեզվի ու պատասխանատվության փախուստը չէ – իրականության անձև, անկերպարան աշխարհն է — որն իհարկե իմն է նաև: Մինչդեռ այն բնավ չի առնչվում պոստմոդեռնին կամ երկրորդ, թեկուզ ութերորդ մոդեռնին: Այն ուղղակի մոտ է անհայտին, մոտ է տեղի բացակայությանը:

Ուրեմն թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, շնորհակալություն հայտնել եվրոպական մշակույթին, եվրոպական գրականությանը, որն այնքան բան է տվել ինձ և որի աշակերտն եմ եղել միշտ: Ինչպես հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանն է գրել` «Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև»: Եվ որպես գրականությունից կախարդված աշակերտ՝ ուզում եմ վերհիշել և հնչեցնել իմ ուսուցիչների անունները: Նրանք ստեղծագործել և ստեղծագործում են Եվրոպայում և նրանք կրել են և կրում են եվրոպական մշակույթը՝ Պոլ Վալերի, Գրիգոր Պըլտեան, Սիմոն Վեյ, Մարսել Պրուստ, Ջոն Բերջեր, Պրիմո Լևի, Ռոբերտ Վալզեր, Սյուզան Սոնթագ, Չեզարե Պավեզե, Բրունո Շուլց, Էլիաս Կանետի, Ռուբեն Ֆիլյան, Ջեյմս Բոլդուին, Հերման Բրոխ, Անի Էռնու, Ալեքսանդր Կլուգե, Դանիլո Կիշ, Կլոդ Սիմոն, Նագիպ Մահֆուզ, Ռոլան Բարտ, Պիեռ Գիյոտա, Բերտոլդ Բրեխտ, Վիտոլդ Գոմբռովիչ, Պատրիկ Մոդիանո, Խուան Գոյտիսոլո, Պիեռ Պաոլո Պազոլինի… Շնորհակալ եմ: 

Երևան, 20 հոկտեմբերի, 2021