Ջորջո Ագամբենի «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը» և «Բարեկամը» էսսեները հայերեն թարգմանությամբ

ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակչությունը  լույս ընծայեց Ջորջո Ագամբենի երեք դասախոսություն՝ «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը», «Բարեկամը»։ Թարգմանությունը նախաձեռնել է Մովսէս Տէր Գէորգեանը՝ նպատակ ունենալով ներկայացնել հանրահայտ և հեղինակավոր հեղինակի փիլիսոփայական աշխատությունները։ Հրատարակումների գրպանի գրքույկի ձևաչափը միտված է երիտասարդ ընթերցողների և ուսանողների համար փիլիսոփայական աշխատություններն ավելի գրավիչ և հասանելի դարձնելուն: 

Թարգմանիչ՝ Մովսէս Տէր Գէորգեան

Հրատարակիչ՝ ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակչություն

Ստորև կարող եք կարդալ հեղինակի, թարգմանչի, ինչպես նաև գքրերի մասին։

Մովսէս Տէր Գէորգեան

Մովսէս Տէր Գէորգեանը լիբանանահայ ճարտարապետ է, այժմ բնակվում է Բրյուսելում, որտեղ և ղեկավարում է Sill and Sound Architects ճարտարապետական գրասենյակը։ 

Ներշնչված վերջին շրջանի թարգմանական ծրագրերից` անում է առաջին քայլերը՝ արևմտահայերեն թարգմանելով փիլիսոփայական փորձագրություններ։ Նախաձեռնությունը լավագույնս բնութագրվում է իր «Թարգմանիչին կողմէ» գրության մեջ։  

Այս ձեռնարկին մեկնակէտը, իբր զուտ թարգմանական աշխատանք, լեզուի եւ մտածումի մարզանք մըն է. աշխատիլ լեզուներուն մէջ, լեզուիդ հետ, երբեմն մերձենալ անոր սահմաններուն, սահմաններուդ, բացուիլ հին ու նոր յղացքներու, որ է քննել, բացայայտել սերտ հիւսուածքը լեզուամտածողութեան։ Ժամանակակից մտածողական այս կալուածներուն առնչուելու առիթները մեզի կը տրուին առաւելաբար օտարալեզու հրատարակութիւններով։ Թարգմանական այս աշխատանքը հետեւաբար երկու նպատակ կը հետապնդէ։

ա) Ընթերցողին առիթը տալ ընթացիկ այս հասկացութիւնները ի՛ր իսկ լեզուով մտածելու, զարգացնելու, ընդլայնելու։

բ) Թղթակազմ գրքոյկներու միջոցով խթանել նման գործերու ընթերցանութիւնը, մատչելիութեան հեռանկարով։ 

Ջորջո Ագամբեն 

Ջորջո Ագամբենը (ծնվ․ 1942 թ․) փիլիսոփայության և քաղաքական տեսության նշանավոր դեմքերից է: Գրականության, գրականության տեսության, մայրցամաքային փիլիսոփայության, քաղաքական մտքի, կրոնագիտության և արվեստի իր յուրահատուկ ընթերցումները նրան դարձրել են մեր ժամանակների ամենանորարար մտածողներից մեկը:

Ագամբենը կրթություն է ստացել Հռոմի համալսարանում իրավունքի և փիլիսոփայության բնագավառում: Որպես Ֆրայբուրգի համալսարանի հետդոկտորական գիտությունների գիտնական` (1966–1968 թթ․ ) նա մասնակցել է Մարթին Հայդեգերի Հեգելի և Հերակլիտոսի վերաբերյալ սեմինարներին, իսկ հետագայում եղել է Լոնդոնի համալսարանի Վարբուրգի ինստիտուտի դոցենտ (1974 -1975 թթ․): Ագամբենը այնուհետև չորս տասնամյակների ընթացքում դասավանդել է եվրոպական և ամերիկյան մի շարք հեղինակավոր համալսարաններում:

Բացի իր կարևոր փիլիսոփայական ժառանգությունից, Ագամբենը մեծապես զբաղվել է կրոնական և իրավական տեքստերով՝ համագործակցելով  նաև արևմտյան մշակույթի ամենակարևոր գրական գործիչների և բանաստեղծների հետ:

Աղբյուրը https://egs.edu/biography/giorgio-agamben/ (The European Graduate School)

Գրքերի մասին

Երեք ակնարկներն առաջարկում են համառոտ ներածություն Ագամբենի վերջին աշխատանքներին ՝ Ֆուկոյի տրամադրիչի (apparatus) գաղափարի հետաքննության, փիլիսոփայության բարեկամության և սերտ կապի վերաբերյալ խորհրդածության, ինչպես նաև մտորումներ արդիականության կամ մարդու՝ իր ժամանակի նկատմամբ բացառիկ վերաբերմունքի վերաբերյալ:

«Տրամադրիչը» (ֆր. ՝ dispositif) ամենատարածված և միևնույն ժամանակ անորոշ հասկացությունն է Ֆուկոյի մտորումների մեջ: Նույն անվանմամբ տեքստում («Ի՞նչ է տրամադրիչը») Դելյոզին հաջողվեց նպաստել դրա խորհրդավորմանը, բայց Ագամբենի առաջատար շարադրությունը լույս է սփռում հետևյալ հասկացության վրա. «Կկոչեմ տրամադրիչ — գրում է նա, — բառացիորեն ցանկացած բան, որն ունի կենդանի էակների ժեստերը, վարքագիծը, կարծիքները կամ տրամասումները (դիսկուրսները) գրավելու, կողմնորոշվելու, որոշելու, ընկալելու, մոդելավորելու, վերահսկելու կամ ապահովելու կարողությունը»:

Այս տեսանկյունից Ագամբենի, ինչպես և Ֆուկոյի աշխատանքները, կարող են նկարագրվել որպես տրամադրիչների նույնականացում և հետաքննություն, դրանց ապամոնտաժման նոր ուղիներ գտնելու անդադար փորձերի հետ մեկտեղ:

«Բարեկամը»․ չնայած այն փաստին, որ փիլիսոփայություն բառը պարունակում է սեր (philo) կամ ընկեր հասկացությունը, փիլիսոփաները հակված են շատ թերահավատորեն վերաբերվել ընկերությանը: Իր երկրորդ աշխատությունում Ագամբենը փորձում է փարատել այս թերահավատությունը՝ ցույց տալով, որ բարեկամության և փիլիսոփայության, ինչպես նաև քաղաքականության հիմքում ընկած է նույն գաղափարը` այսինքն լինելիության ընդհանուր զգացողությունը:

Առաջնորդվելով «Ի՞նչ է ժամանակակիցը» հարցով` Ագամբենը սկսում է երրորդ իր աշխատությունը Նիցչեի փիլիսոփայության և Մանդելշտամի պոեզիայի ընթերցմամբ՝ անցում կատարելով դեպի այնպիսի տարաբնույթ ոլորտների ուսումնասիրությունները, ինչպիսիք են նորաձևությունը, ջղագիտաբանությունը, մեսիանիզմը և աստղաբնագիտությունը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ