Պանելային քննարկում «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի շրջանակներում

Նոյեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի ISTC դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին փուլում թարգմանված գրքերի շուրջ։ Հանդիպումը վարում էր ԵՊՀ Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Նաիրա Մկրտչյանը։ Բանախոսներն էին  Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, արվեստի քննադատ, համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը և ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը։

Քննարկման նպատակն էր ներկայացնել Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի գործունեությունը, հրատարակված գրքերը և քննարկել գրքերի գործնական կիրառությունը համալսարանական շրջանակներում, ուսումնական գործընթացներում, գիտական աշխատանքում։

Ռազմիկ Փանոսյանը խոսեց հումանիտար գիտությունների ոլորտի հետ առնչվող տարբեր մասնագետների և ուսանողների շրջանում ժամանակակից համաշխարհային փիլիսոփայական մտքին հայերենով ծանոթանալու և այդ գիտելիքները մասնագիտական նպատակներով օգտագործելու կարևորության մասին։

Լինելով նախագծի շրջանակներում հրատարակված Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատության թարգմանիչը՝ Նազարեթ Կարոյանը խոսեց թարգմանության ընթացքում իրեն հանդիպած խոչընդոտների, եզրույթների ստեղծման մասին։

Իր խոսքում ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը նշեց ժամանակակից փիլիսոփայական աշխատությունների՝ հայերենով թարգմանված լինելու կարևորությունը, քանի որ դրա բացակայության պատճառով ուսանողները ստիպված են լինում ծանոթանալ նման նյութերին այլ լեզուներով և հետո վերարտադրել հայերենով, ինչը շատ հաճախ հանգեցնում է անճշտությունների։ ԵՊՀ գրադարանի տնօրենը խոսեց գրադարանի գործառույթների, գրքերի պահանջարկի և դասագրքերի հայերեն թարգմանության անհրաժեշտության մասին։

Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել  ստորև։