Միջազգային Տեսանելիություն

ԱՐԻ գրականության հիմնադրամը ապահովում է հայ գրականության միջազգային տեսանելիությունը ամբողջ աշխարհում՝ կազմակերպելով տաղավարներ և միջոցառումներ միջազգային գրքի տոնավաճառներում

Լայպցիգի միջազգային գրքի տոնավաճառ և «Հայաստան՝ տառերի երկիր» տաղավարի բացումը, 2026

 

logo of Leipzig Armenia stand - Armenia, the land of letters

2026թ․ մարտի 19–22-ը Լայպցիգի գրքի ցուցահանդեսի շրջանակներում ԱՐԻ գրականության հիմնադրամը ներկայացավ «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրով տաղավարով և միջոցառումների ծրագրով։

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է Եվրոպայի կարևորագույն գրական իրադարձություններից մեկը, որը այս տարի միավորել է հրատարակիչների, հեղինակների և ընթերցողների ավելի քան 54 երկրներից և այս տարի գրանցել է ռեկորդային՝ 313 000 այցելու։

Մարտի 20ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ ԱՐԻ Գրականության հիմնադրամի տաղավարի պաշտոնական բացումը։ Բացման խոսքում հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը կարևորեց նման միջազգային հարթակներում Հայաստանի ներկայության նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք բացառիկ հնարավորություն են մշակութային դիվանագիտության առաջխաղացման, հայ գրականության ներկայացման, թարգմանությունների խթանման և նոր համագործակցությունների ստեղծման համար։ Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր երկարաժամկետ և նոր գործընկերներին ու աջակցող կազմակերպություններին՝ ԱՐԻ գրականության հիմնադրամի ներկայությունը և միջոցառումների անցկացումը Լայպցիգի գրքի տոնավաճառում իրականություն դարձնելու համար։

Բացմանը իրենց ելույթներն ունեցան Լայպցիգի` մշակույթի և արվեստի գծով փոխքաղաքապետ Շկադի Յանիկեն, Ռան Դիտրիխ ընկերության (RDG) կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սյուզան Կուչարսկի-Հունիաթը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավ-կովկասյան գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը, ինչպես նաև բանաստեղծ և արձակագիր Անուշ Քոչարյանը։ Բացմանը ներկա էին հայկական ծրագրի միջոցառումների մասնակից ավելի քան 15 խոսնակներ, նրանց թվում հեղինակներ, թարգմանիչներ, լրագրողներ, գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտերկրյա հրատարակիչներ։ Միջոցառումն ուղեկցվեց հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ և ներկայացուցչական մթնոլորտ։

ԱՐԻ Գրականության հիմնադրամի այս տարվա մասնակցությունն ընթանում էր «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով միջազգային հարթակում ներկայացնել հայկական գրական ժառանգությունն ու ժամանակակից ձայները։ Տաղավարում ներկայացված էին հայ հեղինակների գրքերի գերմաներեն թարգմանություններ, մշակութային, պատմական, ինչպես նաև զբոսաշրջային բովաբդակությամբ գրքեր, քարտեզներ և բրոշյուրներ։

 

Լայպցիգի միջազգային գրքի տոնավաճառ 2025

ARI foundation at the Leipzig international book fair 2025 supported by Stadt Leipzig and Goethe Institute Armenia

2024 թվականից ԱՐԻ գրականության հիմնադրամը մասնակցում է Լայպցիգի քաղաքապետարանի (Stadt Leipzig) և Գյոթե ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող գրական ռեզիդենտային փոխանակման ծրագրին՝ որպես գործընկեր կազմակերպություն։

Ծրագրի շրջանակում Լայպցիգում անցկացվող առաջին գրական ռեզիդենտության համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ընտրվեց հայ բանաստեղծ և գրող Անուշ Քոչարյանը, որը 2025 թվականի մարտ ամիսն անցկացրեց Լայպցիգի Hanns Eisler House գրական ռեզիդենտային կենտրոնում։

Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանը վարեց Անուշ Քոչարյանի մասնակցությամբ պանելային քննարկումը, որը եզրափակում էր ռեզիդենտային ծրագիրը։ Քննարկումը բացվեց Գյոթե ինստիտուտի Գրականության և թարգմանական դրամաշնորհների ծրագրի ղեկավար Կատարինա Գյորիգի ողջույնի խոսքով։ Քննարկմանը մասնակցում էր նաև Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Քրիստինա Ռասմանը, որը գերմաներեն ընթերցեց հատված Անուշ Քոչարյանի վեպից։ Միջոցառմանը ներկա էին Լայպցիգի քաղաքապետարանի, Գյոթե ինստիտուտի կենտրոնական գրասենյակի, Literarisches Colloquium Berlin-ի ներկայացուցիչներ, հրատարակիչներ, գրողներ, թարգմանիչներ և բազմաթիվ գերմանացի ընթերցողներ։

Լայպցիգի գրքի տոնավաճառին մասնակցության ամենակարևոր արդյունքը ԱՐԻ գրականության հիմնադրամի համար դարձավ տոնավաճառի կազմակերպիչների հրավերը՝ 2026 թվականին ներկայանալու սեփական տաղավարով և մշակութային ծրագրով։ Գերմանական մի շարք գործընկեր կազմակերպությունների՝ մասնավորապես Stadt Leipzig-ի, ինչպես նաև հիմնադրամի երկարամյա գործընկերների՝ Գյոթե ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց։ Արդյունքում 2026 թվականի Լայպցիգի գրքի տոնավաճառում ներկայացվեց ԱՐԻ գրականության հիմնադրամի «Հայաստան․ գրերի երկիր» (Armenia: The Land of Letters) խորագրով ազգային տաղավարը։

Տաղավարի աշխատանքը չսահմանափակվեց միայն հայկական գրականության ներկայացմամբ։ Այն ուղեկցվեց բազմաբովանդակ մշակութային ծրագրով, որի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ և հանրային դասախոսություններ՝ նվիրված հայ-գերմանական պատմամշակութային կապերին, գեղարվեստական գրականության միջոցով մշակույթի և քաղաքականության փոխհարաբերությունների մեկնաբանմանը, հետսոցիալիստական հասարակություններում մշակութային ապագաղութացման գործընթացներին, ինչպես նաև հիշողության, միգրացիայի և պատկանելության թեմաներին։ Միջոցառումներին մասնակցեցին Հայաստանից, Գերմանիայից և Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած գրողներ, թարգմանիչներ, հետազոտողներ և մտավորականներ։

 

 

Աբու Դաբիի գրքի միջազգային տոնավաճառ 2025

Ապրիլին ԱՐԻ գրականության հիմնադրամը մասնակցեց Աբու Դաբիի գրքի միջազգային տոնավաճառին՝ հայկական միասնական տաղավարի կազմում։ Սա առաջին դեպքն էր, երբ հայկական հրատարակիչները, գրական գործակալներն ու գրական կազմակերպությունները ներկայացված էին այս արագ զարգացող միջազգային գրքի տոնավաճառում։ 2026 թվականին նախատեսվում է կրկին մասնակցել տոնավաճառին՝ շարունակելու և խորացնելու 2025 թվականին ձևավորված համագործակցությունները, հատկապես արաբալեզու երկրների հրատարակիչների և մշակութային կազմակերպությունների հետ։

 

Լիսաբոնի գրքի միջազգային տոնավաճառ 2025

ARI literature foundation team, Arevik Ashkharoyan and Program Coordinator Liana Shiroyan in the Lisbon Book Fair as part of a fellowship program organized by the Creative Europe Desk Portugal.Հունիսին հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանը և ծրագրերի համակարգող Լիանա Շիրոյանն առաջին անգամ մասնակցեցին Լիսաբոնի գրքի միջազգային տոնավաճառին՝ Creative Europe Desk Portugal-ի կազմակերպած ֆելոուշիփ ծրագրի շրջանակում։ Ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու Պորտուգալիայի գրական և հրատարակչական ոլորտի գործունեությանը, փորձի փոխանակում ունենալու տեղի մասնագիտական կառույցների հետ, ինչպես նաև այցելելու հիմնադրամի գործընկեր՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամ։

Այցի շնորհիվ հիմնադրամի գործընկերային ցանցն ընդլայնվեց ոչ միայն պորտուգալական կազմակերպությունների, այլև ծրագրին մասնակցող այլ երկրների՝ Սերբիայի, Լեհաստանի, Սլովենիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Ծանոթությունների և մասնագիտական շփումների արդյունքում մեկնարկեցին համագործակցության նոր նախաձեռնություններ։

 

 

Էդինբուրգի գրքի միջազգային փառատոն 2025

Օգոստոսին Արևիկ Աշխարոյանը հրավիրվել էր մասնակցելու Momentum Delegate ծրագրին, որն իրականացվում էր British Council-ի, Creative Scotland-ի և Festivals Edinburgh-ի կողմից՝ Էդինբուրգի գրքի միջազգային փառատոնի շրջանակում։  Ծրագիրը ներառում էր հանդիպումներ շոտլանդական գրական և հրատարակչական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում և մասնակցություն փառատոնի մասնագիտական միջոցառումներին։ Որպես ծրագրի շարունակություն, Արևիկ Աշխարոյանին առաջարկվեց ֆինանսավորման հնարավորություն՝ հայ-շոտլանդական գրական երկխոսության մեկնարկի համար։

Այս համագործակցության արդյունքներից մեկն էլ կլինի 2026 թվականին կայանալիք Հայաստանում «Զուգահեռներ» (Parallels) գրականության միջազգային ամենամյա փառատոնի առաջին՝ պիլոտային թողարկումը, որը կհյուրընկալի Շոտլանդիայից ժամանած գրողների, բանաստեղծների և գրական փառատոնների ղեկավարների՝ միջազգային այլ մասնակիցների և հանդիսատեսի հետ միասին։

 

 

 

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ 2024

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ ու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային զուցահանդեսի շրջանակներում 2024թ․ հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր «Տեղի փնտրտուքներում․ հայ գրականությունը Եվրոպայում» թեմայով քննարկում։

Քննարկման բանախոսներն էին գրողներ Անուշ Քոչարյանը, Արամ Պաչյանը, Սարգիս Հովսեփյանը, գրաքննադատ Տիգրան Ամիրյանը, իսկ քննարկումը վարում էր Բեռլինի գրական կոլոքվիում (Literarische Colloquium Berlin) կազմակերպության փոխտնօրեն Յուրգեն Յակոբ Բեքերը։ Միջոցառումը բացեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, ինչին հետևեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Շտեֆան Մալերիուսի ողջույնի խոսքը։

Քննարկվող թեմաներից էին հայ ժամանակակից գրականության տեղը աշխարհաքաղաքական քարտեզի վրա, խորհրդային տարիների թողած ազդեցությունը արդի հայ գրականության վրա, թարգմանությունը որպես ինտեգրման գործիք կիրառելու կարևորությունը և այն թե «ինչպես ենք մենք մեզ տեսնում ու ինչպես են մեզ տեսնում»՝ ընկալում դրսից։ Պատմական, հավաքական հիշողության, ինչպես նաև «հիշողության հիշողության» ազդեցությունը հայ ժամանակակից գրականության մեջ ևս քննարկման գլխավոր թեմաներից էին։ Պանելային քննարկման վարող Յուրգեն Բեքերի հարցին, թե կարգախոսի ինչպիսի գաղափարներ ունեն մասնակիցները Հայաստանը՝ որպես Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվո հյուր երկիր ներկայացնելու համար, բոլորն իրենց պատասխաններում նշեցին տեղի և հիշողության թեմաները։

 

 

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ 2023

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը 2023 թվականի հոկտեմբերի 18-22-ը մի շարք ծրագրերով ներկայացավ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում: Այս տարին լի էր ցուցահանդեսի անցկացման տարածքում, ինչպես նաև հայկական տաղավարում կազմակերպված տարբեր միջոցառումներով, ցուցադրություններով, թարգմանական գրքերի շնորհանդեսներով, հանդիպումներով։ Հրատարակիչների, գրական գործակալների, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև մեր գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի, ՓԵՆ Հայաստանի և Եվրամիության գրական մրցանակի ջանքերի շնորհիվ Հայաստանի տեսանելիությունը գրքային թերևս ամենակարևոր իրադարձության ընթացքում բացառիկ էր։

Այս տարին հատկապես կարևոր էր «ԱՐԻ» գրականության հիմնադրամի համար, քանի որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ ու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ֆրանկֆուրտ ստուդիայի բեմում կայացավ «Ինքնություն և գրականություն» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին գրողներ Արմեն Օհանյանը, Անահիտ Ղազարյանը, հայկական արմատներով գերմանացի գրող և լրագրող Լաուրա Ցվիրտնիան և թարգմանիչ Սյուզաննա Եղոյանը Ավստրիայի Գրաց քաղաքից։ Քննարկումը վարում էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Շտեֆան Մալերիուսը։ Միջոցառումը բացեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, ինչին հետևեց Զարուհի Հակոբյանի ողջույնի խոսքը, որն ընթերցվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից։

Քննարկվեցին գրականության մեջ ինքնության արտացոլմանն առնչվող տարբեր հարցեր և տեսակետներ։ Քննարկման օրակարգային առանցքային հարցերից էր գրականության և մշակույթի՝ որպես հասարակության շրջանում քաղաքական իրազեկվածության բարձրացման գործիք օգտագործելու արդյունավետությունը։