Դեֆնե Սումանի «Շահրազադեի լռությունը» վեպի շնորհանդես

Նոյեմբերի 19-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ թուրք գրող Դեֆնե Սումանի «Շահրազադեի լռությունը» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Հանդիպումը մոդերացնում էր գիրքը հրատարակած «ԷՋ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսայանը, և Դեֆնե Սումանի՝ հայերեն թարգմանված երկու գրքերի թարգմանիչները՝ Կարոլինա Սահակյանը («Նախաճաշի սեղանը», 2022) ու Անի Դեկիրմենչյանը («Շահրազադեի լռությունը», 2026)։

Հանդիպման ընթացքում զրույցը ծավալվեց վեպի գրական առանձնահատկությունների, պատմական հիշողության և գրականության՝ տարբեր ժողովուրդների ու մշակույթների փորձառությունները մեկտեղելու հնարավորության շուրջ։ 

Հատկանշական էր նաև գրող և բանաստեղծ Փիթեր Բալաքյանի մասնակցությունը, որը Դեֆնե Սումանի՝ Զմյուռնիայում ծավալվող «Շահրազադեի լռությունը» վեպի և Էռնեստ Հեմինգուեյի On the Quai at Smyrna ստեղծագործության միջև հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց։

Զրույցի կարևոր թեմաներից էին նաև պատմության չպատմված էջերը, հավաքական հիշողությունը և այն մարդկանց ճակատագրերը, որոնց ձայները հաճախ դուրս են մնում պաշտոնական պատմագրությունից։ Վեպում Դեֆնե Սումանը վերակենդանացնում է բազմամշակութային Զմյուռնիան՝ ներկայացնելով տարբեր ազգերի ընտանիքների կյանքը, նրանց սերն ու կորուստները՝ քաղաքի ողբերգական կործանման նախաշեմին։

Առաջարկվող նախագծեր