ԱՐԻկարդանք 2022-ի մեկնարկը․ արևմտահայերեն մանկական պատմվածքի ընթերցում
Մարտի 26-ին Keer&Co սրճարանի ընթերցասրահում տրվեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի ԱՐԻկարդանք ծրագրի՝ 2022թ․-ի մեկնարկը։
Ընթերցանության համար ընտրված առաջին գիրքը Իզապէլ Մինեոս Մարթինսի «Մինչ մազերս կ’երկննային» մանկական պատմվածքն էր՝ արևմտահայերեն թարգմանությամբ։ Գիրքը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան «Զարդիս» մանկական թարգմանական մատենաշարից է։
Փոքրիկ Վերան տատիկի հետ ամեն շաբաթ գնում է վարսավիրանոց և օրերից մի օր էլ, սխալմամբ վարսավիրը իր մազերը շատ կարճ է կտրում։ Վերան տխրում է, բայց շարունակում է ժամանակ անցկացնել այնտեղ ամբողջ ամառը և մինչ նրա մազերը կերկարեին տարբեր մարդկանց հետաքրքիր պատմություններ է լսում և հանդիպում ու ընկերանում է իր տարիքակից տղայի հետ։
Ինչպես և բոլոր մանկական պատմվածքները և հեքիաթները, այս մեկը նույնպես շատ խորը հիմնահարցեր է բարձրաձայնում, որոնք և քննարկեցինք շուրջ 25 երեխաների հետ։
Արևմտահայերեն գրքի ընտրությունը պայմանավորված էր «արևմտահայերենը դժվարընկալելի է արևելահայերի համար» կարծրատիպը կոտրելու մտայնությամբ։ Մեր թիրախը երեխաներն են, քանի որ նրանք ավելի բաց են նոր փորձառությունների հանդեպ և չեն ուղղորդվում կարծրատիպերով։
Նախօրոք տարածված հայտարարության հետքերով ընթերցանության ծրագրին մասնակցելու էին եկել Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի աշակերտների մի խումբ իրենց արևմտահայերենի ուսուցչի հետ, «Ավետիսյան» դպրոցի սաներ, նախորդ տարիներին ծրագրին մասնակցած և ծրագրին դեռևս անծանոթ նոր հյուրեր։
Միջոցառումը բացեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը՝ հյուրերին պատմելով ծրագրի նպատակի, կարևորության և արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների մասին։ Գիրքն ընթերցեց հեքիաթասաց, բազմաթիվ ձայնագրքերի ընթերցող Անի Թորանեանը, ով, ժամանակ առ ժամանակ դադարեցնելով ընթերցումը, երեխաներին բացատրում էր առաջին հայացքից անհասկանալի թվացող արևմտահայերեն բառերը և արտահայտությունները։ Որոշ ժամանակ անց երեխաներն արդեն իրենք էին հեշտությամբ կռահում բառերի իմաստը և նկատում արևելահայերենի հետ տարբերությունները։ Լեզվական նրբություններից զատ՝ քննարկվեցին պատմվածքի բոլոր կերպարները, նրանց առանձնահատկությունները, խոսվեց նաև նկարազարդումների կարևորության, ինչպես նաև պատմվածքի բուն գաղափարի մասին։
ԱՐԻկարդանք նախագծի այս տարվա ծրագրում կներառվեն «Զարդիս» մատենաշարի մյուս գրքերը ևս։
Հետևեք մեր նորություններին, մյուս ընթերցումների մասին տեղեկանալու համար։