«Եվս մի լռություն» Ջորջո Ագամբեն

2023 թվականի նոյեմբերի 14ին Quodlibet պարբերականում «Ձայն» խորագրով հեղինակային սյունյակում  Ջորջո Ագամբենը հրատարակեց «Եվս մեկ լռություն» տեքստը, որով  անդրադառնում է Արցախահայության ճակատագրին։

Ջորջիո Ագամբենը իտալացի ժամանակակից ամենահռչակավոր մտածողներից է։ Նրա բազմաթիվ գործեր են հրատարակվել հայերենով, այդ թվում «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան» գիրքը Մարկ Նշանեանի թարգմանությամբ, որը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով։ Իսկ նրա երեք դասախոսությունները՝ «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը», «Բարեկամը» Մովսէս Տէր Գէորգեանի թարգմանությամբ լույս են տեսել «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հրատարկությամբ։ Ստորև ներկայացնում ենք «Եվս մեկ լռություն» խորագրով տեքստի հայերեն թարգմանությունը։

«Եվս մեկ լռություն»

Մինչ լրատվամիջոցներն անդրադառնում են միայն Ուկրաինայի և Գազայի հատվածի պատերազմերին և, ինչպես թվում է, սիրում են, հաշվարկներ կատարել՝ իմանալու մահացած պաղեստինցիների և իսրայելցիների, ուկրաինացիների և ռուսների քանակը, մեկ այլ ժողովուրդ կրկին անտեսվում է՝ հայերը, որոնք ստիպված են՝ խուսափելով բնաջնջվելուց լքել երկիրը, որտեղ նրանք ապրել են: Ադրբեջանցիների կողմից 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը կամ Արցախի Հանրապետությունը, ինչպես անվանում էին այն հայազգի բնակիչները, այլևս գոյություն չունի։ Ինչպես բազմիցս տեղի է ունեցել այս տարածաշրջանում, կրկին սահմաններ են գծվում, և մի ամբողջ ժողովուրդ՝ ոչնչացվում ու տեղահանվում է էթնիկ զտումների զոհ դառնալով։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հայերի, ադրբեջանցիների և վրացիների կողմից 1917թ․ ստեղծված Անդրկովկասյան դաշնությունը լուծարվեց, ռուսների կողմից նվաճված տարածքը, Լեռնային Ղարաբաղը, թեև 98%-ով բնակեցված էր հայերով, այնուամենայնիվ հանձնվեց Ստալինի կողմից ոչ թե Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, այլ Ադերբեջանին։ Այստեղից էլ, Խորհրդային Միության փլուզումից հետո սկիզբ են առնում այն հակամարտությունները, որոնք ի վերջո այս օրերի տխուր եզրահանգումին են հասել։ Հարկավոր է խորհրդածել այս ժողովրդի ճակատագրի մասին, որը հրեաների պես ցեղասպանության է ենթարկվել, բայց այնուամենայնիվ նրանց մասին չի խոսվում, թեև նրանք թերևս ամենահին քրիստոնեական ազգերից են և, հետևաբար, զբաղեցնում են այն չորս թաղամասերից մեկը, որը գտնվում է Երուսաղեմի հին քաղաքում։ Այս ժողովուրդը մեզ հոգեհարազատ է, նույնիսկ երևի ավելի հոգեհարազատ քան մյուսները, որոնց մասին խոսվում է։ Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, վերաբերում է մեզ և մեզ հարցականի տակ է դնում, և այդ պատճառով մենք գերադասում ենք անտեսել դրանց ու խուսափել այդ հարցականից։

14-ը նոյեմբերի, 2023թ

Աղբյուրը՝ https://www.quodlibet.it/