«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծ։ Այցելություն Արարատի մարզային գրադարան

Հուլիսի 6-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի մարզային այցերի շրջանակներում այցելեց Արարատի մարզ, Արտաշատ քաղաք, որտեղ մեզ հյուրընկալեց Արարատի մարզային գրադարանը՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։

Միջոցառման հյուրերն էին երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանում սովորող աշակերտներ։ 

Նրանք ընթերցեցին, քննարկեցին, մեկնաբանեցին գրքերը, խոսեցին բարության,  ընկերության, միմյանց օգնելու ու աջակցելու, երազելու և նպատակներին հասնելու կարևորության մասին։

 

Այնուհետև աշակերտներին խնդրեցինք մեկ բառով ասել, թե ինչի մասին էին գրքերը։ Պատասխանների շարքում էին՝ ուժ, կամք, երազանք, նպատակ, սեր, ընկերություն, բարություն, աշխատասիրություն։ Աշակերտների հետ զրուցեցինք նաև իրենց նպատակների ու ապագա մասնագիտության ընտրության մասին։

Զրուցեցինք նաև ուսուցիչների, ինչպես նաև գրադարանավարուհիների հետ, ովքեր նշեցին նմանատիպ միջոցառումների կարևորությունն ու արդյունավետությունը, քանի որ դրանց ընթացքում հենց գրքերի միջոցով ես երեխաներին ներկայացնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաշմանդամությունը, հանդուրժողականությունը, ընկերասիրությունը, նպատակասլացությունը։ 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արարատի մարզային գրադարանի աշխատակազմին մեզ հյուրընկալելու համար։