ԱՐԻ գրականության հիմնադրամի ծրագիրը 2026թ․ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում

Այս տարի ԱՐԻ գրականության հիմնադրամը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցեց ոչ միայն որպես Հայաստանի ազգային տաղավարի համացուցադրող, այլև միջոցառումների հատուկ ծրագրով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաֆինանսավորմամբ՝ ԱՐԻ-ն կազմակերպեց պանելային քննարկումներ։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Սոցիալիստական դարաշրջանի ուսումնասիրությունը նախկին խորհրդային տարածքի գրականության միջոցով» խորագրով քննարկումը՝ գերմանացի երեք հրատարակիչների մասնակցությամբ, ովքեր վերջին տարիներին իրենց հրատարակչական ցանկերում ներառել են հայ դասական և ժամանակակից հեղինակների գործեր։ Միջոցառումը վարում էր գերմաներենից թարգմանիչ Սուսաննա Եղոյանը (Ավստրիա)։ Սեբաստիան Գուգգոլցը (Գուգգոլց հրատարակչություն), Անդրե Շտորը (Ֆրիդրիխ Մաուկե հրատարակչություն) և Մարիո Պշերան (Դագյելի հրատարակչություն) կիսվեցին նախկին խորհրդային տարածքների հեղինակների գործերը հրատարակելու իրենց փորձով և բացատրեցին հայկական պատմությունները ընթերցողներին ներկայացնելու որոշման դրդապատճառները։ Մինչ ոմանց համար սա ռազմավարական և քաղաքական ենթատեքստ ունեցող որոշում էր, մյուսների համար այն բազմազան պատմություններով հրատարակչական ցանկերն ընդլայնելու ծրագրի մի մասն էր։ Բոլոր հրատարակիչների կողմից ընդգծվեց թարգմանության՝ որպես համահեղինակության և մշակույթների միջև կապող օղակի դերի կարևորությունը։

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կանայք՝ մշակութային փոփոխությունների առաջնորդներ. գրական շուկաների հզորացումը եվրոպական ինտեգրման միջոցով» խորագրով միջազգային պանելային քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը (Հայաստան), Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գվանցա Ջոբավան (Վրաստան), գրող և լրագրող Պաուլա Էրիզանուն (Մոլդովա) և «Գրքի արսենալ» (Book Arsenal) միջազգային փառատոնի տնօրեն Յուլիա Կոզլովեցը (Ուկրաինա), իսկ քննարկումը վարում էր Next Page հիմնադրամի և Սոֆիայի թարգմանիչների տան հիմնադիր, անկախ խորհրդատու Յանա Գենովան (Բուլղարիա)։ Քննարկումը սկսվեց բանախոսների անձնական պատմություններով այն մասին, թե ինչպես են նրանք մուտք գործել հրատարակչական ոլորտ և ինչ խոչընդոտների են բախվել հաջողության ու առաջատար դիրքեր գրավելու ճանապարհին՝ որպես կանայք։ Լինի դա ընտանեկան ավանդույթ, մասնագիտական անձնական ընտրություն, թե սեփական երեխաների համար նախատեսված ընթերցանության փոքրիկ նախաձեռնություն՝ բոլոր բանախոսները խոստովանեցին, որ այդ ուղին ընտրել են՝ առաջնորդվելով ընթերցանության հանդեպ ունեցած սիրով։

Այնուհետև բանախոսները խոսեցին եվրոպական նախագծերի շրջանակում ձեռք բերված փորձի մասին, որը, բացի մասնագիտական զարգացման հնարավորությունից, նաև օգնեց այդ երկրներին ճանաչել միմյանց՝ առանց «կենտրոնի» միջնորդության։

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ մեկ այլ քննարկում ևս՝ «Եվրոպական Միության Գրականության Մրցանակի ազդեցությունը. ընդլայնելով եվրոպական սահմանները» թեմայով։ ՓԵՆ Հայաստանի և Եվրոպական Միության Գրականության Մրցանակի (ԵՄԳՄ) հետ համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց ԵՄԳՄ կարճ ցուցակում ընդգրկված հայ գրողներ Սարգիս Հովսեփյանին (2026 թ.) և Լուսինե Խառատյանին (2023 թ.)՝ զրույցելու Եվրոպական հրատարակիչների ասոցիացիայի տնօրեն Անն Բերգման-Տահոնի հետ։ Տիկին Բերգման-Տահոնը ներկայացրեց ԵՄԳՄ ու այն բոլոր հնարավորությունները, որոնք մրցանակն ընձեռում է գրողներին՝ իրենց ստեղծագործությունների թարգմանության և տարածման համար։ Հեղինակները կիսվեցին միջազգային հարթակներում թարգմանվելու և հրատարակվելու, իրենց գործերի մասին խոսելու նպատակով տարբեր միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հետագա համագործակցության համար կապերի շրջանակն ընդլայնելու իրենց փորձով։

Լուսինե Խառատյանի երկու գրքերը թարգմանվել և հրատարակվել են լեհերեն և հունարեն՝ ԵՄԳՄ թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ։ Սարգիս Հովսեփյանի «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» վեպը 2026 թվականին թարգմանական դրամաշնորհ ստանալու հնարավորություն ունի և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի բազմաթիվ հրատարակիչների շրջանում։ Երկու գրողներն էլ նշեցին, որ ֆինանսավորման հնարավորություններից զատ, մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված լինելու փաստն ինքնին մեծ ուշադրություն է հրավիրել իրենց գրականության վրա։

Պատասխանելով տիկին Բերգման-Տահոնի այն հարցին, թե ինչպես կարող է ԵՄԳՄ-ն բարելավել իր գործունեությունը, Լուսինե Խառատյանն առաջարկեց ավելի շատ երիտասարդների ներգրավել մրցանակի միջոցառումներում՝ ընթերցանության ցանկերը փոքր լեզվական շուկաներից թարգմանված ստեղծագործություններով հարստացնելու նպատակով։ Սարգիս Հովսեփյանը նշեց, որ եվրոպական որևէ խոշոր լեզվով ամբողջական թարգմանությունը կօգնի ապահովել գրքի առաջխաղացումը նաև այլ շուկաներում։