Զուգահեռ ընթերցումներ և հայ ու շոտլանդացի հեղինակների զրույցներ

Նոյեմբերի 21-ին փառատոնի հիմնական ծրագիրը բացվեց ԱՐԻ գրականության հիմնադրամի և Զուգահեռներ փառատոնի հիմնադիր Արևիկ Աշխարոյանի և «Զուգահեռներ»-ի գործընկեր Շոտլանդիայի StAnza պոեզիայի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռայան Վան Ուինքլի կողմից։ Նրանք պատմեցին իրենց համագործակցության մասին և ներկայացրեցին առաջիկա ժամերին կայանալիք միջոցառումները։

Բացմանը հաջորդեցին հեղինակների ներկայացումը և զուգահեռ ընթերցումներ՝ շոտլանդացի հեղինակների և նրանց հայերեն թարգմանիչների մասնակցությամբ։

Թարգմանիչները, Զուգահեռներ փառատոնի գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ են, ովքեր հանալսարանի թարգմանական բաժի ղեկավար, թարգմանիչ և գրող Շուշան Ավագյանի գլխավորությամբ և ուղղորդմամբ պատրատել էին շոտլանդացի հեղինակների գործերից նմուշային թարգմանություններ։

Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ստեղծագործությունները թե՛ բնագրով, թե՛ հայերեն թարգմանությամբ։

Զուգահեռ ընթերցումներին հաջորդեցին զրույցներ հայ և շոտլանդացի հեղինակների միջև՝ նախապես կազմված 4 զույգերով։

Լուսինե Խառատյանը և Ռայան Օ՛Քոնորը «Պատումն ըննդեմ իմպրեսիոնիզմի» խորագրով զրույցի ժամանակ անդրադարձան Ռայանի «Դատարկ տեղերը» (The Voids) վեպին՝ փորձելով բացահայտել ստեղծագործության պատմողական առանձնահատկություններն ու գրական շերտերը։ Զրույցի ամենահետաքրքիր պահերից մեկն այն էր, երբ Ռայանը խոստովանեց, որ վեպը ինքնակենսագրական է և բոլոր կերպարները՝ հեղինակի կյանքում իրեն հանդիպած մարդիկ։ Այդ բացահայտումը նոր դիտանկյուն հաղորդեց քննարկմանը՝ հնարավորություն տալով այլ կերպ նայելու ստեղծագործության պատմությանը, կերպարներին և հեղինակի անձնական փորձի ու գրականության փոխհարաբերությանը, ինչպես նաև պատումի ոճին։

Կարեն Ղարսլյան և Թեսա Բերինգ զույգը զրուցեց «Պոեզիա․ ավանկդական մոտեցումների վերաիմաստավորում» թեմայի շուրջ։ Նրանք քննարկեցին, թե ինչպես է ժամանակակից պոեզիան երկխոսում ավանդույթի հետ՝ վերաիմաստավորելով բանաստեղծական ձևերն ու արտահայտչամիջոցները։ Զրույցն ուղեկցվեց նաև իրենց բանաստեղծությունների ընթերցմամբ։

Մարջորի Լոթֆին և Փիթեր Բալաքյանը հանդես եկան «Ինքնություն և պատկանելություն» զրույցով։ Երկու հեղինակներն էլ ընթերցեցին իրենց ստեղծագործությունները, որոնց միջոցով անդրադարձան ինքնության, արմատների և պատկանելության հարցերին։ Հետաքրքիր երկխոսություն ծավալվեց նաև այն մասին, թե ինչպես են ձևավորվում ինքնության և տան զգացողությունները, երբ ստեղծագործում ես ոչ այն երկրում, որտեղից սերում ես։

Անուշ Քոչարյանն ու Ուիլյամ Լեթֆորդը «Վերագտնելով ձևն ու ինքնությունը որպես գրող» խորագրով զրույց ունեցան, և բացահայտեցին թե՛ թեմատիկ և թե՛ ոճական բազմաթիվ զուգահեռներ իրենց գրականությունների մեջ։ Ընթերցումը հնարավորություն տվեց ներկաներին ավելի անմիջականորեն զգալու երկու հեղինակների գրական աշխարհների ու արտահայտչական առանձնահատկությունների նմանությունները։

Լուսանկարները՝ Ed Tadevossian-ի

Առաջարկվող նախագծեր