«Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի բացման արարողությունը

Ահա և իրականություն դարձավ առաջին «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնը։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը։

ԱՐԻ գրականության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը ողջունեց փառատոնի միջազգային հյուրերին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ նորաստեղծ փառատոնի մաս կազմելու և այս գրական նախաձեռնությանն աջակցելու խիզախությունն ունենալու համար։ Իր հերթին, շոտլանդական StAnza պոեզիայի միջազգային փառատոնի տնօրեն, ԱՐԻ-ի գործընկեր Ռայան Վան Ուինքլը շնորհակալություն հայտնեց՝ շոտլանդացի գրողներին Հայաստանում հյուրընկալելու համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաև փառատոնի հատուկ հյուր Փիթեր Բալաքյանը։ Նրա երկու գրքերի՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոնային օրագիրը» բանաստեղծությունների ժողովածուի առաջին և «Ճակատագրի սև շունը» հուշագրության նոր հայերեն թարգմանությունները, փառատոնին ընդհառաջ հրատարկվեցին ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից և ներկայացվեցին մի շարք միջոցառումների ընթացքում։

Իր խոսքում Փիթեր Բալաքյանն առանձնահատուկ անդրադարձավ փառատոնի խորագրին՝ «Իմ սիրտը լեռներում է»՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը։ Նա զուգահեռ անցկացրեց Ռոբերտ Բըրնսի՝ Շոտլանդական լեռնաշխարհին նվիրված բանաստեղծության և հայկական արմատներով ամերիկացի գրող Ուիլյամ Սարոյանի 1936 թվականին գրված համանուն ստեղծագործության միջև։ Այս երկու գործերը, ըստ էության, արտահայտում են երկու ժողովուրդների՝ լեռների հետ ունեցած խոր ու անխզելի կապը՝ լեռները դարձնելով ոչ միայն հայրենի բնապատկեր, այլև ինքնության, հիշողության և պատկանելության խորհրդանիշ։

Բացման արարողությանը հաջորդեց ընդունելությունը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու և առաջիկա օրերի գրական հանդիպումներին ու քննարկումներին ընդառաջ մտքեր փոխանակելու։

Առաջարկվող նախագծեր