ՓԵՆ Հայաստանյան կենտրոն
ԱՐԻ գրականության հիմնադրամը Hyestart–ի աջակցությամբ խթանել է ՓԵՆ Հայաստանյան կենտրոնի վերահիմնավորումը:
Հայաստանի ՓԵՆ կենտրոնը ետխորհրդային տարածաշրջանում առաջիններից էր, որի հիմնադիր է հանդիսացել Գևորգ Էմինը դեռևս 1991 թվականին։ Այնուհետև կազմակերպության առաջնորդությունը ստանձնել են անվանի գրական թարգմանչուհի Աննա Հակոբյանն ու իրավապաշտպան Միքայել (Միկա) Դանիելյանը։ Տեղական կառույցը վերակազմավորվել է 2017 թվականին։
2020-ից կենտրոնը հանդիսանում է Երևանի Մարդու Իրավունքների Տան լիիրավ անդամ։
Ավելին իմանալու համար այցելեք ՓԵՆ Հայաստանյան կենտրոնի կայքը (շուտով)։.
ՓԵՆ-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
ՓԵՆ-ը հավաստում է՝
- Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է մնա համընդհանուր արժեք ժողովուրդների համար՝ անկախ քաղաքական կամ միջազգային վայրիվերումներից:
- Ցանկացած պարագայում, և հատկապես պատերազմի ժամանակ, արվեստի գործերը, լինելով համամարդկային սեփականություն, պետք է զերծ պահվեն ազգային կամ քաղաքական կրքերից:
- ՓԵՆ-ի անդամը պետք է գործի դնի իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ ժողովուրդների և ազգերի միջև փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի, ջանք չխնայի ատելության դրսևորումների վերացման գործում, պայքարի հանուն «մի աշխարհ, մի մարդկություն՝ խաղաղության և հավասարության պայմաններում» իդեալի։
- ՓԵՆ-ը սատար է կանգնում մտքի անարգել՝ ներազգային ու ազգամիջյան փոխանակման սկզբունքին, իսկ նրա յուրաքանչյուր անդամ պարտավոր է դիմադրել արտահայտման ազատության ճնշման ցանկացած դրսևորման՝ լինի դա իր երկրում, թե համայնքում, իսկ հնարավության դեպքում՝ ամբողջ աշխարհում: ՓԵՆ-ը հանդես է գալիս հօգուտ ազատ մամուլի և ընդդեմ խաղաղ պայմաններում իրականացվող կամայական գրաքննության: Համարում է, որ կառավարությունների, պետական մարմինների և ինստիտուտների ազատ քննադատությունն օրվա հրամայականն է, որը բխում է աշխարհի առաջխաղացման անհրաժեշտությունից՝ դեպի առավել կազմակերպված տնտեսական և քաղաքական կարգի։ Հաշվի առնելով, որ ազատությունը ենթադրում է ինքնակամ սահմանափակումներ, իր յուրաքանչյուր անդամ պարտավորվում է դիմադրել ազատ մամուլի արատավոր դրսևորումներին, ինչպիսիք են՝ քաղաքական և անձնական նկատառումներով արված ստահոդ հրապարակումները, միտումնավոր կեղծիքները, փաստերի խեղաթյուրումը։