Մոտենալով տարվա ավարտին՝ մենք կցանկանայինք մեր բոլոր գործընկերների և ընկերների հետ կիսվել Սուրբ Ծննդյան և ամանորյա ամենաջերմ մաղթանքներով։ Թող այս ժամանակը լի լինի խաղաղությամբ, ջերմությամբ և ձեր սիրելիների հետ գնահատանքի արժանի պահերով։
Ինչպես ամեն տարի ԱՐԻ գրականության հիմնադրամը ուրախ է կիսվել 2025 թվականի մասին կարճ ակնարկով։ Հետ նայելով անցած տարվան՝ մենք խորապես երախտապարտ ենք մեր իրականացրած իմաստալից նախագծերի, հրաշալի վայրերում և հիշարժան միջոցառումների ընթացքում կայացած ոգեշնչող հանդիպումների համար։ Յուրաքանչյուր փորձառություն մեզ կրկին հիշեցրել է գրականության անսասան ուժի մասին՝ մշակույթների միջև կապ հաստատելու, երևակայությունը խթանելու և ավելի մտածված և մարդկային աշխարհ ձևավորելու նրա կարողության մասին։
Միջազգային գրքի տոնավաճառներ, հանդիպումներ և համագործակցություններ
Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառ
2024 թվականից ի վեր ԱՐԻ գրականության հիմնադրամը Լայպցիգ և Գյոթեի ինստիտուտի կողմից աջակցվող գեղարվեստական կեցության փոխանակման ծրագրի գործընկեր է: Լայպցիգում առաջին կեցության համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ընտրվեց հայ բանաստեղծուհի և գրող Անուշ Քոչարյանը, որը մարտ ամիսն անցկացրել է Լայպցիգի Հանս Էսլերի տանը: ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը հրավիրվել էր Լայպցիգի միջազգային գրքի տոնավաճառի ժամանակ տիկին Քոչարյանի հետ պանելային քննարկում վարելու: Սա կեցության ծրագրի եզրափակիչ միջոցառումն էր, և քննարկումը բացվեց Գյոթեի ինստիտուտի գրականության և թարգմանության դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կատարինա Գյորիգի կարճ ելույթով: Լայպցիգ քաղաքի միջազգային համագործակցության բաժնից Քրիստինա Ռասմանը ևս մասնակցում էր պանելային քննարկմանը և կարդաց Անուշ Քոչարյանի վեպից մի հատված գերմաներենով: Միջոցառմանը ներկա էին Լայպցիգ քաղաքի պաշտոնյաներ և Գյոթեի ինստիտուտի գլխավոր գրասենյակի, Բեռլինի գրական երկխոսության ծրագրի ներկայացուցիչներ, հրատարակիչներ, գրողներ, թարգմանիչներ և գերմանացի հանդիսատես:
Լայպցիգի գրքի տոնավաճառ այցելության վերջնարդյունքը տոնավաճառի ներկայացուցիչների կողմից ԱՐԻ գրականության հիմնադրամին ուղղված հրավերն էր՝ 2026 թվականին տաղավար և միջոցառումների ծրագիր կազմակերպելու համար: Գերմանական մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Լայպցիգի քաղաքապետարանի և մեր վաղեմի գործընկերների՝ Գյոթե ինստիտուտի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ այս նախաձեռնությունը հնարավոր կդառնա, և ԱՐԻ գրականության հիմնադրամի «Հայաստան. գրերի երկիր» խորագրով տաղավարը կներկայացվի 2026 թվականի Լայպցիգի գրքի տոնավաճառին։ Տաղավարի տեսանելիությունն ավելի ազդեցիկ և կառուցողական դարձնելու համար ԱՐԻ գրականության հիմնադրամը կառաջարկի միջոցառումների բազմազան և հարուստ ծրագիր, այդ թվում՝ հայ-գերմանական պատմական և մշակութային հարաբերությունների, մշակույթի և քաղաքականության գեղարվեստական գրականության միջոցով թարգմանության, մշակութային ապագաղութացման դարաշրջանի արտացոլման, հիշողության, միգրացիայի և պատկանելության թեմաների վերաբերյալ՝ Հայաստանից, Գերմանիայից և Արևելյան Եվրոպայից գրողների և մտավորականների մասնակցությամբ: Հետևեք մեր նորություններին, որպեսզի ավելին իմանաք այս մասին, կիսվեք տեղեկատվությամբ ձեր գերմանացի ընկերների, գործընկերների և ավելի լայն լսարանի հետ և կապվեք մեզ հետ, եթե ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը՝ աջակցելով դրան:
Աբու Դաբիի գրքի միջազգային տոնավաճառ
Ապրիլին ԱՐԻ գրականության հիմնադրամը մասնակցեց Աբու Դաբիի գրքի միջազգային տոնավաճառին՝ հայկական հավաքական տաղավարի շրջանակներում: Սա առաջին անգամն էր, որ հայ հրատարակիչները, գործակալներն ու գրական կազմակերպությունները մասնակցեցին այս արագ զարգացող տոնավաճառին: Հնարավոր է՝ մենք մասնակցենք 2026 թվական Աբու Դաբիի տոնավաճառին ևս՝ ամրապնդելու 2025 թվականին հաստատված կապերը, մասնավորապես՝ արաբախոս տարածաշրջանի հրատարակիչների և կազմակերպությունների հետ։
Լիսաբոնի գրքի միջազգային տոնավաճառ
Հունիսին ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը և ծրագրերի համակարգող Լիանա Շիրոյանը առաջին անգամ այցելեցին Լիսաբոնի գրքի տոնավաճառ՝ Պորտուգալիայի Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից կազմակերպված կրթաթոշակային նախագծի շրջանակներում: Ծրագիրը ներառում էր փորձի փոխանակում Պորտուգալիայի գրական և հրատարակչական հաստատությունների հետ: Այցի ընթացքում կազմակերպվեց նաև այցելություն ԱՐԻ հիմնադրամի գործընկեր՝ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամ:
Այս ծրագիրն ընդլայնեց գործընկերների ցանցը ոչ միայն պորտուգալացի մասնագետների, այլև այլ պատվիրակների հետ, ինչպիսիք են Սերբիան, Լեհաստանը, Սլովենիան և այլն: Այցի շրջանակներում գործընկերների հետ հիմած կապերի շնորհիվ նոր համագործակցություններ են սկսվել:
Էդինբուրգի գրքի միջազգային փառատոն
Օգոստոսին Արևիկ Աշխարոյանը հրավիրվեց մասնակցելու Բրիտանական խորհրդի, Ստեղծագործ Շոտլանդիա և Էդինբուրգի փառատոներ կազմակերպությունների կողմից Էդինբուրգի միջազգային գրքի փառատոնի ժամանակ կազմակերպված Momentum Delegate ծրագրին։ Ծրագիրը ներառում էր այցելություններ և մասնագիտական փոխանակումներ շոտլանդական գրական և հրատարակչական կազմակերպությունների հետ, ինչպես նաև միջոցառումներ գրքի փառատոնի շրջանակներում։ Որպես ծրագրի արդյունք՝ տիկին Աշխարոյանին առաջարկվեց ֆինանսավորման հնարավորություն՝ հայ-շոտլանդական գրական երկխոսություն հաստատելու համար։ Արդյունքում, 2026 թվականին կմեկնարկի ԱՐԻ հիմնադրամի ամենամյա «Զուգահեռներ» միջազգային գրական փառատոնի փորձնական ծրագիրը Հայաստանում, որը կհյուրընկալի Շոտլանդիայից գրողների, բանաստեղծների և փառատոների տնօրենների, ինչպես նաև այլ միջազգային մասնակիցների և հանդիսատեսի։ Եթե ցանկանում եք մասնակցել ԱՐԻ հիմնադրամի այս նոր նախաձեռնությանը՝ որպես կամավոր, հանդիսատես, մասնակից, աջակից, խնդրում ենք կապվել մեզ հետ և հետևել մեր նորություններին։
FILIT, Քիշնև
Սեպտեմբերին տիկին Աշխարոյանը հրավիրվեց Քիշնև՝ Մոլդովայում անցկացվող FILIT ռումինական գրական փառատոնի հատուկ թողարկմանը: Նա մասնակցում էր ճանաչված գրողներ Անդրեյ Կուրկովի (Ուկրաինա), Լորինա Բալտեանուի (Մոլդովա), Պյոտր Պոգորժելսկու (Լեհաստան), վրացի գրական քննադատ և թարգմանիչ Գագա Լոմիձեի և ռումինացի Ռադու Վանկուի հետ քննարկմանը: Այս բացառիկ փորձը տպավորիչ էր և բացեց համագործակցության հնարավորություններ Հայաստանի նման գրական դաշտ ունեցող, բայց ավելի զարգացած գրական ենթակառուցվածքներ և ընթերցողներ ունեցող երկրի հետ:
Իրականացված նախագծեր
Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից
Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից նախագիծը, որը համաֆինանսավորվում էր ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից, ավարտվեց։ Սակայն մինչ այդ՝ 2025 թվականի սկզբին, մենք ողջունեցինք կոնսորցիումի նոր անդամին՝ հոլանդական MediaRiders հիմնադրամի «Պատկերելով ժամանակները» գրաֆիկական լրագրության հարթակին։ Նախագծի վերջնարդյունքը՝ «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսմ էր, որի անգլերեն թարգմանությունը առաջինն էր, որը հրապարակվեց առցանց՝ Պատկերելով ժամանակները հարթակում: Գրքի հայերեն, ուկրաիներեն և վրացերեն թարգմանությունները լույս տեսան աշնանը յուրաքանչյուր գործընկեր երկրում: Գիրքը հանրությանը ներկայացվեց սեպտեմբերին՝ Երևանի միջազգային գրքի փառատոնի շրջանակներում, իսկ հայերեն հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերին՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Գրքի և նախագծի հանրային ներկայացումը կազմակերպվեց նաև աշխարհի ամենամեծ հրատարակչական միջոցառմանը՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ 2025-ին: Քննարկմանը մասնակցեցին գրքի խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին, նկարազարդողներ Աստղիկ Հարությունյանը (Հայաստան), Լուկա Լաշխին (Վրաստան) և Սոֆիա Պոկորչակը (Ուկրաինա), որոնք կիսվեցին իրենց ստեղծագործական ճանապարհով և պատերազմի մասին կանանց պատմությունները պատկերային ձևի վերածելու դժվարություններով:
Հրատարակություններ
2025 թվականը նշանավորվեց հինգ նոր գրքերի հրատարակմամբ։
Ապրիլին ԱՐԻ գրականության հիմնադրամը, Գրիգոր Պըլտեանի բարեկամների շրջանակի նախաձեռնությամբ, հրատարակել է Գ. Պըլտեանի երեք աշխատություններ՝ «Դեմ առ դեմ», «Մասունք բանի» և «Ասատուր․ ջնջումի տարածքը»։ Վերջինս երկլեզու է և հասանելի է հայերեն-անգլերեն և հայերեն-ֆրանսերեն տարբերակներով։
Գրող Արամ Պաչյանի նախաձեռնությամբ, ԱՐԻ գրականության հիմնադրամը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ, հրատարակել է Գրիգոր Պըլտեանի «Դեպի մեծ փոխաբերություն» և «Ձայնը գրեթե։ Զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գրքերը։ Արամ Պաչյանը այս գրքերի խմբագիրն է և տեղական գրաշուկայում գրքի այս նոր ձևաչափի՝ գրողների միջև գրավոր զրույցների հեղինակը, որոնք ոչ միայն խորը և մտորելու տեղ տվող, այլև բարձր արժեք ունեն նման զրույցների լեզվի և մշակույթի մեջ։
Սեպտեմբերի 6-ին, Երևանի միջազգային գրքի փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ Գրիգոր Պըլտեանի գրքերի շնորհանդեսը, որը վարեց Արամ Պաչյանը և որին առցանց ձևաչափով մասնկացեց հեղինակը՝ Գրիգոր Պըլտեանը։
Հոկտեմբերին պարոն Պըլտեանի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կազմակերպվեց ևս մեկ միջոցառում, որը կազմակերպվել էր «Զանգակ» գրախանութում։ Այս անգամ տեղի ունեցավ Պաչյանի և Պըլտեանի միջև ուղիղ զրույց և հնարավորություն ընձեռվեց ընթերցողներին հարցեր տալ և կիսվել գրքերի վերաբերյալ իրենց տպավորություններով։
Շնորհակալ ենք այս ճանապարհի մաս կազմելու, ձեր վստահության և համագործակցության համար: Մաղթում ենք ձեզ խաղաղ տոնական օրեր և անհամբեր սպասում 2026 թվականին էլ ավելի շատ պատմություններով կիսվելուն:
