ԱՐԻ գրականության հիմնադրամը հրատարակել է Թենի Արլենի «Կիրքով ըսելու` ինչո՞ւ հոս եմ» բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակը չի խուսափում անդրադառնալ կյանքի ամենախորքային գոյաբանական հարցերին և թափանցել մարդու ներաշխարհի ամենախոր ու ամենագաղտնի շերտերը։
«Կիրքով ըսելու` ինչո՞ւ հոս եմ», արևմտահայերեն, 2021, 120 էջ, կոշտ կազմ՝ ISBN 978-9939-9254-8-6, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9244-3-4։
Հեղինակի մասին
Թենի Արլենը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայում՝ հայկական համայնքից հեռու։ Նա ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)՝ առանց հայերենի նախնական գիտելիքների։ Համալսարանում երկու տարի շարունակ սովորել է արևմտահայերեն լեզու և գրականություն և արդեն իսկ օժտված լինելով բացառիկ բանաստեղծական տաղանդով՝ շուտով սկսել է ստեղծագործել հայերեն։ Այս ժողովածուի բանաստեղծությունները գրվել են հայերենի ուսումնառությունն սկսելուց շուրջ 15–20 ամիս անց։
2013 թվականին ավարտել է UCLA-ն, իսկ 2015 թվականին ընդունվել Միչիգանի համալսարանի Համեմատական գրականության դոկտորական ծրագիր՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ֆրանսիական և հայկական սիմվոլիստական պոեզիան։ Սակայն նախքան ուսումն սկսելը ողբերգաբար զոհվել է ավտովթարի հետևանքով։ Կյանքի վերջին ամիսներին նա ընտրել էր նոր անուն՝ Սողովմե, որպես իր հայկական և բանաստեղծական ինքնության խորհրդանիշ։
