Ալիս Տեր Ղևոնդյան

Անտոանետա Անգուելովան Սոֆիայի «Սրբ. Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանում հայագիտության և կովկասագիտության բաժնի հայերեն լեզվով դասավանդվող հայ գրականության դասախոսի օգնական է: Նա դասավանդում է հին, նոր և ժամանակակից հայ գրականություն, ինչպես նաև հայ փիլիսոփայություն, դիցաբանություն, բանահյուսություն և այլ դասընթացներ: Նա ազատ տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին, նաև հաղորդակցվում է ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

Անտոանետան մեծ փորձ ունի որպես ԵՄ թարգմանիչ: 2006-2008թթ. աշխատել է Լյուքսեմբուրգում` Եվրախորհրդում, իսկ 2013-2014թթ. Եվրամիության հաստատությունների թարգմանչական կենտրոնում:

Անտոանետան Ստոյանովայի բուլղարերեն-ռուս-հայերեն-անգլերեն բառարանի խմբագիրն է: Գրել և թարգմանել է մի շարք հրատարակված գիտական հոդվածներ, ինչպիսիք են «Հայերեն և բուլղարերեն առօրյա դարձվածքների համեմատություն», «Լեզվաբանությունից նշանագիտություն. Հաղորդակցման ուսումնասիրության հետագծերն ու հորիզոնները», «Կանանց իրավունքերի պաշտպանությունը հայ գրողների կողմից XIX-XX դդ.-ում», «Հայ մտավորականների ճակատագիրը ցեղասպանության օրերին», «Հանրության հանդեպ գործած հանցանքներ և դրանց հետքը 21-րդ դարում»:

Նա էլեկտրոնային կայք է ստեղծել Հայաստանի և Կովկասի ուսումնասիրման ծրագրի համար, որի հասցեն է` www.armenianstudiesbg.org., ինչպես նաև պատրաստում է «Վիշապ» գրական ամսագիրը, որը ներառելու է հայ և այլ արևելյան երկրների գրականության բուլղարերեն թարգմանություններ և հայ ու արևելյան գրականությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ: Առաջին համարի վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և այն հավանաբար պատրաստ կլինի փետրվարին: Թե՛ կայքի, թե՛ ամսագրի արտաքին տեսքը դեռ փորձարարական են: https://www.vishapmagazine.com

Կապ հաստատեք Անտոանետա Անգուելովայի հետ։

Հրատարակված թարգմանություններ

Հայերենից բուլղարերեն

  • «Ցտեսություն, Ծիտ», վեպ, Արամ Պաչյան, Paradox, 2019
  • «Օրը», էսսե, Նինա Փիրումյան, գրական, քննադատական և հասարակագիտական էլ. ամսագիր, 2016
  • «Պատմվածքներ», Էլդա Գրին, Flame ամսագիր, 3-րդ համար, 2014
  • «Բոուի արցունքները», Էլդա Գրին, «Այնքան մոտիկ, այնքան հեռու» պատմվածքների ժողովածուից, Ավանգարդ Պրիմա, 2014
  • «30 սմ», Նաիրա Փիրումյան, պատմվածք, “Liternet” էլ. ամսագիր, 2012
  • «Բուլղարերենի էթիկետը»(ռուսերենի, հայերենի և անգլերենի համարժեք համեմատականներով), Ստոյանովա Ռ.Ս., գրախոսություն, «Բոգիաննա», 2012
  • «Հայաստանը առաջին քրիստոնյա երկիր», հոդված, Բուլղարիայի օրթոդոքս եկեղեցու, Սինոդալ հրատարակչություն, «Եկեղեցական թերթ», 2010
  • «Հայ-բուլղարական հարաբերությունները դարերի ընթացքում», «Հայաստան և Բուլղարիա` անցյալը, ներկան և ապագան» ժողովածուից, Երևանի պետական Համալսարան, 2009.