ARI Press-ը հրատարակել է Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը»վեպը

ԱՐԻ գրականության հիմնադրամը հրատարակել է Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը։ 1992-ին վեպը հրատարակվել է, սակայն որոշ կրճատումներով։ Այս հրատարակությունը ներկայացվում է ընթերցողին ամբողջական տարբերակով։

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» լույս է տեսել 1980 թվականին։ Ռուբեն Ֆիլյանը նաև թարգմանաբար մշակել է Շրի Շանկարաչարյաի «Վիվեկա Չուդամանի» ստեղծագործությունը։

70-ականների վերջերին Ռուբեն Ֆիլյանին հաջողվում է դուրս գալ Խորհրդային Հայաստանից։ Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է Եգիպտոսով, Հորդանանով, այնուհետև հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ռուբեն Ֆիլյանի կյանքն ընդհատվում է 1983 թվականի հունվարի 6-ին։

Վեպում պատմողը հայտնվում է հայոց պատմության թանգարանում ու տեսնում մի ուշագրավ լուսանկար, որտեղ պատկերված է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նրա օգնականը, եվ մարդիկ, որոնք մեջքով են կանգնած: Թանգարանի աշխատակիցը ներկայացնում է այդ լուսանկարի պատմությունը: Պարզվում է լուսանկարը դարասկզբին է պատկանում: Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար հայերը` /վեպում Ֆիլյանը միշտ օգտագործում է մերերկրացիներ բառը/ հանդիպում են Չերչիլին: Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը այդքան էլ լավ չի ընկալում թե ովքեր են և որտեղից են եկվորները, փորձում է քարտեզի վրա պարզել նրանց երկրի տեղը, որը ոչ մի կերպ չի ստացվում: Չերչիլը իր օգնականին հանձնարարում է պարզել այդ երկրի տեղը և նյութեր հավաքել երկրում ապրող մարդկանց կյանքի ու պատմության մասին:

«Քո երկրի դեսպանը վեպը մինչև Խորհրդային միության փլուզումը անտիպ էր մնալու-որովհետև հնարավոր չէր վեպերի մեջ բանաստեղծությունը-հնարավոր չէր բանաստեղծության ճշմարտությունը-վեպում հայոցի միջով մի կառք էր անցնում-ճանապարհ չկար-ճանապարհը կառքն էր ստեղծում-և կառքի անիվները չէին պատմում, այլ վերաարարում էին հայ ժողովրդի պատմությունը – այդ կառքում երկրի ու ժողովրդի անցյալ ու գալիք ունենալու միակ առհավատչյան – ստեղծելու ցնորքն էր»։

Արամ Պաչյան, խմբագիր