Գրական հանդիպումներ բուհերում՝ «Զուգահեռներ» փառատոնի շրջանակում

Նոյեմբերի 20-ին «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի շրջանակում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ շոտլանդացի գրողներ Ռայան Վան Ուինքլի, Ուիլյամ Լեթֆորդի, Մարջորի Լոթֆիի, Թեսա Բերինգի և Ռայան Օ՛Քոնորի մասնակցությամբ։

Հանդիպումը հնարավորություն դարձավ ուսանողների համար՝ անմիջականորեն շփվելու ժամանակակից շոտլանդական գրականության ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրանց ստեղծագործական ճանապարհին և լսելու գրականության աշխարհում նրանց կուտակած փորձի մասին։ Գրողները պատմեցին իրենց ստեղծագործական աշխատանքի առանձնահատկությունների, ոգեշնչման աղբյուրների և այն գաղափարների ու իրադարձությունների մասին, որոնք տեղ են գտնում իրենց գործերում։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժամանակակից գրականության առջև ծառացած մարտահրավերներին և արդիական հարցերին։ Մասնավորապես, խոսվեց գրականության և արհեստական բանականության փոխհարաբերության մասին։ Հեղինակները ևս մեկ անգամ վերահաստատեցին ստեծագործ աշխատանքի բացառապես մարդկային բնույթի կարևորությունը։

Նույն օրը հյուրերն այցելեցին նաև Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպեցին իրենց ստեղծագործությունները հայերեն թարգմանած ուսանողների հետ։ Գրող, թարգմանիչ և ՀԱՀ թարգմանության դասախոս Շուշան Ավագյանի գլխավորությամբ ձևավորված ուսանողների խումբը բոլոր շոտլանդացի հեղինակների գործերի նմուշային թարգմանություններ էր արել, որոնք ընթերցվեցին փառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում։

Հանդիպումը յուրահատուկ հնարավորություն էր գրողների և երիտասարդ թարգմանիչների համար՝ խոսելու գրականության ու թարգմանության փոխկապակցված աշխարհի մասին։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ թարգմանական աշխատանքի առանձնահատկություններին, բնագրի հեղինակի ձայնն ու ոճը մեկ այլ լեզվով փոխանցելու դժվարություններին, բառերի և արտահայտությունների ընտրությանը, ինչպես նաև այն նրբություններին, որոնք հաճախ աննկատ են մնում ընթերցողի համար, բայց կարևոր նշանակություն ունեն թարգմանչի աշխատանքում։

Հանդիպումը դարձավ գրական երկխոսության յուրօրինակ հարթակ, որտեղ թարգմանությունը ոչ միայն լեզուների, այլև մշակույթների ու մարդկանց միջև կապ ստեղծելու միջոց էր։

Առաջարկվող նախագծեր