«Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսը ներկայացվեց CAWCUS կովկասյան կոմիքսների և զիների փառատոնի ընթացքում

Հունիսի 25-29 Երևանում տեղի ունեցավ CAWCUS կովկասյան կոմիքսների և զիների փառատոնը, որի բաղկացուցիչ մաս կազմող միջոցառումների շարքում էր ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրի ֆինանսավորած Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից նախագծի ներկայացումը։

Միջոցառմանը ներկա էր ծրագիր իրականացնող կոնսորցիումի անդամներից ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, կոմիքսի հայկական պատմության պատկերապատող Աստղիկ Հարությունյանը և վրացական պատմության պատկերապատող Լուկա Լաշխին։

Նախագծի վերջնական արդյունքը կոմիքսների գիրք է, որում տեղ են գտել կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները ներկայացնում են կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա: 

Որպես ծրագրի համակարգող Արևիկ Աշխարոյանը խոսեց ծրագրի մտահղացումից, ընթացքից, իրականացման ընթացքում հանդիպած մարտահրավերներից։ Իսկ պատկերապատողները պատմեցին աշխատանքի ընթացքի, պատմությունների կերպարավորման ստեղծագործական մոտեցումների մասին։

Աստղիկ Հարությունյանը պատմեց, թե ինչպես է աշխատել հայ հեղինակ՝ Անի Ասատրյանի պատմության վրա, ինչպիսի գեղարվեստական ու վիզուալ լուծումներ է փնտրել՝ ցույց տալու պատմության դրամատիզմն ու կնոջ ապրումները պատերազմի պայմաններում։ Նա շեշտեց, որ գրաֆիկական լեզուն թույլ է տալիս փոխանցել այն հույզերը, որ երբեմն մնում են բառերից դուրս։

Լուկա Լաշխին էլ ներկայացրեց իր աշխատանքը վրացական պատմության վրա, պատմեց՝ ինչպես է փորձել համադրել վավերագրական տարրերը գեղարվեստականի հետ՝ ստեղծելով մի կոմիքս, որ ոչ միայն տեղեկացնում է, այլև հուզում ու մտածելու տեղիք տալիս։ Նա նշեց, որ գրաֆիկական պատմությունները կարող են լինել հզոր գործիք՝ հիշողությունը պահպանելու և պատմությունները փոխանցելու համար։

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան դիտելու կոմիքսի էջերի նախնական տարբերակները, շփվելու հեղինակների հետ և արտահայտելու իրենց կարծիքները։ Նախագծի մասնակիցներն ընդգծեցին, որ այս գրքի ստեղծումը ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական ճանապարհ էր՝ մի փորձ՝ անդրադառնալու կանանց լսելի դարձած կամ դեռ չլսված պատմություններին։

Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված կարծիքները հեղինանկներինն են։ Եվրոպական միությունը ոչ միայն կարող է չկիսել այդ կարծիքները այլ չի կրում պատասխանատվություն դրանց համար։