Ահա և իրականություն դարձավ առաջին «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնը։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը։
ԱՐԻ գրականության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը ողջունեց փառատոնի միջազգային հյուրերին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ նորաստեղծ փառատոնի մաս կազմելու և այս գրական նախաձեռնությանն աջակցելու խիզախությունն ունենալու համար։ Իր հերթին, շոտլանդական StAnza պոեզիայի միջազգային փառատոնի տնօրեն, ԱՐԻ-ի գործընկեր Ռայան Վան Ուինքլը շնորհակալություն հայտնեց՝ շոտլանդացի գրողներին Հայաստանում հյուրընկալելու համար։
Բացման խոսքով հանդես եկավ նաև փառատոնի հատուկ հյուր Փիթեր Բալաքյանը։ Նրա երկու գրքերի՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոնային օրագիրը» բանաստեղծությունների ժողովածուի առաջին և «Ճակատագրի սև շունը» հուշագրության նոր հայերեն թարգմանությունները, փառատոնին ընդհառաջ հրատարկվեցին ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից և ներկայացվեցին մի շարք միջոցառումների ընթացքում։