Բացմանը իրենց ելույթներն ունեցան Լայպցիգի` մշակույթի և արվեստի գծով փոխքաղաքապետ Շկադի Յանիկեն, Ռան Դիտրիխ ընկերության (RDG) կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սյուզան Կուչարսկի-Հունիաթը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավ-կովկասյան գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը, ինչպես նաև բանաստեղծ և արձակագիր Անուշ Քոչարյանը։ Բացմանը ներկա էին հայկական ծրագրի միջոցառումների մասնակից ավելի քան 15 խոսնակներ, նրանց թվում հեղինակներ, թարգմանիչներ, լրագրողներ, գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտերկրյա հրատարակիչներ։ Միջոցառումն ուղեկցվեց հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ և ներկայացուցչական մթնոլորտ։
Հարկ է նշել, որ Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան Թագե Կյուլինգը իր ելույթում նշեց, որ իրենք հատկապես ուրախ են աջակցել նախաձեռնությանը, քանի որ այն իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից, ինչպես շատ այլ նախագծեր, որոնք ներկայացնում են հայկական արվեստի և մշակույթի ոլորտը միջազգային մակարդակով: Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ Ֆլորիան Բինդերը նույնպես նշեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու կարևորությունը՝ ապահովելու երկրի ներկայիս քաղաքական ուղին դեպի եվրաինտեգրում:
ԱՐԻ Գրականության հիմնադրամի այս տարվա մասնակցությունն ընթանում էր «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով միջազգային հարթակում ներկայացնել հայկական գրական ժառանգությունն ու ժամանակակից ձայները։ Տաղավարում ներկայացված էին հայ հեղինակների գրքերի գերմաներեն թարգմանություններ, մշակութային, պատմական, ինչպես նաև զբոսաշրջային բովաբդակությամբ գրքեր, քարտեզներ և բրոշյուրներ։
Տարվա գլխավոր նորությունն էր, Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի գերմաներեն հրատարակությունը Սեբաստիան Գուգոլց հրատարակչության կողմից։ Թարգմանիչ Սյուզաննա Եղոյանը առիթ ունեցավ ներկայացնել գիրքը թե՛տաղավարում և թե իր մասնակցությամբ միջոցառման ընթացքում։
Ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում ԱՐԻ գրականության հիմնադրամն անցկացրեց 5 միջոցառում՝ պանելային քննարկումների, ինչպես նաև հանրային դասախոսության ձևաչափերով։ Բոլոր միջոցառումները միտված էին միջազգային երկխոսության խթանմանը՝ ներգրավելով ոչ միայն հայազգի մասնակիցների այլև եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների՝ ստեղծելով գրականությունների միջև զուգահեռներ անցկացնելու հնարավորություն և ներկայացնելով հայ գրականությունը որպես եվրոպական մշակութային ավանդույթի և խոսույթի մաս։