Եվ մենք հպարտությամբ պետք է փաստենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցան հայ գրականությանը նվիրված մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում էին ժամանակակից ակնառու գրողներ Սուսաննա Հարությունյանի և Հովիկ Աֆյանի գրքերի գերմաներեն հրատարակությունների շնորհանդեսները գերմանական հրատարակիչների հավաքական տաղավարում՝ կազմակերպված հրատարակիչ Akademische Verlagsbuchhandlung Friedrich Mauke-ի կողմից։ Հեղինակի և թարգմանիչ Սուսաննա Եղոյանի մասնակցությամբ ներկայացվեց Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպը։ Բացի Ֆրանկֆուրտից հեղինակը ներկայանում էր միջոցառումներով նաև Գերմանիայի Մյունխեն և Բեռլին քաղաքներում: Հովիկ Աֆյանի «Կարմիրը» ներկայացվեց հրատարակիչ Անդրե Շտորի կողմից։
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի ազգային տաղավարում կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ Լուսինե Խարատյանի «Սիրիավեպ» գրքի, որը ընդգրկվել էր Եվրոպական գրականության մրցանակի կարճ ցուցակում։
Ցուցահանդեսի եզրափակիչ օրը՝ Սուրբ Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիայի գրավաճառների միության կողմից առաջադրված «Խաղաղության մրցանակի» մրցանակաբաշխությունը, իսկ հանդիսության շրջանակներում միջազգային հեղինակների ընթերցումների շարքում Արամ Պաչյանի P/F վեպի գերմաներեն թարգմանությունից հատվածներ ընթերցվեցին։ Գրքի գերմաներեն հրատարակությունը վերջերս լույս է ընծայել Շվեյցարիայի Kolchis հրատարակչությունը։ Սա Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցող ամենահեղինակավոր արարողություններից է։
Ընդհանուր առմամբ 2023-ի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը շատ հագեցած, բեղմնավոր և արդյունավետ էր հայ հրատարակիչների, գրողների, թարգմանիչների և հրատարակչական ոլորտի այլ ներկայացուցիչների համար։