«Կետի շատրվանը» Ավետիք Դարբինյան

Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպը ինքնատիպ կերպով վերհիշում է հայտնի աստվածաշնչյան պատմություններից մեկը՝ Հովնան մարգարեի և կետ-հրեշի պատմությունը։ Փետուրի թեթևությամբ ու իտալական գրող Իտալո Կալվինոյին բնորոշ ոճով գրված այս կարճ վեպում սիրո և ամուսնության ճգնաժամը վերածվում է գոյաբանական ճգնաժամի։

«Կետի շատրվանը» առաջին անգամ հրատարակվել է 1991 թվականին՝ Ավետիք Դարբինյանի հետմահու լույս տեսած «Ավագության օր. ամոթ» գրքում՝ «Ստամոքսի արքան և նրա կինը» խորագրի ներքո («Նաիրի» հրատարակչություն)։

«Կետի շատրվանը», արևելահայերեն, 2024, 68 էջ, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9285-8-6։

Հեղինակի մասին

Ավետիք Դարբինյանը ծնվել է Գյումրիում։ Աշխատել է տիկնիկային թատրոնում՝ որպես գրական բաժնի վարիչ։ Նրա հետմահու լույս տեսած գրքի վերջաբանը գրել է արձակագիր Վահագն Գրիգորյանը՝ բարձր գնահատելով երիտասարդ հեղինակի գրական աշխարհը։ Դարբինյանի արձակին անդրադարձել է նաև բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը՝ ռոբինզոնադի ժանրի մասին զրույցի ընթացքում որպես այդ ժանրի լավագույն դրսևորումներից մեկը՝ նշելով «Կետի շատրվանը» վեպը։
1980-ական թվականներին Ավետիք Դարբինյանի պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Նրա առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Գյումրի», լույս է տեսել 1983 թվականին, իսկ «Ավագության օր. ամոթ» ժողովածուն՝ 1991 թվականին։