Վերջնաժամկետը երկարաձգվում է․ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի՝ 2020-2021թթ․-ի ծրագրի համար հայտերի հավաքագրման մեկնարկ

Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները «ԱՐԻ» գրականության հիմնադրամը երկարաձգում է հայտերի հավաքագրման վերջնաժամկետը մինչև Հոկտեմբերի 1-ը։

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը հայտարարում է «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի՝ 2020-2021թթ․-ի ծրագրի համար հայտերի հավաքագրման մեկնարկը։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող ճամբարին այս անգամ կմասնակցեն երիտասարդ գրողներ Հայաստանից և Թուրքիայից։ Այս տարվա խորագիրն է «Մշակութային դիվանագիտության ուժը. Գրականություն առանց սահմանների»: Թուրքիայում ծրագրի գործընկերն է «Քալեմ կուլտուր» կազմակերպությունը։

Ծրագիրը հագեցած կլինի բազմազան դասախոսություններով՝ նվիրված գրականությանը և ստեղծագրությանը, գրելու հմտությունների զարգացմանը՝ ինչպես անգլերեն, այնպես էլ մայրենի լեզուներով, ֆոտո, վիդեո կամ թատերագրության դասընթացներ, որոնք կանցկացնեն մասնակից երկրներից կայացած գրող-դասախոսներ և հրավիրված մասնագետներ։ Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն ընթերցումներ, խմբային քննարկումներ, մշակութային այցելություններ և շատ ավելին:

Ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Կախված ստեղծված համաճարակային իրավիճակից՝ դասընթացները կանցկացվեն կամ 2020թ․ նոյեմբերին կամ 2021թ․ գարնանը։ Կազմակերպիչները հոգալու են ճանապարհածախսը, կացության և սննդի ծախսերը։

Եթե ճանապարհորդության հետ կապված սահմանափակումները չհանվեն, ապա, ճամբարը կանցկացվի առցանց ձևաչափով։

Հիմնական պահանջները․

  • դիմելու պահին մասնակիցը պետք է լինի 18 — 24 տարեկան
  • տիրապետի անգլերեն լեզվին՝ լավ աշխատանքային մակարդակի վրա
  • հետաքրքրված  լինի ստեղծագրության մեջ՝ որպես ապագա մասնագիտություն

Դիմելու գործընթաց.

  • Հայտադիմում (անգլերեն)
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն): Խնդրում ենք մանրամասն ներկայացնել ձեր մոտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության մեջ  մշակութային դիվանագիտության դերի վերաբերյալ
  • Ռեզյումե (անգլերեն)
  • Ստեղծագործության նմուշ. 250-500 բառ կամ 25-50 տող պոեզիայի համար (ձեր մայրենի լեզվով)
  • Ստեղծագործության նմուշ. նվազագույնը 200 բառ կամ բանաստեղծության 20 տող (անգլերեն)

Հայաստանցի մասնակիցները պետք է ուղարկեն փաստաթղթերի փաթեթը info@ariliterature.org,

իսկ Թուրքիայից մասնակիցները՝ info@itef.com.tr հասցեներին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի հոկտեմբերի  1-ը։

Այս միջոցառումը տեղի է ունենում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի Ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում` Եվրոպական միության աջակցությամբ: 

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on email