ԱՐԻ գրականության հիմնադրամը իրականացնում է նոր նախագիծ՝ «Զուգահեռներ» միջազգային գրական փառատոնը, որը կմեկնարկի 2026 թվականի նոյեմբերին։
Փառատոնը կունենա գրական և մասնագիտական բաղադրիչներ, որոնց շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ, հրատարակիչներ և գրական փառատոների կազմակերպիչներ ավելի քան տասը երկրից, որոնցից մեկը՝ պատվո հյուր՝ «զուգահեռ երկիր» կարգավիճակով։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի Շոտլանդիային՝ որպես զուգահեռ երկիր։ «Իմ սիրտը լեռներում է» փառատոնի խորագիրը ոգեշնչված է շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի պոեզիայից և Ուիլյամ Սարոյանի ստեղծագործություններում դրա արձագանքից:
Ինչո՞ւ «Զուգահեռներ»
«Զուգահեռներ» միջազգային գրական փառատոնը հյուրընկալում է գրողների, բանաստեղծների, թարգմանիչների, հրատարակիչների, գրական կազմակերպությունների և փառատոների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ մշակույթների, գրականության և լեզուների միջև անսպասելի և հաճախ անտեսանելի զուգահեռները բացահայտելու համար։ Յուրաքանչյուր գրական ավանդույթ որպես մեկուսացված մշակութային երևույթ ներկայացնելու փոխարեն՝ փառատոնը ձգտում է խթանել երկխոսությունը՝ շեշտադրելով այն, ինչ մեզ միավորում է։
Ծրագիր
Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն մասնակիցներ Վրաստանից, Թուրքիայից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, այդ թվում հատուկ հյուր՝ Պուլիցերյան մրցանակակիր, բանաստեղծ և արձակագիր Փիթեր Բալաքյանը։
Նոյեմբերի 19-ին ժամը 19։00 Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում (Աբովյան 2) կկայանա փառատոնի պաշտոնական բացումը։
Նոյեմբերի 20-ին նախատեսվում են այցելություններ ԵՊՀ, Ամերիկյան Համալսարան և Վ․Բրյուսովի անվան Պետկան Լեզվաբանական Համալսարան։
Նոյեմբերի 21-ին ամբողջ օրվա ընթացքում կանցկացվի հիմնական ծրագիրը շոտլանդացի և հայ գրողների մասնակցությամբ, իսկ երեկոյան՝ 19։00-ին, տեղի կունենա փառատոնի փակումը՝ ուղեկցված բոլոր մասնակիցների գործերի ընթերցմամբ։
Նոյեմբերի 22-ին մասնակիցները կայցելեն Գյումրի։
Ամերիաբանկի հետ համագործակցությամբ կանցկացվի նաև գրական մրցույթ 18-24 տարեկան երիտասարդ գրողների համար, որի արդյունքում կունենանք հաղթողներ 3 տարբեր անվանակարգերում:
Բուն ծրագրից բացի փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ և գրքերի շնորհանդեսներ նոյեմբերի 17-ից սկսված։
Ծրագրի մանրամասներին և մրցույթի պայմաններին տեղեկանալու համար հետևե՛ք փառատոնի կայքին և սոց․ ցանցերի էջերին՝ Facebook և Instagram։
Միացե՛ք՝ ԱՐԻ Հիմնադրամի միջազգային համագործակցությունների, գրական միջոցառումների և նոր հրատարակությունների վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։