Նոյեմբերի 29-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «20—րդ դարի միտքը հայերեն» խորագրով քննարկում՝ նվիրված Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին փուլի ավարտին և նոր փուլի մեկնարկին։
Քննարկումը բացվեց ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում էր նախագծի ընթացքի, դրա շրջանակներում հրատարակված գրքերի, թարգմանիչների, խմբագիրների, հրատարակիչների, գրքերի առաջխաղացմանն ու լուսաբանմանն ուղղված միջոցառումների մասին։
Բանախոսներն էին Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, արվեստի պատմաբան, տեսաբան և փիլիսոփայական գրականության թարգմանիչ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության դոցենտ, Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ Վարդան Ազատյանը, արվեստաբան, հրապարակախոս, թարգմանիչ Նազենի Ղարիբյանը, քաղաքագետ, դասախոս Ասպետ Քոչիկյանը և ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
Քննարկումը մոդերացնում էր Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի Հայաստանում համակարգող ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը։
Ռազմիկ Փանոսյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, թարգմանական մատենաշարը նախաձեռնելու պատմությունը, գրքերի ընտրության սկզբունքները, ինչպես նաև մատենաշարի նոր՝ երկրորդ փուլում ընդգրկված գրքերի ցուցակը։
Վարդան Ազատյանը խոսեց քննարկման խորագրի՝ 20րդ դարի մարտահրավերների և դրանց շուրջ ծավալված համաշխարհային մտքի ուղղությունների մասին։ Նա կարևորեց թարգմանությունների միջոցով մտածողության զարգացման հնարավորությունը։ Վարդան Ազատյանը հանդիսանում է նաև Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի անդամը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում հրատարակված Ֆրանսուա Լյոտարի աշխատության քննադատական հոդվածների ժողովածուի խմբագիրն է և ծավալուն վերջաբանի հեղինակը։ Նազենի Ղարիբյանը խոսեց թարգմանական մարտահրավերների մասին, թե ով է թարգմանիչն առհասարակ և ինչպես և ինչու են մասնագետները որոշում զբաղվել թարգմանությամբ։ Ասպետ Քոչիկյանն խոսեց մատենաշարում ընդգրկված գրքերի կարևորության մասին միջգիտակարգային առումով։ Միքայել Հովհաննիսյանը խոսեց մատենաշարի գրքերը ուսումնական գործընթացում ներառելու հնարավորությունների մասին։
Քննարկմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում թարգմանիչներ, հրատարակիչներ, գրողներ, ովքեր ակտիվ մասնակցեցին պանելային քննարկմանը հաջորդած հարցուպատասխանին։
Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։