«ԱՐԻ գրականության հիմնադրամը» Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ հաջողությամբ իրականացրեցին «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» նախագիծը, որի շրջանակներում իրականցվեցին երեք հետազոտություն։ Ստորև ծանոթացեք Վահրամ Դանիելյան և Արթուր Միրզոյանի «Գրականության դասագրքերը, որպես «Հոմո սովետիկուսի» կերտման գործիք․ Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» հետազոտությանը։

Գրականության դասագրքերը, որպես «Հոմո սովետիկուսի» կերտման գործիք․ Հայ գրականությունը խորհրդային դպրոցում

Վահրամ Դանիելյան և Արթուր Միրզոյան

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը պատմական ու քաղաքական կարևորագույն շրջափուլ էր հայ ժողովրդի համար։ Այս ժամանակահատվածը բազմաթիվ դիտակետերից է քննվել։ Մեր աշխատանքի նպատակն է Խորհրդային Հայաստանի ու նրանում ապրող քաղաքացու ձևավորումն ու կայացումը ուսումնասիրել դպրոցական կրթական համակարգի, մասնավորապես  հայ գրականության դասավանդման պետական ծրագրերի հաջորդականության դիտակետից։

Սկզբում կներկայացնենք դպրոցական ծրագրերում հայ գրականության դասավանդման հիմնական ուղեցույց-ծրագրերը ու դրանցում արձանագրվող փոփոխությունների դինամիկան՝ սկսած 1920-ականներից մինչև 1980-ականններ։ Այնուհետև, կդիտարկենք, թե Խորհդային Միության տարբեր շրջափուլերում ինչպես էին մեկնաբանվում հայ գրականության որոշ կարևոր հեղինակները ու նրանց գրական գործերը՝ պայմանավորված պետական համակարգում տեղի ունեցող փոփոխություններով։ Աշխատանքի վերջում կհրապարակենք գրականության դպրոցական ծրագրերով նախատեսված հեղինակների ցանկերը, որից պարզ կլինի, թե ինչպես են ժամանակի ընթացքում կանոնիզացվել սովետահայ աշակերտի պատկերացումները հայ գրականության ու նրա հիմնական հեղինակների մասին։

Այս ուսումնասիրության մեջ ժամանակակից ընթերցողը կարող է հանդիպել իրեն փոքր-ինչ արխայիկ թվացող բառապաշարի ու լեզվական կառույցների։ Մենք դիտմամբ որոշ տեղերում օգտագործել ենք քննվող տեքստերի լեզվանյութը՝ նաև ժամանակի շունչն ու տրամադրությունները փոխանցելու համար։

***

Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակում, երբ բնակչության ավելի քան 80 տոկոսը գրագետ չէր, չկային բավարար ենթակառուցվածքներ (դպրոցական շենքերը քիչ էին), և մարդկային ներուժն էլ չէր հերիքում (մանկավարժների պակաս կար), շատ դժվար էր միանգամից կրթական համատարած գործունեություն ծավալել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ սկսվեցին 1921-ին, երբ ԽՍՀՄ  Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատը ՝ Լուսժողկոմը, որոշեց Հայաստանում ստեղծել երկու տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա։ Դրանից հինգ տարի անց՝ 1926-ին, ձևակերպվեց հաջորդ նպատակը՝ ստեղծել եռաստիճան կրթական համակարգ, որտեղ  տարրական ու յոթնամյա դպրոցին կավելանա միջնակարգը[1]։ Այս նպատակներին պետք է ծառայեին դպրոցների համար ստեղծվող ծրագրերը, որոնք սահմանում էին կրթական առաջնահերթություններն ու թիրախները։

 1920-ականների առաջին տարիների դպրոցական ծրագրերը, պայմանավորված խորհրդային դպրոցի ձևավորման սկզբնական փուլով, համակարգվածության ու հետևողականության առումով կատարյալ չէին։ Կփորձենք դիտարկել դրանց դինամիկան՝ հատուկ  կանգ առնելով 1929-ի ծրագրի վրա, որը տասնամյակի կտրվածքով ամենաամբողջականն ու համակարգվածը կարելի է համարել։

1921-ին Լուսժողկոմը հրատարակեց Օրինակելի ծրագիր մայրենի լեզվի դպրոցական ծրագիրը, որի կազմը զարդարում էր Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք լոզունգը[2]։ Հիմնական նպատակները, որ սահմանում էր այս ծրագիրը, մասնագիտական գրագիտությունն ու մայրենի լեզվի և գրականության ճանաչողություն էին։ Բայց առավել կարևոր էին ծրագրի ռազմավարական նպատակները․ դրանք այսպես էին սահմանվում․

ա ․ Զարթեցնել, զարգացնել ու մշակել աշակերտի ինքնագործունեությունը։

բ․ Զարգացնել խելացի ու քննադական վերաբերմունք դեպի շրջապատը և իրականությունը։

գ․ Զարթեցնել ու զարգացնել աշակերտի մեջ հասարակական բնազդներ (էջ 5)։

Ծրագիրը հատկապես կարևորում էր զրույցի դերը ուսումնական ծրագրում և հրահանգում, որ այդ զրույցների ընթացքում ուսուցիչը պիտի լինի չափազանց սակավախոս և խուսափի դասին դոգմատիկ բնույթ տալուց։ Աշակերտը պիտի խոսի, դատի, եզրակացություններ հանի, ընդհանրացումներ անի, քննի, քննադատի, ուսուցիչը պիտի օգնի և աննկատելի կերպով ղեկավարի (էջ 19)։

1924-ին հրապարակվում են առաջին[3] և երկրորդ[4] աստիճանների աշխատանքային դպրոցների ծրագրերը։

Առաջին աստիճանի ծրագիրը նախատեսված էր տարրական կրթության համար և ավելի շատ նպատակ ուներ ծանոթացնելու աշակերտներին տարբեր առարկաների հիմնական սկզբունքների ու առաջնահերթությունների հետ։ Սակայն հենց տարրական առաջին աստիճանի դպրոցական ծրագիրը բացվում է մի ենթավերնագրով, այն է ՝ Դպրոցը երբեք չի եղել ապաքաղաքական, ինչը հուշում է, որ պարզ գիտելիքների փոխանցումը ամենևին էլ ծրագրի միակ թիրախը չէր։ Ծրագրի բացատրագրում  շեշտվում է, որ դպրոցը գործիք է իշխող դասակարգի ձեռքին՝ իր նպատակները իրականացնելու համար։ Մեջբերվում են Լենինի խոսքերը, ըստ որի՝ դպրոցում էլ պետք է պայքարել բուրժուազիայի տապալման համար և կեղծիք ու կեղծավորություն է դպրոցը կյանքից ու քաղաքականությունից դուրս դիտարկելը (էջ 3)։ Առաջին աստիճանի դպրոցի Մայրենի լեզվի ծրագրում ընդգծվում է, որ լեզուն մտքի, զգացմունքի և ըմբռնումների արտահայտության միջոց է և կարևոր դեր է խաղալու դպրոցում, որովհետև այն պետք է ծառայի իրականության յուրացմանը (էջ 60): Նախատեսվող դասագիրքը, ուր ընդգրկվելու էին անցնելիք գեղարվեստական գործերը, կրելու էր քրեստոմատիկ բնույթ, և ուսուցիչն ազատ էր լինելու ընտրել այն նյութերը, որոնք առավելագույնս կծառայեն մյուս առարկաներում առաջ քաշված խնդիրների յուրացմանը (էջ 61)։ Ուսուցչի կողմից հանձնարարվող գեղարվեստական գործերի վերաբերյալ ծրագիրը պահանջում էր, որ դրանք ոչ միայն պետք է բավարարեն ընթերցող աշակերտին, այլև ծառայեն կոլեկտիվի շահերին (էջ 63)։

Երկրորդ աստիճանի դպրոցի ծրագիրը նախատեսված էր պատանիների համար, և խնդիրներն ավելի հստակ էին դրված։ Ծրագրի մեթոդական բացատրության հենց առաջին մասում կարդում ենք, որ այն պետք է դաստիարակվող պատանուն տա մատերիալիստական աշխարհայացքի անհրաժեշտ գիտական հիմունքները, որոնք կօգնեն նրան իր տեղը գտնելու ներկա հասարակարգում (էջ 3): Ծրագիրը երկու կոնցենտրումներից էր բաղկացած[5]։ Գրականության դասընթացը, պատմության, հասարակագիտության, արվեստի և աշխարհագրության հետ, նախատեսված էր անցնել առաջին կոնցենտրումի սահմաններում, ուր աշակերտը պետք է ստանար հստակ գաղափար բանվոր դասակարգի իդեալների, պայքարի ու հաղթանակի մասին և  գաղափարապես անցներ խորհրդային իշխանության և Հոկտեմբերյան հեղափոխության պաշտպանների շարքերը (էջ 3)։  Միաժամանակ աշակերտը պետք է ծանոթանար ժողովրդական տնտեսության հիմնական ձևերին ու տեխնիկային, հստակ գաղափար ունենար այդօրվա գյուղի ու քաղաքի արտադրական ուժերի մասին և այլն (էջ 4)։ Ծրագիրը ընդգծում էր, որ դպրոցը ինքնամփոփ կյանքով չի կարող ապրել, այն աշխատավորական կյանքի մի մասն է, աշակերտներն ու ուսուցիչները միասին կոլեկտիվ պետք է դառնան, պետք է ապահովվի դասավանդվող առարկաների կոորդինացիան, սինթեզը և այլն (էջ 6-7)։ Սրանով հանդերձ պահպանվում էր դասավանդման հնարավորինս չկաշկանդող մարտավարությունը։ Հայոց լեզվի և գրականության բացատրական բաժնում կարդում ենք, որ գրական նյութերի վերլուծության ժամանակ ուսուցիչը գրականության պատմությունից չպետք է պատրաստի ձևեր հաղորդի աշակերտներին, այլ աշխատի հարմար հարցերով վարժեցնելու նրանց ինքնուրույն մտածողության, որին կարելի է հասնել լաբորատոր աշխատանքների միջոցով (էջ 137)։

1929-ին ՀՍԽՀ Լուսժողկոմատի հրատարակած Ծրագիր յոթնամյա դպրոցի (քաղաքի) ձեռնարկը[6] ավելի համակարգված բնույթ էր կրում և առավել հանգամանալից ու մանրամասն դիտարկման է արժանի։

 Ըստ երևույթին, ենթակառուցվածքների ու աշխատուժի առումով դպրոցը դեռ բոլորին հավասարապես չէր կարողանում սպասարկել, դրա համար առաջնահերթությունը աշխատավոր խավի երեխաներին էր տրվում, հետո միայն՝ այսպես կոչված ունևորների զավակներին։ Մատերիալիստական-մարքսիստական, կոլեկտիվիստական դաստիարակության խնդիրներից զատ՝ դպրոցը պետք է հատուկ ուշադրություն դարձներ հակակրոնական դաստիարակության վրա, որը նախկին բուրժուա-նացիոնալիստական խավերի ժառանգությունն է՝ ըստ ծրագրի հեղինակների։  Այս ծրագիրը մեծապես վերցված է 1927-ի ՌԽՖՍՀ Պետգիտխորհրդի ծրագրից և հարմարեցված տեղային պահանջներին։ Կազմողները հույս են հայտնում, որ այն մի քանի տարով կայունացնելու է դպրոցի աշխատանքները, սակայն ընդգծում են, որ դեռ ժամանակ է պետք, որպեսզի դպրոցը իր վերջնական դեմքը ստանա (էջ 3-7)։

Ծրագրի  ընդհանուր բացատրական բաժնում նշվում է նաև, որ յոթնամյա դպրոցը պետք է օգնի աշակերտին՝  հասկանալու իր շրջապատը, ըմբռնելու իր տեղը հասարակության մեջ և կարողանալու ակտիվորեն մասնակցել խորհրդային երկրի շինարարությանը։ Ստացած կրթությունը կյանքում է կիրառվելու, այդ պատճառով նյութերը պետք է արդիական լինեն։ Պետք է ուշադրություն դարձվի թե՛ գեղարվեստական, թե՛ ֆիզիկական դաստիարակության վրա։  Խոսվում  է կրթության կոմպլեքսայնությունից, առարակաների ու թեմաների փոխկապակցվածության կարևորությունից, աշակերտների ինքնավարությունից և հանրօգուտ աշխատանքի հանդեպ սիրո դաստիարակությունից (Էջ 9-19)։

Հայոց լեզու և գրականություն առարկայի բացատրականում նախ ընդգծվում էր, որ գործ ունենք 12-15 տարեկան աշակերտների հետ, և կրթական յուրաքանչյուր տարում պետք է հաշվի առնել նրանց զարգացվածության հնարավորությունները։ Ըստ դրա՝ ուսման առաջին մասը ավելի շատ լեզվի, իսկ երկրորդ մասը գրականության վրա պետք է կենտրոնանար։ Գրականությունը  ուսումնասիրվում էր մարքսիստական-հասարակագիտական մերձեցումով, նյութը հասարակագիտական խմբավորման էր ենթարկվում։ Կարևորվում էր գրականության կապը հասարակագիտական այլ ցիկլի առարկաների, հատկապես Հասարակագիտություն առարկայի հետ։ Այս առարկայի այն հատվածը, որ նկարագրում էր տնտեսական հարաբերությունների զարգացումն ու դասակարգային պայքարը, ըստ կազմողների, շատ հարմար էր գրական երկերի դինամիկան ցույց տալու տեսանկյունից։

Այսպիսով` ուսման 5-րդ տարում գրականության դասընթացի առանցքը կազմում են քաղաքը, գյուղը և գյուղ-քաղաք կապը, 6-րդ տարում՝ Միության ժող-տնտեսությունն ու ինդուստրիալիզացումը, արդյունաբերությունը, բանվոր դասակարգը առաջ և հիմա, կապիտալիզմի զարգացումը և բանվոր դասակարգի պայքարը, վերջին՝ յոթերորդ տարում՝ իմպերիալիզմի դարաշրջանը, Հոկտեմբերյան հեղափոխությունը և հետհեղափոխական շրջանը՝ որպես անցում դեպի սոցիալիզմ։

Յուրաքանչյուր ուսումնական պլան ու ծրագիր տրվում էր որպես հիմք, դպրոցն ու ուսուցիչը այն պետք է հարմարեցնեին տեղական պայմաններին, այդ հարմարեցումները քննարկեին աշակերտների հետ, իսկ աշակերտներից սպասվող աշխատանքները ոչ թե անցած նյութը դասարանում վերապատմելը պետք է լիներ,  այլ խմբերի բաժանվելով ինքնուրույն առաջադրանքներ կատարելը, որոնց մատուցումը դասի ժամանակ նոր գիտելիք էր դառնում դասարանի մյուս աշակերտների համար (էջ 45-51)։

Դիտարկելիք հաջորդ դպրոցական ծրագիրը խորհրդային կարգերի հաստատման երկրորդ տասնամյակն է ներկայացնում, երբ մի կողմից ավելի կայացած է ներկայանում սովետահայ դպրոցը, մյուս կողմից՝ 1920-ականների ծրագրերում առկա ազատություններն սկսում են քիչ-քիչ պակասել՝ հստակ հրահանգների ու կանոնների խստացման արդյունքում։ 1933-ին  լույս  տեսած Միջնակարգ դպրոցների (քաղաքի և գյուղի) ծրագրեր V-X խումբ ձեռնարկում[7] հայոց լեզուն և գրականությունը արդեն որպես առանձին առարկաներ են դիտարկվում․  ուսման 5, 6 և 7-րդ տարիների գրականության դասընթացը առանձին բաժին է կազմում, իսկ 8-10-րդ դասարաններինը՝ առանձին։

5-րդ դասարանի գրականության ծրագիրը համարվում է նախապատրաստական, որը պետք է ապահովի գեղարվեստական գրականության մասին փաստական գիտելիքների մինիմումը։ Բայց արդեն այս տարիքից ծրագիրը ընդգծում է, որ պետք է օգնել երեխային երկերի էությունը ճիշտ ըմբռնել, ճիշտ ուսումնասիրություն կատարել, իսկ նախահոկտեմբերյան շրջանի գրողների ստեղծագործությունների դեպքում ուսուցիչը պարտավոր է ընդգծել դասակարգային անընդունելի մոմենտները, որովհետեւ գրականությունն իրականության դասակարգային ճանաչողության եւ վերափոխման, դասակարգային պայքարի եւ տիրապետության զենք է (էջ 11-12)։ 6 և 7-րդ տարիների գրականության ծրագրերը ավելի սիստեմավորված են պատմական սկզբունքով՝ 19-20-րդ դարերի գրականությունները, ուր կարևոր է տեսնել գրողների բռնած դիրքը տվյալ ժամանակաշրջանի դասակարգային պայքարում (էջ 15)։ Ընդ որում, հեղինակների շարքում են ոչ միայն հայ, այլև եղբայրական ժողովուրդների և որոշ եվրոպացի գրողների ստեղծագործություններ։

Շատ ավելի համակարգված ու հետևողական է կառուցված 8-10-րդ դասարանների գրականության ծրագիրը։ Օգտագործված է նույն պատմական սկզբունքը։ Սկզբում անցնում են հայ հին և միջնադարյան գրականությունից նմուշներ՝ որպես ներածություն։ Այս բաժինը անվանվում է Մինչբուրժուական, ֆեոդալական հասարակական հարաբերությունների տիրապետման շրջանի գրականություն։ Այնուհետև գալիս է 19-20-րդ դարերի գրականությունը, որի պատմական ընթացքը հետևյալ ձևով է վերնագրվել՝ Բուրժուազիայի տիրապետման շրջանի գրականություն և Խորհրդային գրականություն։  Ծրագրում առանձին խորագրով տեղ է հատկացված արևմտահայ գրականությանը, որով աշակերտները պետք է ծանոթանան Պարոնյանի, Դուրյանի, Մեծարենցի և Զոհրապի ստեղծագործություններին։ Մի փոքր բաժին էլ նվիրված է եվրոպական գրականության նմուշներին։ Ընդ որում, կարևոր է ընդգծել, որ ամբողջ 10-րդ դասարանը նվիրված է խորհրդային, որ նույնն է թե՝ այդ շրջանի ժամանակակից գրողների գործերին։ Ծրագրի վերջում տրված են մարքս-լենինյան գրականագիտության հիմունքները, սակայն նշվում է, որ դասատուն միշտ պարտավոր է առաջնորդվել այդ սկզբուքներով, այն է՝ սոցռեալիզմով, և պարտավոր է խուսափել գռեհիկ օբյեկտիվիզմից, գռեհիկ սոցիոլոգիզմից և էսթետիզմից (էջ 23)։

Ինչո՞վ է 1933-ի այս ծրագիրը գլոբալ տարբերվում 1920-ականներին լույս տեսած, թեկուզ անկատար ծրագրերից։ Եթե 1920-ականներին տրվում էին ստեղծագործությունների ցանկեր, որոնցից ուսուցիչն ընտրում էր, թե աշակերտները  որոնք կարդան, հարցերի միջոցով մեկնաբանեն ու հասկանան, ապա այս ծրագրում թվարկվում էր, թե որ հեղինակից ինչ անցնել, ինչպես մեկնաբանել այդ գործերը, որտեղ է հեղինակը ճիշտ, որտեղ է մոլորված և այլն։ Այս սկզբունքը, ըստ էության, դառնում է դպրոցական ծրագրերի հիմնական գիծը խորհրդային հետագա տասնամյակների համար, ընդ որում, որոշ հեղինակներ հայտնվում ու անհետանում են ծրագրերից՝ ըստ քաղաքական պատեհությունների, որոշ հեղինակների նույն գործերի հանդեպ տրվող գնահատականներն էլ փոփոխվում են՝ ըստ ժամանակի թելադրանքի։ Գրականության ծրագրերի հանդեպ մոտեցումների փոփոխության և ավտորիտարության դրևորում էր նաև 1934-ին լույս տեսած մի ձեռնարկ, որը կոչված էր վերստին բացատրելու, թե ինչպես պետք է անցնել դասագրքերի նյութը՝ ըստ 1933-ի ծրագրերի[8]։

Կարևոր փոփոխոթյուն էր նաև 1920-ականներին հատուկ թեմաների շուրջ գրականության ծրագրերի կառուցման մեթոդից անցումը պատմական-ժամանակագրական մեթոդի, որի արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, կորչում էր նախկին ծրագրերին հատուկ առարկաների կոմպլեքսայնությունը (միջառարկայականությունը), որը դեռ կհայտնվի 1980-ականների ծրագրերում, բայց ամբողջությամբ ձևախեղված մոտեցումներով։

Հաջորդ ծրագիրը, որ կդիտարկենք, լույս է տեսնում 1940-ին։ Ժամանակաշրջանը առանձահատուկ է նրանով, որ մի կողմից բացում է խորհրդային կարգերի երրորդ տասնամյակը, մյուս կողմից՝ ժամանակագրորեն հաջորդում 1937-ի ստալինյան բռնաճնշումներին, ինչպես նաև՝ նախորդում Հայրենական մեծ պատերազմին[9], որին  ներգրավվելու էր Խորհրդային Միությունը 1941-ին։ Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ կոչվում է ոչ թե Հայ գրականություն, այլ պարզապես Գրականություն։ Մեր ձեռքի տակ եղած օրինակը հետևյալ վերնագիրն ունի՝ Միջնակարգ դպրոցների ծրագրեր, 1 Գրական ընթերցանություն V-VII դասարանների, 2 Գրականություն VIII-X դասարանների[10]։ Անդրադառնալու ենք Գրականություն VIII-X դասարանների բաժնին, որն հնարավորինս ամբողջական է ներկայացնում ծրագրի հեղինակների պատկերացումները գրականության դասավանդման մասին և ի ցույց դնում նրանց միջոցով փոխանցվող քաղաքական պատվերը[11]։

Ծրագրի բացատրականում նախ և առաջ ընդգծվում է, որ գրականությունը պետք է ուսումնասիրել պատմական-գրական պլանով, ինչին մենք արդեն ծանոթ ենք 1933-ի ծրագրից։ Ուսուցիչներին ծրագրի հենց առաջին մասում ասվում է, որ նրանք պարտավոր են իրենց դասերի ժամանակ դաստիարակել աշակերտների բոլշևիկյան աշխարհայացքը, որին հաջորդում է ընկեր Ստալինից կատարված մեջբերումը բոլշևիկյան աշխարհայացքի մասին։ Ընդհանրապես, այս ծրագրում մարքս-լենինյան նախկինում հանդիպող մեջբերումները փոխարինվում են լենին-ստալինյան հղումներով։

 Եվս մի հետաքրքիր դիտարկում ենք հանդիպում բացատրականի սկզբում, որը սկզբունքային փոփոխություն է գրականության ծրագրերի առաջնահերթությունների արդեն ներկայացված համատեքստում։ Ասվում է, որ 1936-37 ուսումնական տարուց սկսած Պուշկինի հոբելյանական միջոցառումների շնորհիվ դասավանդման մեջ անկասկածելի հաջողություններ են արձանագրվել, և այդ հաջողության տակ ներկայացվում է արտահայտիչ ընթերցումը և բերանացի սովորելը։ Շեշտվում է, որ աշակերտների հիշողությունը հարստացնելու համար պետք է բերանացի սովորել կարևոր գեղարվեստական երկերը՝  արձակ, թե չափածո։ (Եթե այս միտքը թարգամանենք մեզ ավելի մոտ բառապաշարի, ապա հենց այս ժամանակներից է սկզբնավորվում գրական տեքստերի պաթետիկ ընթերցանության ու բանաստեղծությունները անգիր արտասանելու տխուր ավանդույթը՝ որպես գրականության հանրայնացման բարձրակետ։ Թե սա ինչ չափով է աղավաղել գրականության մասին պատկերացումները մեզանում, քննարկելիք այլ թեմա է)։

Մեկ այլ կարևոր փոփոխություն, որ առաջին անգամ հանդիպում է հենց  այս ծրագրում, գրողների կենսագրությունները, նրանց անցած ուղին յուրացնելն է՝ որպես դասավանդման հիմնական մեթոդական ցուցում։ Սա ևս մեզանում գրականությունից աշակերտներին վանող ավանդույթի տարրերից է, որ սկզիբ է առնում 1940-ականներից,  երբ գրողների կենսագրությունների յուրացումը ավելի առաջնահերթ է դառնում, քան նրանց տեքստերի վերլուծությունը։ Սրան զուգահեռ պահանջվում է ներկայացնել գրողների խաղացած դերը իրենց ժողովրդի  կուլտուրայի ձևավորման, զարգացման և ազատագրական շարժման մեջ։ Ըստ էության, սա էլ գրողներին իդեալականացնելու, անձի յուրօրինակ պաշտամունք ստեղծելու ավանդույթի սկիզբ է, երբ գրեթե բոլոր գրողները ազնիվ են, համեստ, աշխատասեր, ժողովրդասեր, քաջ և հանճարեղ[12]։

Այս ծրագրի մյուս կարևոր առանձնահատկությունը դասերը որպես դասախոսություններ անցկացնելու պահանջն է՝ ի տարբերություն հատկապես 1920-ականների, որտեղ ավելի շատ զրույցն էր խրախուսվում՝ որպես դասավանդման մեթոդ (էջ 25-35)։ Սա էլ իր հերթին գրականության դասավանդման միաձայնության, ուսուցչի ու դասագրքի` ճշմարտության անունից ներկայանալու տխուր ավանդույթի հիմնարկեքն է ։

Հիմա համառոտ ներկայացնենք գրականության բուն ծրագիրը՝ ըստ դասարանների և խորագրերի (էջ 35-97)։ 8-րդ դասարանի ծրագիրը սկսվում է ժողովրդական բանահյուսությամբ, որը պետք է ուսումնասիրել ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրայի ստալինյան տեսության լույսի տակ (էջ 36)։ Համառոտ ակնարկ կա հին շրջանի հայ գրականության մասին, որին հաջորդում է էպոսը, միջնադարյան տաղերգուները և առակագիրները։ Այնուհետև գալիս է 19-րդ դարի հայ գրականությունը, որը խորագրված է Հայ նոր գրականություն։ Արևմտահայ հեղինակները այս ծրագրում այլևս առանձնացված չեն և անցնում են նույն խորագրի տակ՝ արևելահայերի հետ զուգահեռ։ 9-րդ դասարանի ծրագրով շարունակվում է 19-րդ դարի հեղինակների ուսումնասիրությունը՝ ընդգրկելով նաև 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները։ 10-րդ դասարանի ծրագիրը ամբողջությամբ նվիրված է խորհրդային գրականությանը, ընդ որում, հայ գրականությունը մեծ, բայց ոչ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այս հատվածում։ 10-րդ դասարանցին կիսամյակի սկզբում  պետք է երկար լսի Լենինի, Ստալինի հայացքները խորհրդային գրականության մասին, ծանոթանա այդ գրականության զարգացման հիմնական փուլերին, հետո անցնի հայ հեղինակների։ Ընդ որում, եթե նախորդ ծրագրի խորհրդահայ գրականությունը բացվում էր Եղ․ Չարենցով, ապա 1937-ից հետո Չարենցն ընդհանրապես դուրս է մնացել այս ծրագրից, և առաջին ու կարևորագույն հեղինակը հեղափոխության երգիչ Հակոբ Հակոբյանն է։ Ծրագրում առանձին բաժիններ են զբաղեցնում ԽՍՀՄ ժողովուրդների ժամանակակից գրականությունները՝ ռուսական (որտեղ գրեթե ամբողջությամբ ուսումնասիրվում են Մաքսիմ Գորկու ու Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունները[13]), ուկրաինական, վրացական, ադրբեջանական, բելառուսական։ Ծրագրում տեսական բաժին է նախատեսված, ուր գեղարվեստական գրականությունը հորջորջվում է որպես իդեոլոգիա,  և 10-րդ դասարանում, ուսումնասիրելով խորհրդային գրականությունը, անհրաժեշտ է մատնացույց անել այն, որ գաղափարական տեսակետից նա հանդիսանում է ամենաառաջավոր գրականությունը ․․․ (էջ 28)։

Հաջորդ ծրագիրը[14], որ դիտարկելու ենք, լույս է տեսնում Հայաստանի խորհրդայնացման չորրորդ տասնամյակում՝ 1954-ին։ Այս ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ հաջորդում է երկու կարևոր իրադարձությունների՝ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945) և Ստալինի մահվանը (1953)՝ համընկնելով խրուշչովյան ձնհալի ժամանակաշրջանի սկզբնավորման հետ։

Ի տարբերություն 1940-ի Գրականության, այս մեկը վերնագրված է Հայ գրականության ծրագիր։ Մեր քննարկելիք օրինակը ընդգրկում է ուսման 8-10-րդ դասարանները։ Ծրագրի բացատրական բաժնի հենց առաջին պարագրաֆը առանձնանում է հայ գրականության մի նոր պարբերականացմամբ, այն է՝ նախասովետական և սովետական շրջանի հայ գրականություններ (էջ 3)։ Նախասովետականի մեջ մտնում են գրերի գյուտից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածը, իսկ սովետականի մեջ՝ 1920-ից հետո եկող գրականությունը։

Ծրագրերի առաջին էջերին հանդիպող մարքս-լենինյան, այնուհետև լենին-ստալինյան հղումներին այս անգամ փոխարինում են հղումներ ընկերներ Ժդանովից ու Մալենկովից[15], ովքեր բարձր են գնահատում գրականության դերը ժողովուրդների քաղաքական միասնության ու համախմբման գործում, ինչպես նաև կարևորում են տիպականությունը ռեալիստական արվեստի և գրականության մեկնաբանման մեջ (էջ 3-4)։

Հայրենական մեծ պատերազմին հաջորդող այս ծրագրի մեջ կարևոր շեշտադրումներ են դառնում գրականության պատկերած ազգային-ազատագրական ոգին, մարտական բարձր պաթոսը, հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ անսահման սերը և այլն։ Անշուշտ, այս ամենը պետք է համեմված լիներ սովետական երկրի հանդեպ նվիրվածությամբ։ Ահա մի մեջբերում․ Ավելի քան մեծ է սովետահայ գրականության՝ աշխարհի ամենից ռևոլուցիոն, ամենից գաղափարական ու առաջավոր գրականության՝ սովետական մի հատվածի դաստիարակչական նշանակությունը։ Սովետահայ գրականության աչքի ընկնող երկերի ուսումնասիրությունը օգնում է դպրոցին՝ դաստիարակելու մեր աշակերտներին սովետական հայրենասիրության, սովետական ազգային հպարտության, կոմունիստական բարձր բարոյականության և գաղափարականության ոգով (էջ 4)։ Կարևորվում է նաև գրականության բացահայտիչ դերը մեր ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր էտապներում (էջ 5)[16]:

Ծրագրի համաձայն աշակերտը պետք է իմանա, որ թե՛ անցյալի առաջավոր գրականությունը, թե՛ սովետականը միշտ պայքարել են անկումային տրամադրությունների, եվրոպական կուլտուրայի ու գրականության հանդեպ ստորաքարշության, բուրժուական կոսմոպոլիտիզմի, ապոլիտիզմի և ֆորմալիզմի դեմ (էջ 5)։ Հետաքրքիր է, որ 1940-ի ծրագրի հեղինակները կարևորում էին ընդգծել, թե հայ գրականությունը ինչպես է ազդվել ռուս և եվրոպական գրականություններից, իսկ այստեղ եվրոպացիներին հիշատակելը ստորաքարշություն է համարվում։

Որպես դասավանդման մեթոդ՝ նշվում է, որ յուրաքանչյուր գրողի ուսումնասիրություն պետք է սկսել նրա կենսագրության ու գրական գործունեության մասին ակնարկով, կարևոր է, որ աշակերտը իմանա գրողների վերաբերմունքը հայրենիքի և ժողովրդի, նրա հասարակական իդեալների ու ձգտումների մասին (էջ 8)։

Ծրագրի կառուցվածքն ու հիմնական բովանդակությունը շարունակում է պատմական մեթոդով ներկայանալ․ այն հետևյալն է՝ 8-րդ և 9-րդ դասարաններում ուսումնասիրվում է հայ գրականության պատմությունը՝ հին ժամանակներից մինչև Հոկտեմբերյան հեղափոխություն (հին և միջնադարյան շրջան, հայ հին ժողովրդական բանահյուսություն, էպոս, նոր շրջան), իսկ 10-րդ դասարանում՝ սովետահայ գրականությունը։ Դասընթացը ընդգրկում է նաև ռուս դասական ու սովետական շրջանի հեղինակների, ինչպես նաև անդրադարձ կա եղբայրական ժողովուրդների ու եվրոպական դասական որոշ հեղինակների գործերին։

Արևմտահայ հեղինակները նորից առանձնացված չեն և անցնում են արևելահայերի հետ միասին, ավելի ճիշտ՝ ցանկում միայն Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունն է ընդգրկված։ Ռուս դասական հեղինակների համար առանձին բաժին է տրամադրված՝ 8-րդ դասարանի վերջում Պուշկին, 9-ի վերջում՝ Տոլստոյ։ 10-րդ դասարանի հայ գրականությունը սկսվում է ոչ թե հայ գրողով, այլ մեզ արդեն նախորդ ծրագրից քաջ ծանոթ Մաքսիմ Գորկիով, ընդ որում, Գորկու գրականությանը ավելի շատ ժամաքանակ է տրամադրված (19), քան որևէ հայ գրողի։ Այս նույն դասարանում ուսումնասիրում են նաև Վլադիմիր Մայակովսկի և Ալեքսանդր Ֆադեև։ 10-րդ դասարանի համար, ակնհայտորեն, ավելի ազնիվ կլիներ պահպանել նախորդ դասագրքի Գրականություն, ոչ թե Հայ գրականություն խորագիրը, որովհետև 8 խոշոր հեղինակ են անցնում, որոնցից միայն 5-ն են հայ։ Լավ լուրն այն է, որ գրականության ծրագիր է վերադառնում Եղիշե Չարենցը, որին ընդամենը 8 դասաժամ է հատկացվում։

1960-ականներից երկու ծրագիր կդիտարկենք։ Առաջինը 1961 թվականին լույս տեսած ծրագիրն է[17], որը շատ առումներով կրկնում է 1954-ի հիմնական մոտիվները, բայց ունի նաև որոշ առանձնահատկություններ։ Այս ծրագրում էլ հայ գրականության՝  նախորդ ծրագրից եկող պարբերացումն է  կիրառվում, այն է՝ նախասովետական և սովետական շրջանի գրականություններ։ Փորձ է արվում, սակայն, միասնականության մեջ դիտարկել հայ ամբողջ գրականությունը, ահա դրան ուղղված մի մեջբերում ծրագրի բացատրականից․ Նախասովետական շրջանի հայ առաջավոր գրականությունը, որ մշտապես և սերտորեն կապված է եղել հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի հետ, տոգորված է ժողովրդասիրական, հայրենասիրական ու ազատասիրական վեհ գաղափարներով և հարուստ նյութ է մատակարարում աշակերտների էսթետիկական, գաղափարական ու բարոյական դաստիարակության համար։ Մեծ է հատկապես աշխարհի ամենաառաջավոր՝ սովետական գրականության մի հատվածի՝ սովետահայ գրականության դերն այդ գործում (էջ 10)։

Այս ծրագրում էլ է ընդգծվում գրականության դասակարգային էությունն ու պարտիականությունը, բայց հետաքրքիր է, որ հայտնի ոչ մի բոլշևիկից ցիտատներ չկան այստեղ։

Մի բան, որ եթե նոր էլ չէ, ապա առավել ընդգծված է երևում այս ծրագրում,  դասագրքային տեքստերի կանոնիզացման շեշտադրումն է։ Ծրագիր կազմողները պնդում են, որ դասագրքի առանցքը կազմում է գեղարվեստական նշանավոր երկերի տեքստային ուսումնասիրությունը, որի համար ծրագրով նախատեսված են գաղափարական-գեղարվեստական տեսակետից մեծ արժեք ներկայացնող և իրենց հասարակական նշանակությամբ աչքի ընկնող տեքստեր (էջ 12)։ Այսինքն, գործ ունենք ոչ միայն հայ գրականության պատմության  դասական ստեղծագործությունների, այլև ժամանակակից ստեղծագործությունների կանոնիզացման գործընթացի հետ։

Բուն ծրագրի կառուցվածքն ու բովանդակությունը շատ առումներով մեզ արդեն ծանոթ է ու կրկնում է 1954-ի բաժանումներն ու շեշտադրումները՝ ըստ դասարանների՝ համապատասխանաբար 8-9-րդ դասարաններում հին ու նոր գրականություն, իսկ 10-ում՝ սովետահայ գրականություն։ Սակայն, ի տարբերություն նախորդի, ուշարժան է, որ այս ծրագիրը ավելի մոտ է հայ գրականության դպրոցական ծրագիր լինելու իր վերնագրին։ 10-րդ դասարանում միայն 2 ժամ է նվիրված սովետական գրականության ակունքներին ու մասնավորապես Մաքսիմ Գորկուն, փոխարենը, շատացել են Եղիշե Չարենցին տրամադրված դասաժամերը, ինպես նաև ծրագիր է վերադարձել Ակսել Բակունցը, որը բացակայում էր 1940-ից սկսյալ։

1960-ականներին հրապարակված հաջորդ ծրագիրը, որ կդիտարկենք, լույս է տեսնում 1969-ին[18]։ Այս ժամանակը առանաձնահատուկ է նրանով, որ նախ Նիկիտա Խրուշչովին ԽՍՀՄ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջորդում է Լեոնիդ Բրեժնևը, որի քարտուղարության ժամանակահատվածը հայտնի է լճացման տարիներ բնութագրումով։ 1969-ի ծրագիրը ժամանակագրորեն հաջորդում է նաև 1960-ականների կեսերի ազգային զարթոնք կոչվող շարժմանը, որի արդյունքում ԽՍՀՄ ժողովուրդները, մասնավորապես հայերը,  հնարավորություն ունեցան բարձրաձայնելու ազգային պատմության լռեցված թեմաները, ինչպես, օրինակ, դարասկզբին Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանության հարցն է։ Թվարկած իրադարձությունների արձագանքները կարելի է նկատել այս նոր ծրագրում։

Ծրագրի բացատրականում թեև ավանդույթի ուժով նշվում է, որ գրականության դասընթացը կոմունիստական դաստիարակության իրականացման լավագույն միջոցներից է (էջ 3), սակայն ավելի ու ավելի սիմվոլիկ են դառնում կոմունիզմին ու ինտերնացիոնալությանը արվող հղումները։ Փոխարենը արմատանում են էթնիկ ազգայանակնության և մարդասիրության մոտիվները՝ որպես գրականության դասավանդման հիմնական թիրախ։ Ասվում է, որ այս դասընթացից աշակերտները  պետք է տոգորվեն մարդասիրական և հայրենասիրական զգացումներով, մարդկային բնավորության ազնիվ ու առաքինի գծերով, իսկ հայ գրականությունը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի բազմադարյա պատմության գեղարվեստական վերարտադրումը, ժողովրդի ծանր կյանքի ու ազատագրական-հերոսական պայքարի, ուրախությունների ու տառապանքների, խոհերի ու զգացմունքների արտացոլումը (էջ 3-4)։

Բուն ծրագրի կառուցվածքն ու բավանդակությունը շարունակում է ձևավորվել գրական-պատմական տրամաբանությամբ։ Մեզ արդեն հայտնի է, որ 8 և 9-րդ դասարաններում անցնում են հին, միջնադարյան և նոր շրջանի գրականություն, իսկ 10-ում՝ սովետական գրականություն։ Նորից կարևորվում է ռուս գրականության ազդեցությունը հայ գրականության, հատկապես խորհրդահայ գրականության վրա, բայց այն ավելի սիմվոլիկ է հիշատակվում, և Մաքսիմ Գորկին դադարում է հայ գրականության ծրագրի հիմնական հեղինակ լինել։ Փոխարենը, ավելանում են ծրագրում հանդիպող արևմտահայ հեղինակների անունները։ Պարոնյանից զատ այստեղ են նաև Դուրյանը, Զոհրապը, Մեծարենցն ու Վարուժանը։ Հիշատակություն կա Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց կոտորածների մասին, իսկ Մեծ եղեռնը ծրագրում բնորոշվում է՝ որպես 1915 թվականի արյունալի ջարդեր (էջ 21)։

 Նոր բաժին է ավելանում 10-րդ դասարանի ծրագրում, այն է` Սփյուռքահայ գրականություն։ Ճիշտ է, դրան ընդամենը երկու ժամ է հատկացվում, ուր Շահնուրի ու Շուշանյանի ստեղծագործությունների մասին ակնարկային դասեր են նախատեսվում, բայց սա ևս շատ սիմվոլիկ քայլ է, որն արտահայտում է ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական տեղաշարժերը։

Մեկ այլ կարևոր իրադարձություն է խորհրդային դպրոցի կյանքում արձանագրվում 1960-ականների կեսերից․ 1966-ից սկսում է հրատարակվել Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում պարբերականը[19]։ Այն շարունակում է լույս տեսնել ընդհուպ մինչև 1990 թվականը՝ տարեկան վեց համար պարբերականությամբ, ուր բազմաթիվ քննարկումներ, բանավեճեր են ծավալվում լույս տեսնող դասագրքերի, այս կամ այն հեղինակին ուսումնասիրելու առանձահատկություների, ինչ-ինչ թեմաների կարևորության ու անկարևորության մասին։ Ամսագրում տպագրվում են թե՛ ժամանակի հայտնի լեզվաբանների ու գրականագետների, թե՛ դպրոցի ուսուցիչների հոդվածներ, որոնք մի տեսակ հանրային ուշադրություն են ապահովում դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ լեզվի և գրականության դասավանդման խնդիրների վրա։ Այս ամսագրի գաղափարը, անկասկած, գալիս է ռուսական համանման ուղղվածություն ունեցող պարբերականից, որը դեռևս 1914-ից էր սկսել հրապարակվել և մի քանի անվանում փոխելով շարունակում է լույս տեսնել մինչև այսօր[20]։

1970-ականներից կդիտարկենք 1976 թվականի  Հայոց լեզվի և գրականության դպրոցական ծրագիրը[21]։ Այս ծրագրի 8-10-րդ դասարանների բացատրական հատվածը առանձնանում է  նրանով, որ ոչնչով չի առանձնանում, այսինքն՝ բառացիորեն կրկնօրինակած է 1969 թվականի ծրագրային բացատրությունը (էջ 53-56)։ Սա բրեժնևյան լճացման տարիների թերևս շատ սիմվոլիկ ապացույց կարող է հանդիսանալ։ Հիմնականում  նույնն է նաև ծրագրի բովանդակային հատվածն ու հեղինակների ցանկը, մի բացառությամբ, որ այստեղ այլևս չկա առանձին բաժին սփյուռքահայ հեղինակների համար։

Խորհրդային վերջին տասնամյակի սկզբում սովետահայ դպրոցը արդեն ձևավորված համակարգ էր, և ծրագրերն էլ ոչ այնքան սկզբունքային, որքան նրբերանգային փոփոխություններ էին կրում։ 1981-ին հրապարակված ծրագիրը[22] շատ առումներով կրկնում է նախորդ ծրագրերի հիմնական ասելիքն ու շեշտադրումները։ Նախորդ երկու ծրագրի հետ համեմատ՝ մի քիչ ավելացել են սովետական ատրիբուտիկային ուղղված շեշտադրումները․ հղումներ կան Լենինի հայացքներին արվեստի ու գրականության վերաբերյալ, հիշատակվում է ՍՄԿԿ 25-րդ համագումարում ընկեր Բրեժնևի ելույթը, հիշեցվում է, որ գրականությունը կոմունիստական աշխարհայացքի ձևավորման կարևոր միջոց է և այլն (էջ 53)։

Ավելի ուշարժան շեշտադրում է գրականության դասավանդման ընթացքում հուզականությունը որպես կարևոր ուղենիշ սահմանելը․ ուսուցիչը պետք է կարողանա փոխանցել կերպարների հուզական աշխարհը, աշակերտի մոտ դասընթացը պետք է հույզեր առաջացնի և այլն։ Այս շեշտադրման պսակը Լենինից հերթական ցիտատն է, ըստ որի՝ առանց մարդկային հույզի երբեք չի եղել, չկա ու չի կարող լինել ճշմարտության որոնում (էջ 54)։ Նորից խոսվում է միջառարկայական կապերի մասին, որը կարծես մոռացվել էր նախորդ մի քանի ծրագրերում։ Կարևորվում է լեզվի հետ ներդաշնակ գրականության ուսումնասիրությունը, իհարկե չի  մոռացվում պատմության դերը՝ որպես գրականության շարժիչ ուժ, բայց որ ավելի կարևոր է, միջառարկայական կապերի մեջ հիշատակվում են երաժշտությունն ու կերպարվեստը՝ որպես գրականության յուրացմանը նպաստող առարկաներ։ Ահա թե ինչպես․ գրական երկի ավելի խոր ընկալմանը կարող է նպաստել նշանավոր երգիչների և երաժիշտների, վարպետ ասմունքնողների ձայնապնակների ունկնդրումը, մեծատաղանադ նկարիչների կտավների ցուցադրումը և  այլն (էջ 55)։ Գրականությունը կարծես աշակերտի մտածողությունը ձևավորող միջոցից վերածվում է հույզերի վրա կենտրոնացող դիսցիպլինի, ինչը գրականության կարևոր, բայց, անշուշտ, հիմնական առանձնահատկությունը չէ։

8 և 9-րդ դասարանների ծրագրի բովանդակային հատվածում շատ բան չի փոխվում։ 10-ի ծրագիրը բացվում է ՍՄԿԿ 26-րդ համագումարը արվեստի և գրականության մասին բաժնով, ուր շեշտադրվում է կուսակցականության քաղաքականությունը  արվեստի և գրականության բնագավառում, արվեստի ստեղծագործությունները ազգային հարստություն են հորջորջվում, կարևորվում են արտադրական թեմայի նորովի մեկնաբանությունը, Հայրենական մեծ  պատերազմի մոտիվները գրականության մեջ (այս թեման դպրոցական շարադրությունների մոտիվից դառնում է ծրագրային մոտիվ)։ Հղում է արվում ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամությանը և ընկեր Բրեժնևի աշխատությունններին այս կոնտեքստում, ինչպես նաև ընդգծվում է ստեղծագործական միությունների շեֆության դերն ու նշանակությունը (էջ 132)։ 10-րդ դասարանում ներառված խորհրդահայ հեղինակների ցանկը հարստանում է նոր հեղինակների ստեղծագործություններով՝ Հովհաննես Շիրազ (նախորդում էլ կար), Սերո Խանզադյան, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Հրանտ Մաթևոսյան և այլն։

1980-ականներից դիտարկել ենք ևս երկու դպրոցական ծրագիր[23][24]։ Քանի որ այս ժամանակահատվածը համընկնում  է գորբաչովյան Պերեստրոյկայի և Ղարաբաղյան շարժման հետ, մեր վարկածն այն էր, որ այդ իրադարձությունները պետք է որ իրենց արտացոլումն ունենային նաև գրականության դպրոցական ծրագրերի վրա։ 1985-ի ծրագրի բացատրականում կարդում ենք, որ ծրագիրը բարեփոխված է, բեռնաթափված են երկրորդական և բարդություն առաջացնող որոշ նյութեր (էջ 35-36), սակայն աչքի զարնող միակ տարբերությունն այն է, որ 1981-ի ծրագրի համեմատ, բացատրական տեքստից հանվել են ընկեր Բրեժնևի մտքերը գրականության և արվեստի մասին, և միայն Լենինից են հանդիպող հիմնական մեջբերումները։ Մոտավորապես նույն վիճակն է նաև 1989 թվականի ծրագրում։ Թվում է, որ դպրոցի որոշակի կառուցվածքային փոփոխությունը (դարձել է 11-ամյա) պետք է որ ծրագրերի վրա էլ ազդած լիներ։ Սակայն միակ տարբերությունն այն է, որ 8-10-րդ դասարանների նյութերը բաշխված են 9-11-րդի վրա, ընդ որում, 11-րդ դասարանն ընդգրկում է սովետահայ գրականությունը։ Մի առանձնահատկություն էլ կա․ ի տարբերություն նախորդ երկու ծրագրերի, այս մեկի 11-րդ դասարանի բաժինը բացվում է ոչ թե ՍՄԿԿ 26-րդ, այլ ԽՄԿԿ 27-րդ համագումարը գրականության և արվեստի մասին խորագրով (էջ 129)։ Այդուհանդերձ, այս բաժնի մտքերն ու պատգամները բառացիորեն անփոփոխ են մնացել, և միակ տարբերությունը ՍՄԿԿ-ի փոխարեն ԽՄԿԿ, իսկ 26-ի փոխարեն 27 գրելն է։

***

Ուսումնասիրության այս հատվածը, որ հավելվածային բնույթի է, երկու մասից է բաղկացած լինելու։ Նախ, առանձին կանդրադառնանք մի քանի կարևոր հեղինակների ներկայացմանը տարբեր շրջանների գրականության ծրագրերում՝ տեսնելու, թե ինչպես են փոփոխվում հայ գրականության առանցքային գրողների ու նրանց երկերի ընկալումներն ու մեկնաբանությունները՝ ըստ ժամանակի թելադրանքի։ Կդիտարկենք Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի և Եղիշե Չարենցի ներկայացվածությունը և նրանց մեկնաբանման էվոլյուցիան։

Այնուհետև կներկայացնենք գրականության ծրագրերով նախատեսված անցնելիք հեղինակների ցանկը՝ սկսած 1933-ից մինչև 1981 թվականը։ Այստեղից ենք սկսում, որովհետև ավագ դպրոցը՝ 8-10-րդ դասարաններով համակարգված ներկայանում է հենց այս ծրագրից սկսյալ։ Ավարտում ենք 1981-ով, որովհետև դրանից հետո նկատելի փոփոխություններ ցանկերում չենք հայտնաբերել։ Նպատակն է նաև վիզուալ  ցուցադրել հեղինակների հայտնվելու և անհետանալու դինամիկան դպրոցական ծրագրերում։

1

Խաչատուր Աբովյան

Ըստ 1933-ի ծրագրի՝ Խաչատուր Աբովյանի ուսումնասիրությունը պետք է սկսել համառոտ պատմական կենսագրական ակնարկով, այնուհետև դիտարկել նրան՝ որպես նոր ձևավորվող բուրժուազիայի գաղափարախոս, ուր կարևոր է նկատել Աբովյանի աշխարհայացքային հակասությունները։ Բուրժուական է դիտարկվում ազգային գաղափարների արծարծումը Վերք Հայաստանի վեպում։ Աբովյանի հիմնական գրական ուղղությունն է համարվում ռոմանտիզմը, կարևորվում է նրա աշխարհաբար գրելը, հայացքները կրոնի ու եկեղեցու մասին, պայքարը կեղծ դասականության դեմ և հատկապես ռուսական օրիենտացիան։

1940-ի ծրագրի համաձայն՝ Աբովյանի ուսումնասիրությունը ևս պետք է սկսել նրա կենսագրականով և պատմական տեղեկություններով ապրած ժամանակի մասին, սակայն այս ծրագրից հանված է այդ ուսումնասիրության նախորդ ծրագրում առկա համառոտ հանձնարարականը։ Աբովյանն այս ծրագրում ներկայացվում է՝ որպես հայ նոր գրականության սկզբնավորող և աշխարհաբար վեպի հիմնադիր, ինչը չկար նախորդում։ Վերք Հայաստանի վեպը համարվում է ժողովրդական էպոսի և աշուղական բանաստեղծական ոճերի համադրում։ Աբովյանի աշխարհայացքի հիմնական գծեր են համարվում հումանիզմը, լուսավորչականությունը, բնապաշտությունը, ռուսական օրիենտացիան և ժողովրդական հայրենասիրությունը։ Անհրաժեշտ է նաև խորհրդահայ աշակերտին ծանոթացնել Աբովյանի կրած ազդեցություններին՝ ռուս և եվրոպական գրականություններից։

1954-ի ծրագիրը ոչ միայն կարևորում է սկսել Աբովյանի ուսումնասիրությունը նրա կենսագրությունից, այլև հենց ծրագրում մասամբ շարադրվում է հեղինակի անցած ուղին, ընդ որում, ընդգծելով մի հանգամանք, որը հազիվ թե կարելի է գտնել Աբովյանի հանրայնորեն տարածում ունեցող կենսապատումներում։ Այն է՝ Աբովյանի կապերը ադրբեջանական գրական հասարակական գործիչներ Միրզաշաֆու և Ախունդովի հետ։ Հիշատակվում են Աբովյանի կրած հալածանքները հոգևորականների կողմից ու նրա մղած պայքարը կղերականների ու ցարական չինովնիկների դեմ։ Վերք Հայաստանի-ում արժևորվում են հայրենասիրական և լուսավորական գաղափարները, բայց հատկապես ռուսական օգնությամբ հայ ժողովրդի ազատագրության պատկերումը վեպում։ Ծրագիրը շեշտում է Աբովյանի դերը հայ և ռուս ժողովուրդների և առհասարակ ժողովուրդների բարեկամության  գործում և բարձր գնահատում նրա մոտեցումները ռուսաց լեզվի և ռուսական կուլտուրայի հարստության և համաշխարհային նշանակության վերաբերյալ։

1961 թ․ ծրագրում Աբովյանը ներկայացվում է գրեթե նույն շեշտադրումներով,  պարզապես դուրս էին մնացել նախորդ ծրագրի կենսագրական մանրամասներն ու շեշտադրումները։

1969 թ․ ծրագիրը առանձնանում էր նրանով, որ եթե 1933-ին Աբովյանի գրական ուղղություն էր համարվում ռոմանտիզմը, ապա այստեղ Աբովյանը դառնում է ռեալիստական ուղղության սկզբնավորող։ Մյուս նոր մոտիվը, որ հայտնվում է այս ծրագրում,  Աբովյանի հայրենասիրությունն էր։

1976 թ․ ծրագրում Աբովյանի մասին ոչ մի նոր բան չենք իմանում ։ Իսկ 1981 թ․ ծրագրում  նախկինում  Աբովյանին վերագրվող ռուսական օրիենտացիա ձևակերպումը փոխարինվում ռուս ժողովրդի հանդեպ բուռն սեր հուզական պատկերով։

Րաֆֆի

Ըստ 1933-ի ծրագրի՝ Րաֆֆին հայ արդյունաբերական խոշոր բուրժուազիայի գաղափարախոսն է ու այդ բուրժուազիայի մարտական նազիոնալիզմի արտահայտիչը։ Նույն ծրագրով Րաֆֆին համարվում է Դաշնակցության գաղափարախոսության ու գործելակերպի նախամշակողը գրականության մեջ։

1940-ի ծրագրում Րաֆֆին արդեն առևտրա-վաշխառուական բուրժուազիայի քննադատն է, նրա ստեղծագործության մի փուլը շարունակում է համարվել մարտական նացիոնալիզմի արտահայտություն, և առաջարկվում է քննադատաբար վերաբերվել նրա գործերի ռոմանտիկ բնույթին և գեղարվեստական թուլություններին։

1954 թ․ Րաֆֆու նույն շրջանի գործերը բնութագրվում են՝ որպես Թուրքիայի՝ հայ ժողովրդի հանդեպ տարվող գազանային քաղաքականության մերկացում, ուր, ի տարբերություն նախորդ ծրագրերի մարտնչող նացիոնալիզմի, ընդամենը, նացիոնալիզմի տարրեր են մատնանշվում։

1961 թ․ ծրագիրը գրեթե բառացի կրկնում է 1954-ինը, սակայն Րաֆֆու նացիոնալիզմին որևէ հղում չկա։

Րաֆֆու նույն ստեղծագործական շրջանը 1969-ի սովետահայ աշակերտները պետք է ընթերցեին՝ որպես ծրագրային-քաղաքական վեպեր, ուր մերկացվում է սուլթանական քաղաքականությունը և ռոմանտիկ կերպով պատկերվում արևմտահայության ազատագրական ուղին։ Բայց որ ամենաուշարժանն է, նախկինում հանդիպող մարտնչող նացիոնալիզմ, նացիոնալիզմի երանգներ ձևակերպումները, որ 1961-ին կորել էին ծրագրից, 1969-ին հայտնվում են՝ բնութագրվելով արդեն որպես Րաֆֆու հայրենասիրություն ։

1976 թ․ ծրագրում Րաֆֆու ստեղծագործության բնութագրումը նույնն է մնում, իսկ 1981 թ․ ծրագրում այս շրջանի գործերը բնութագրվում են՝ որպես ազգային ազատագրական գաղափարների խորացումներ Րաֆֆու ստեղծագործության համատեքստում։

Հովհաննես Թումանյան

1933-ի ծրագրի համաձայն՝ Թումանյանը գյուղական մանր բուրժուազիայի գաղափարախոսն է։ Նա բացասական վերաբերմունք ունի կապիտալիզմի ու նրա ներկայացուցիչների հանդեպ, հեղինակել է ազգայնական ստեղծագործություններ, բայց գաղափարապես ունի խորհրդային օրիենտացիա, որի նախադրյալները կարելի է տեսնել նրա գործերում։

1940-ի ծրագրում Թումանյանը արդեն ներկայացվում է՝ որպես հայ ժողովրդի մեծ դեմոկրատ բանաստեղծ, ով բուրժուական հասարակության հակառակորդն է, 1905 թ․  Ռուսական հեղափոխության համակիրը և ժողովուրդների եղբայրության ջատագովը։ Կարևորվում է Թումանյանի կրած ազդեցությունը ռուսական պոեզիայից և հոգևոր կապը Իրանի մեծ բանաստեղծների հետ։ Ծրագրի վերջում ընդգծվում է, որ Թումանյանն ընդունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը և անցել խորհրդային իշխանության կողմը։

1954-ի ծրագրում Թումանյանը արժևորվում է ռուս ժողովրդի կուլտուրայի ու գրականության հետ ունեցած հոգևոր կապով, Պուշկինից կրած ազդեցությամբ և սովետական կարգերը սրտագին ողջունելով։ Կարևորվում է նաև՝ որպես ժողովրդական բանավոր ստեղծագործությունների վարպետ մշակող։

1961-ին ծրագիրը գրեթե բառացի կրկնում է նախորդում տրվող բնութագրումները Թումանյանի մասին։ 1969-ին Թումանյանը կարևորվում է՝ որպես գրական կյանքի կազմակերպիչ, կարևոր դերակատար հայ ազգային-քաղաքական կյանքում և ժողովրդական ռեալիստական գրականության զարգացման ջատագով։ Նույնն է Թումանյանի բնութագիրը  1976-ի և 1981-ի ծրագրերում։

Եղիշե Չարենց

Ըստ 1933-ի ծրագրի՝ Չարենցի նախահոկտեմբերյան շրջանի ստեղծագործությունները մանր բուրժուական բնույթ ունեն, որոնց հաջորդում է հեղափոխության խոշոր երգիչ Չարենցը։ Կարևորվում է Դաշնակցության մերկացումն ու ծաղրը նրա Երկիր Նաիրի վեպում։

1940 թ․ ծրագրում Չարենցն ընդհանրապես բացակայում է՝ հայտնի պատճառներով։

Ստալինի մահից հետո՝ 1954-ի ծրագրում, Չարենցը վերադառնում է հայ գրականության դասագրքեր։ Նրա ստեղծագործությունների նախահոկտեմբերյան շրջանին որևէ անդրադարձ չկա այս ծրագրում, փոխարենը հետհոկտեմբերյան Չարենցը բնաութագրվում է՝ որպես սոցիալիստական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչ։  Չարենցի ռեաբիլիտացիան արդարացնելու համար սովետահայ աշակերտը այսպես պետք է վերստին ծանոթանար Չարենցի հետ․ Գրողի ատելությունն ու նողկանքը Դաշնակցության նկատմամբ։ Դաշնակցության վարած հակաժողովրդական դավաճանական քաղաքականության մերկացումը Չարենցի ստեղծագործության մեջ (էջ 37-38)։

1961-ի ծրագրով ևս Չարենցի ստեղծագործության միայն հետհոկտեմբերյան շրջանն է ուսումնասիրվում։ Ամբոխները խելագարված պոեմում կարևորվում է աշխատավոր ժողովրդի խոր ատելության պատկերումը հին կարգերի նկատմամբ և ռևոլուցիոն պայքարի նկարագրությունը։ Մյուս կարևոր գործը, որ պետք է անցնեին սովետահայ աշակերտները, Լենինն ու Ալին էր՝ որպես առաջնորդի նկատմամբ աշխատավոր մարդկանց ունեցած սիրո և նվիրվածության դրսևորում։

1969-ից հետո եկող բոլոր ծրագրերում գրեթե անփոփոխ կերպով ուսումնասիրվում է Չարենցի ամբողջական գրական ուղին՝ այսպիսի շեշտադրումներով․ նախահոկտեմբերյան շրջանում՝ որպես հայրենիքի թեմայի որոնող, հետհոկտեմբերյան շրջանում՝ սոցիալիստական ռեալիզմի մեթոդի տեսաբան ու լենինյան պատումների կարևոր հեղինակ, իսկ իր ստեղծագործության վերջին շրջանում՝ հայոց պատմության ըմբռնումների վերլուծող։

2

Հայ գրականություն 8-10-րդ դասարաններ, 1933 թ ծրագիր, խմբագիր՝ Ա Ղարիբյան

Հին եւ միջնադար՝ գրաբարալեզու գրականություն (հեղինակների անուններ չի նշվում), Ֆրիկ, Հ․ Թլկուրանցի, Նաղաշ, Գ․ Աղթամարցի, Ն․ Քուչակ, Սայաթ-Նովա;

19-20 րդ դարեր՝ Խ․ Աբովյան, Պ․ Պռոշյան, Ղ․ Աղայան, Մ․ Նալբանդյան, Րաֆֆի, Գ․ Սունդուկյան, Մուրացան, Հ․ Հովհաննիսյան, Շիրվանզադե, Հ․ Թումանյան, Նար-Դոս, Ավ․ Իսահակյան, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝ Հ․ Հակոբյան, Եղ․ Չարենց, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան․ Ազ․ Վշտունի, Ա․ Բակունց, Գ․ Մահարի, Վ․ Թոթովենց, Ալազան, Մ․ Արմեն, Ն․ Զարյան, Վ․ Նորենց, Ս․ Տարոնեցի, Գ․ Սարյան;

Արեւմտահայ հեղինակներ՝ Հ․ Պարոնյան, Պ․ Դուրյան, Մ․ Մեծարենց,  Դ․ Վարուժան, Գ․ Զոհրապ;

Արտասահամանյան հեղինակներ՝ Շեքսպիր, Մոլիեր, Գյոթե, Հյուգո, Հանրի Բարբյուս, Յոհաննես Բեխեր, Բրունո Յասենսկի։

Գրականություն 8-10-րդ դասարաններ, 1940 թ ծրագիր, խմբագիր՝ Աս Ասատրյան

Հին եւ միջնադար՝ Մ․ Խորենացի, Սասունցի Դավիթ (էպոս), Գ․ Նարեկացի, Վ․ Այգեկցի, Ֆրիկ, Կ․ Երզնկացի, Ն․ Քուչակ, Սայաթ-Նովա;

Նոր գրականություն՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Պ․ Պռոշյան, Ղ․ Աղայան, Ռ․ Պատկանյան, Ս․ Շահազիզ, Ծերենց, Րաֆֆի, Գ․ Սունդակյան, Հ․ Պարոնյան, Պ․ Դուրյան, Հ․ Հովհաննիսյան, Ալ․ Ծատուրյան, Մուրացան, Շիրվանզադե, Նար-Դոս, Վրթ․ Փափազյան, Գ․ Զոհրապ, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Ե․ Օտյան, Դ․ Վարուժան, Մ․ Մեծարենց, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝ Հ․ Հակոբյան, Շ․ Կուրղինյան, Արազի, Դ․ Դեմիրճյան, Ս․ Զորյան, Ազ․ Վշտունի, Ն․ Զարյան, Գ․ Սարյան, Սիրաս;

Միութենական հեղինակներ՝ Մ․ Գորկի, Վ․ Մայակովսկի, Մ․ Շոլոխով, Պավլո Տիչինա, Մաշաշվիլի, Ս․ Վուրղուն, Յանկա Կուպալա։

Հայ գրականություն 8-10 –րդ դասարաններ, 1954 թ ծրագիր, խմբագիր՝ Հ Մկրտչյան

Հին եւ միջնադար՝ ակնարկային դասեր՝ Բուզանդ, Եղիշե, Խորենացի, Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Այգեկցի, Սայաթ-Նովա; Սասունցի Դավիթ (էպոս);

 Նոր շրջան՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Պ․ Պռոշյան, Ղ․ Աղայան, Րաֆֆի, Գ․ Սունդուկյան, Հ․ Պարոնյան, Ալ․ Պուշկին, Շիրվանզադե, Մուրացան, Նար-Դոս, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Վ․ Տերյան;

Արտասահմանյան հեղինակներ՝ Լ․ Տոլստոյ, Շեքսպիր, Գյոթե; 

Աովետական շրջան՝ Մ․ Գորկի, Հ․ Հակոբյան, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան, Եղ․ Չարենց, Ն Զարյան, Վ․ Մայակովսկի, Ալ․ Ֆադեև։

Հայ գրականություն 8-10-րդ դասարաններ, 1961 թ ծրագիր, խմբագիր՝ Հ Կարնիկյան

Հին եւ միջնադար՝ ակնարկային դասեր՝ Բուզանդ, Եղիշե, Խորենացի, Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Այգեկցի, Սայաթ-Նովա, Սասունցի Դավիթ (էպոս);

Նոր շրջան՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Ռ․ Պատկանյան, Պ․ Պռոշյան, Ղ․ Աղայան, Րաֆֆի, Գ․ Սունդուկյան, Հ․ Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան, Նար-Դոս, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Դ․ Վարուժան, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝ Հ․ Հակոբյան, Եղ․ Չարենց, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան, Ակ․ Բակունց,  Ն Զարյան, Գ․ Սարյան;

Եղբայրական ժողովուրդներ՝ Ալ․ Ֆադեև, Մ․ Գորկի, Վ․ Մայակովսկի, Մ․ Շոլոխով, Ն․ Օստրովսկի, Պավլո Տիչինա, Յանկա Կապալա, Գալակտիոն Տաբիձե, Սամեդ Վուրղուն, Վիլիս Լացիս, Միրզա Թուրսուն-Զադե, Այբեկի, Յոհաննես Բարբարուս։

Հայ գրականություն 8-10-րդ դասարաններ, 1969 թ ծրագիր, խմբագիր՝ Ռ Արիստակեսյան

Հին եւ միջնադար՝ Խորենացի, Գ․ Նարեկացի, Ֆրիկ, Սայաթ-Նովա, Սասունցի Դավիթ (էպոս);

Նոր շրջան՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Պ․ Դուրյան,  Պ․ Պռոշյան,  Գ․ Սունդուկյան, Րաֆֆի, Հ․ Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան, Գ․ Զոհրապ, Նար-Դոս, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Դ․ Վարուժան, Մ․ Մեծարենց, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝  Հ․ Հակոբյան, Եղ․ Չարենց, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան, Ակ․ Բակունց,  Ն Զարյան, Գ․ Սարյան, Հ․ Շիրազ,

Եղբայրական ժողովուրդներ՝ Պավլո Տիչինա, Ա․ Ուպիտ, Գալակտիոն Տաբիձե, Սամեդ Վուրղուն, Է․ Մեժելայտիս, Մ․ Աուեզով, Չ․ Այթմատով, Ռ․ Համզաթով;

Սփյուռքահայ գրականություն՝ Շ․ Շահնուր, Վ․ Շուշանյան,

Արտասահմանյան հեղինակներ՝ Շեքսպիր, Գյոթե։

Հայ գրականություն 8-10-րդ դասարաններ, 1976 թ ծրագիր, Խմբաիր՝ Լ Սեղբոսյան

Հին եւ միջնադար՝ Խորենացի, Գ․ Նարեկացի, Ֆրիկ, Սայաթ-Նովա; Սասունցի Դավիթ (էպոս);

Նոր շրջան՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Պ․ Դուրյան,  Պ․ Պռոշյան,  Գ․ Սունդուկյան, Րաֆֆի, Հ․ Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան, Գ․ Զոհրապ, Նար-Դոս, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Դ․ Վարուժան, Մ․ Մեծարենց, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝  Հ․ Հակոբյան, Եղ․ Չարենց, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան, Ակ․ Բակունց,  Ն Զարյան, Գ․ Սարյան, Հ․ Շիրազ;

Եղբայրական ժողովուրդներ՝ Պավլո Տիչինա, Ա․ Ուպիտ, Գալակտիոն Տաբիձե, Սամեդ Վուրղուն, Է․ Մեժելայտիս, Մ․ Աուեզով, Չ․ Այթմատով, Ռ․ Համզաթով;

Արտասահմանյան հեղինակներ՝ Շեքսպիր։

 

Հայ գրականություն 8-10-րդ դասարաններ, 1981 թ ծրագիր, խմբագիր՝ Լ Սեղբոսյան

Հին եւ միջնադար՝ ակնարկ պատմագրության եւ միջնադարյան տաղերգության, Խորենացի, Գ․ Նարեկացի, Ֆրիկ, Սայաթ-Նովա; Սասունցի Դավիթ (էպոս);

Նոր շրջան՝ Խ․ Աբովյան, Մ․ Նալբանդյան, Պ․ Դուրյան,  Պ․ Պռոշյան,  Գ․ Սունդուկյան, Րաֆֆի, Հ․ Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան, Գ․ Զոհրապ, Նար-Դոս, Հ․ Թումանյան, Ավ․ Իսահակյան, Դ․ Վարուժան, Մ․ Մեծարենց, Վ․ Տերյան;

Սովետական շրջան՝  Հ․ Հակոբյան, Եղ․ Չարենց, Դ․ Դեմիրճյան, Ստ․ Զորյան, Ակ․ Բակունց,  Ն․ Զարյան, Գ․ Սարյան, Հ․ Շիրազ,  Պ․ Սևակ, Ս․ Խանզադյան, Ս․ Կապուտիկյան, Հ․ Սահյան, Պ․ Սևակ, Հ․ Մաթևոսյան;

Արտասահմանյան հեղինակներ՝ Բալզակ։

***

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ կիսվենք մի քանի ընդհանրացումներով ու եզրակացություններով, որոնք մեզ կարևոր ու առանցքային են ներկայանում։

Սովետահայ դպրոցը սովետական քաղաքացու կերտման կարևոր դարբնոց է եղել, որտեղ ոչ մի առարկա զերծ չի եղել քաղաքացիակերտման առաքելությունից, այդ թվում՝ հայ գրականությունը։ 1920-ականների դպրոցը փորձում էր ստեղծել դասակարգային գիտակցությամբ ու հանրային հարաբերություններում իր դերն ու պատասխանատվությունը գիտակցող հասարակական էակի։ Կարևորվում էր նրա կարծիքն ու քննական վերաբերմունքը իրականության նկատմամբ, որով միայն հնարավոր էր հասնել գիտակից ու հեղափոխական գաղափարների պաշտպանի ձևավորմանը։ Այս շրջանում դպրոցը դեռ իր ձևավորման ընթացքում էր, և շատ ազատություններ պայմանավորված էին նաև ինստիտուցիոնալ չկայացվածությամբ։

1930-40-ականներին ինստիտուցիոնալ կայացվածության արդյունքում ազատությունները սկսում են սահմանափակվել, ճշմարտությունը մի բան է դառնում, որը մատուցվում է, ոչ թե որոնվում։ Զրույցը որպես դասավանդման մեթոդ փոխարինվում է դասախոսությունով, բազմաձայնությունը միաձայնությունով, աշակերտակենտրոնությունը ուսուցչակենտրոնությամբ և դասագրքակենտրոնությամբ։ Տեքստի ընթերցմանը գալիս է փոխարինելու առոգանությամբ վերարտադրությունը, անգիրն ու հեղինակների կենսագրությունների յուրացումը։ Անկարևոր են դառնում միջառարկայական կապերը։ Հայ գրականության ինքնատիպությունը ստորադասվում է նրա կրած ազդեցություններին և այլն։

1950-60-ական թվականներին Ստալինի մահից հետո թեև որոշ հեղինակներ ռեաբիլիտացվում ու վերադառնում են դպրոցական դասագրքեր, սակայն դպրոցի ինստիտուցիոնալ կայացվածությունը դժվարացնում է լուրջ փոփոխությունների հնարավորությունը։ Կանոնիզացվում են դասավանդման պատմական սկզբունքը, դասագրքային հեղինակների ու անցնելիք տեքստերի ցանկերը։ Նախկին դասակարգային ու ինտերնացիոնալ մոտեցումներին փոխարինելու է գալիս էթնիկ ազգայնականության տարրերի կարևորումը գրական գործերում, նախկին նացիոնալիստները դառնում են հայրենասեր, ռոմանտիկները՝ ռեալիստ, բուրժուաները՝ հակաբուրժուա և այլն։

1970-80-ականների դպրոցում էլ գրականությունը գաղափարների ու մտածողության տարբերությունների բախման վայրից վերածվում է հույզերի ու ապրումների թատերաբեմի։ Դասական հեղինակներն ու նոր հեղինակները կապվում են միմյանց  հույզերի արտահայտման ավանդույթի շարունակականությամբ՝ սեր, հայրենիք, բնություն և այլն։ Գրականությունը ընթերցվում է շշուկով, մատուցվում՝ որպես սյուժեի վերարտադրություն, արտասանվում՝ հոգեխռով պաթոսով։ Գորբաչովյան Պերեստրոյկան ու Գլասնոստը դպրոցի տեղը չեն գտնում։  Սովետական արդիականության արգասիք սովետահայ դպրոցը ավարտում է իր դարաշրջանը պահպանողական ու կոնֆորմիստական թմբիրում՝ առնվազն ծրագրերի մակարդակում չզգալով ու չարձագանքելով հասունացող շրջադարձային փոփոխություններին։

30.11.2022

——————


[1] 1920-30 ական թվականների կրթական համակարգում նախաձեռնվում են մի շարք կարևորագույն փոփոխություններ․ վերացվում է կրթական հին համակարգը, դպրոցն անջատվում է եկեղեցուց, ազգայնացվում են կրթական-մշակութային հիմնարկները, սկսվում է անգրագիտության վերացման գործընթացը, ստեղծվում են առաջին բուհերը, հանրապետության սահամաններում պետական լեզու է ճանաչվում հայերենը, ազգայնացվում են կրոնական հաստատություններին պատկանող մշակութա-կրթական հիմնարկները, դպրոցներում արգելվում են կրոնական առարկաների դասավանդումը և կրոնական ծիսակատարությունները։ 1921 թ․ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատը, որի առաջին ժողկոմ է դառնում պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը։ Առաջնահերթ խնդիր է դրվում մինչև 19 տարեկան բոլոր երեխաների ձրի և պարտադիր կրթության իրագործումը։ Անբավարար են դպրոցական շենքերը, չկան դասագրքեր, զգացվում է ուսուցիչների խիստ պակաս։ Լուսժողկոմը որոշում է Հայաստանում ստեղծել երկու տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա։ 1926-ին արդեն նպատակադրվեց անցնելու եռաստիճան կրթական համակարգի՝ տարրական, յոթնամյա և միջնակարգ։ 1926 թ․ Կենտկոմի պլենումով որոշվում է քաղաքային և գյուղական դպրոցների հիմնական տիպեր սահմանել, քաղաքներում՝ տարրական, յոթնամյա և միջնակարգ, գյուղերում՝ տարրական, բացվում են նաև աշխատանքային և գյուղերիտ դպրոցներ, ծավալվում են դպրոցական շենքերի շինարարության համատարած աշխատանքները։ 1940-41-ին հանրապետությունում արդեն կար 1155 դպրոց, որոնցից 255-ը՝ տարրական, 572-ը՝ յոթնամյա և 325-ը՝ մինջնակարգ, աշակերտների ընդհանուր թիվը հասելէ 326617-ի։ 1932-36 թթ․ ընդունվում են մի շարք որոշումներ, որոնք հաստատում են հետևյալ կարգը՝ տարրական (4-ամյա), ոչ լրիվ միջնակարգ (7-ամյա) և միջնակարգ (10-ամյա)։ Կարևորվում է նաև մեծահասակների անգրագիտության վերացմանն ուղղված գործողությունների պլանը, որի արդյունքում բացվում են լիկկայաններ՝ մեծահասակների անկրթությունը հաղթահարելու համար։ Ավելի մանրամասն, տե՛ս,Կարապետյան, Գևորգյան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թթ․, էջ 214-219։

[2] Օրինակելի ծրագիր մայրենի լեզվի, Էջմիածին, Տպարան գիտական ինստիտուտի, 1921։

[3] Առաջին աստիճանի աշխատանքային դպրոցի ծրագիր, Երևան, Պետական հրատարակչություն, 1924։

[4] Երկրորդ աստիճանի աշխատանքային դպրոցի ծրագիր, Երևան, Պետական հրատարակչություն, 1924։

[5] Կոնցենտրումները մեր իրականության մեջ հայտնի դպրոցական առարկաների թեքումներն են՝ հումանիտար, բնագիտական և այլն։

[6] Ծրագիր յոթնամյա դպրոցի (քաղաքի), ուսման V,VI և VII-րդ տարիների, Երևան, Պետական հրատարակչություն, 1929։

[7] Միջնակարգ դպրոցների (քաղաքի և գյուղի) ծրագրեր V-X խումբ, Երևան, Պետհրատ, 1933։

[8] Ծրագրեր միջնակարգ դպրոցի (քաղաքային և գյուղական), Ինչպես օգտագործել հայոց լեզվի և գրականության դասագրքերը նոր ծրագրի համաձայն, Երևան, Հրատարակություն Պրոլետար օրաթերթի, 1934։

[9] Խորհրդային և հետխորհրդային երկրներում այսպես է հիշատակվում Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք օգտագործում ենք հենց այդ եզրը՝ միջավայրին հարազատ մնալու համար։

[10] Միջնակարգ դպրոցների ծրագրեր, 1․ Գրական ընթերցանություն V-VII դասարանների, 2․ Գրականություն VIII-X դասարանների, Երևան, Լուսհրատ, 1940։

[11] Հետայսու քննարկվող ծրագրերի դեպքում հենց այս մեթոդն ենք ընտրել, այն է՝  դիտարկել ավագ դպրոցի գրականության ծրագիրը, որովհետև հենց այս դասարաններում է գրականությունը ներկայացվում իր ամբողջական, համակարգված տեսքով։

[12] Այս միտումը ամբողջությամբ տեղավորվում է Ստալինի մի հայտնի արտահայտության մեջ, որը հետագայում թևավոր մտքի արժեք ստացավ Խորհրդային Միությունում։ Ոչ ֆորմալ մի խնջույքի ժամանակ Ստալինը կենաց է ասում՝ դիմելով գրողներին. «Երկրում արտադրության բոլոր օբյեկտները կապված են ձեր արտադրության հետ: Մարդը վերամշակվում է հենց կյանքում: Բայց դուք նույնպես կօգնեք վերափոխել նրա հոգին: Սա կարևոր արտադրություն է ՝ մարդկանց հոգիները: Եվ դուք մարդկային հոգիների ինժեներ եք»: Տե՛ս, https://thestrip.ru/hy/smoky-eyes/inzhenery-chelovecheskih-dush-inzhenery-chelovecheskih-dush-uchitel/, վերջին դիտումը՝ 11.07.2022 :

[13] Սովետական մշակույթի պատասխանատուները անցյալի ու ներկայի գրականությունների ժառանգականությունը բանաձևելու համար մի այսպիսի մոտեցում էին հրապարակ նետել․ մինչսովետական ռուսական արձակի գագաթը Լև Տոլստոյն էր, պոեզիայինը՝ Պուշկինը, սովետական գրականության մեջ նրանց իրավահաջորդներն էին՝ համապատասխանաբար Մաքսիմ Գորկին և Վլադիմիր Մայակովսկին: Այս և սովետական դպրոցի այլ առանձնահատկությունների մասին, տե՛ս, https://arzamas.academy/mag/412-school?fbclid=IwAR1w1wdC2czBrTsbh2y7FFOh7fueZ10uoS_szn0qEp1Gj7100ollD3AViCs , վերջին դիտումը՝ 11.07.2022 :

[14] Միջնակարգ դպրոցի ծրագիր, Հայ գրականություն, VIII-X դասարանների համար, Երևան, Հեռակա, Մանկ․ ինստիտուտի հրատարակչություն, 1954։

[15] Անդրեյ Ժդանովը կարկառուն բոլշևիկյան գործիչ է, ով, ի թիվս բազմաթիվ այլ պաշտոնների, եղել է ԽՄԿԿ Կենտկոմի գիտության բաժնի վարիչը։ Գեորգի Մալենկովը Խորհրդային Միության կարկառուն քաղաքական գործիչ է, ով, ի թիվս այլ պաշտոնների, Ստալինի մահից հետո կարճ ժամանակ եղել է ԽՍՀՄ փաստացի ղեկավարը։

[16] Այս պաթոսը գալիս է գրողների 1934-ի համամիութենական հավաքին ընկեր Ժդանովի արտասանած ճառից, որը 1953-ին տպագրվել է առանձին բրոշյուրի տեսքով,  Жданов Андрей Александрович, “Советская литература — самая идейная, самая передовая литература в мире”, Государственное издательство политической литературы, 1953 г.

[17] Միջնակարգ դպրոցի ծրագրեր 1961-1962 ուս․ տարվա համար, Հայոց լեզու, Հայ գրականություն VIII-X դասարանների համար, Երևան, Հայպետուսմնակհրատ, 1961։

[18] Միջնակարգ դպրոցի ծրագրեր, Հայ գրականություն, Հայկական դպրոցների 8-10-րդ դասարանների համար, Երևան, Լույս հրատարակչություն, 1969։

[19] Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, բոլոր համարները՝ http://tert.nla.am/mamul/Haylezgrak/Table.html?fbclid=IwAR2l9K9535Fzh5j3_ElgQdLKCeZtWZh9DpnA-f7tPr1rzY7BFjFsPrjQ-8s, վերջին դիտումը՝ 11.07.2022:

[20] Տես, https://www.riash.ru/jour, վերջին դիտումը՝ 11.07.2022:

[21] Միջնակարգ և ութամյա դպրոցների ծրագրեր, Հայոց լեզու և գրականություն, 4-10-րդ դասարանների համար, 1976։

[22] Ծրագրեր Հայոց լեզվի և գրականության IV-X դասարաններ, Երևան, Լույս, 1981։

[23] Ծրագրեր Հայոց լեզվի և գրականության, IV-X դասարաններ, Երևան, Լույս, 1985։

[24] Ծրագրեր Հայոց լեզվի և գրականության, V-XI դասարաններ, Երևան, Լույս, 1989։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Ուրբան հիշողություն․ վերնակուլյար Երևանը խորհրդային գրականության համատեքստում». Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» հետազոտությունը. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացված «Հիշողության մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակներում