Աստղիկ Հարությունյանը պատմեց, թե ինչպես է աշխատել հայ հեղինակ՝ Անի Ասատրյանի պատմության վրա, ինչպիսի գեղարվեստական ու վիզուալ լուծումներ է փնտրել՝ ցույց տալու պատմության դրամատիզմն ու կնոջ ապրումները պատերազմի պայմաններում։ Նա շեշտեց, որ գրաֆիկական լեզուն թույլ է տալիս փոխանցել այն հույզերը, որ երբեմն մնում են բառերից դուրս։
Լուկա Լաշխին էլ ներկայացրեց իր աշխատանքը վրացական պատմության վրա, պատմեց՝ ինչպես է փորձել համադրել վավերագրական տարրերը գեղարվեստականի հետ՝ ստեղծելով մի կոմիքս, որ ոչ միայն տեղեկացնում է, այլև հուզում ու մտածելու տեղիք տալիս։ Նա նշեց, որ գրաֆիկական պատմությունները կարող են լինել հզոր գործիք՝ հիշողությունը պահպանելու և պատմությունները փոխանցելու համար։
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան դիտելու կոմիքսի էջերի նախնական տարբերակները, շփվելու հեղինակների հետ և արտահայտելու իրենց կարծիքները։ Նախագծի մասնակիցներն ընդգծեցին, որ այս գրքի ստեղծումը ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական ճանապարհ էր՝ մի փորձ՝ անդրադառնալու կանանց լսելի դարձած կամ դեռ չլսված պատմություններին։