Լույս է տեսել Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի երկրորդ գիրքը՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը. Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի շուրջ» (Strukturwandel der Öffentlichkeit. Untersuchungen zu einer Kategorie der bürgerlichen Gesellschaft) աշխատության հայերեն թարգմանությունը:  

Գիրքը կարող եք  ձեռք բերել Երևանի գրախանութներում։

Թարգմանիչ՝ Հրաչյա Ստեփանյան

Հրատարակիչ՝ «Անկյունաքար»

 

Հրաչյա Ստեփանյան

Հրաչյա Ստեփանյանը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական համալսարա-նում, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալ-սարանում (Գերմանիա): Ավարտել է Հայաս-տանի Գիտությունների ակադեմիայի փիլիսո-փայության և իրավունքի ինստիտուտի ասպի-րանտուրան, դասավանդել է գերմաներեն: 

Մի շարք հոդվածների հեղինակ է: Կատարել է տարբեր թարգմանություններ` այդ թվում. Հերման Հեսսեից («Հայր Մաթիասը» պատմվածքը), Նովալիսից (պատառիկների ծաղկաքաղ), Ռուդոլֆ Շտայներից («Ազատության փիլիսոփայությունը» /Արա Գուրզադյանի հետ համատեղ/), Վալտեր Բենիամինից («Թարգմանչի խնդիրը» և «Արվեստի գործն իր տեխնիկական վերարտադրելիության դարաշրջանում» հոդվածները), Յուրգեն Հաբերմասից («Արդիականությունը՝ անավարտ նախագիծ» հոդվածը և «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատու-թյունը), Ֆոլքմար Գանցհոռնի «Քրիստոնեա-արևելյան գորգը» աշխատությունը:

Յուրգեն Հաբերմաս 

Յուրգեն Հաբերմաս (ծնվ. 18.06.1929 թ., Դյուսելդորֆ, Գերմանիա), համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի ամենաակնառու փիլիսոփան: Չափազանց ազդեցիկ հասարակական և քաղաքական մտածող Հաբերմասը սովորաբար նույնացվել է հասարակության քննադատական տեսության հետ, որը 1920-ականներից սկսած մշակվել է Մայնի Ֆրանկֆուրտի (Գերմանիա) սոցիալական հետազոտությունների ինստիտուտի («Ֆրանկֆուրտյան դպրոց») կողմից: Հաբերմասը հայտնի է ակադեմիական շրջանակներում իր ծավալուն տրակտատներով և էսսեներով, որոնցում ձևավորում է ժամանակակից հասարակության համապարփակ տեսլականը և այդ հասարակությունում  ազատության հնարավորության գաղափարը, իսկ ավելի լայն շրջանակներում՝ իր սոցիալական քննադատությամբ և հասարակական բանավեճերին մասնակցությամբ։ Նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ այլ գիտակարգերի վրա, ինչպիսիք են հաղորդակցության տեսությունը, մշակութաբանությունը, բարոյագիտությունը, իրավունքը, լեզվաբանությունը, գրականագիտությունը, փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, կրոնագիտությունը, աստվածաբանությունը, սոցիոլոգիան և ժողովրդավարության տեսությունը:

Գրքի մասին

«Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը. Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի շուրջ» աշխատությունը լույս է տեսել 1962 թվականին։ Համարվում է կարևոր ներդրում ժողովրդավարության ժամանակակից ըմբռնման մեջ և աչքի է ընկնում «մեդիա ուսումնասիրությունները լուրջ գիտության վերածելու» գործում: Գիրքը նկարագրում է, թե ժամանակակից եվրոպական սալոնները, սրճարաններն ու գրական խմբակները հասարակությունը ժողովրդավարացնելու ինչ ռեսուրսներ են պարունակում: 1965 թվականին Ֆրանկֆուրտի համալսարանում իր պաշտոնամուտի դասախոսությունում («Erkenntnis und Interesse» — «Գիտելիք և հետաքրքրություն») և երեք տարի անց հրատարակված համանուն գրքում Հաբերմասը շարունակում է զարգացնել հասարակության քննադատական տեսության հիմունքները՝ հասարակության մարքսիստական տեսությունը, որը մշակվել էր Հորկհայմերի, Ադոռնոյի և Ֆրանկֆուրտյան հաստատության մյուս անդամների կողմից 1920-ական թվականներից սկսած: Նա այդ տեսությունը զարգացնում է մարդկային հետաքրքրությունների ընդհանուր տեսության հիման վրա, ըստ որի մարդու գիտելիքի և հետազոտությունների տարբեր ոլորտները (օրինակ՝ բնական, կենսաբանական և հասարակական գիտությունները) հստակ, բայց հավասարապես հիմնարար, մարդկային հետաքրքրությունների դրսևորումներ են։ Այս հիմնարար հետաքրքրություններն իրենց հերթին միավորված են բանականության կողմից սեփական ազատության գերագույն ձգտմամբ, որն իր արտահայտությունն է գտնում հասարակական կյանքի անազատ ձևերին քննադատորեն մոտեցող գիտական առարկաներում: Հասարակության վաղ շրջանի քննադատական տեսության հիմքերի վերանայման ընթացքում Հաբերմասը փորձում է միավորել Կառլ Մարքսի և գերմանական իդեալիզմի փիլիսոփայական ավանդույթները Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության և ամերիկացի տրամաբան և փիլիսոփա Չարլզ Սանդերս Պիրսի պրագմատիզմի հետ: