«Անծանոթ ինքնակենսագրություն» Ռուբեն Ֆիլյան

«Անծանոթ ինքնակենսագրություն»-ում մենք, կարծես, հայտնվում ենք այն ծանոթ անսովորի աշխարհում, որը ժամանակին հեքիաթ էինք անվանում․ որտեղ հեքիաթը չի պատմվում միայն այն պատճառով, որ հեքիաթ է, այլ պատմվում է, որպեսզի մենք կարողանանք համոզվել, որ այն իսկապես հեքիաթ է։ Որպեսզի երբեք չմոռանանք, որ իրականությունն այնքան էլ այդպիսին չէ։

Մանկությանը հրաժեշտ տալուց հետո հեքիաթները վերընթերցելը հեռվից դեպի մանկության կախարդական աշխարհ կատարվող սրընթաց վերադարձ է։ Հրաշքների սրվակը ցավոտ, բայց անզուգական հիշեցում է այն մասին, որ մենք հեքիաթից ենք եկել և այլևս չենք կարող այնտեղ վերադառնալ։ Ուստի մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ ինքներս դառնալ հեքիաթ։

«Անծանոթ ինքնակենսագրություն», արևելահայերեն, 2024, 108 էջ, կոշտ կազմ՝ ISBN 978-9939-9285-5-5, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9285-4-8։

Հեղինակի մասին

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն, հրատարակվել է 1980 թվականին, իսկ «Քո երկրի դեսպանը» վեպը լույս է տեսել հեղինակի մահից հետո։ 1981 թվականին նա հեռացել է Խորհրդային Հայաստանից, եղել Ֆրանսիայում, Եգիպտոսում և Հորդանանում, դասավանդել յոգա և կարատե։ Ռուբեն Ֆիլյանը մահացել է 1983 թվականին Հնդկաստանի Գոա նահանգում։