
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հետ համագործակցությամբ իրականացրեցին «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի նոր ծրագիր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-15-ին Դիլիջանում։ Այս ծրագիրը տեղի ունեցավ Մի կտոր խաղաղություն (A PIECE OF PEACE) խորագրի ներքո։ Ծրագրի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում և աշխարհում մեր օրերում առկա կարևորագույն խնդիրներ ու հարցեր։
Երիտասարդ գրողներ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից հավաքվել էին խոսելու գրականության կարևորության մասին գլոբալ հակամարտությունների այս բուռն ժամանակաշրջանում և հասարակությունների միջև երկխոսության մշտական բացակայության պայմաններում կամուրջներ կառուցելու գործում:
Վեցօրյա ինտենսիվ և ծավալուն ճամբարի ընթացքում բազմաթիվ կարևոր խնդիրներ են բարձրաձայնվել և քննարկվել։ Ծրագրի մենթորները՝ Արմեն Հայաստանցին, Դավիթ Գաբունիան և Օլենա Կուզմինան, ներկայացրեցին գրականության և հրատարակչական գործունեության ներկայիս դրությունը իրենց երկրներում, արժեքավոր տեղեկատվություն տվեցին այն մասին, թե ինչպես խթանել երիտասարդ հեղինակների տեսանելիությունը գրական ոլորտում և ինչպես ընդլայնել նրանց հնարավորությունները ընդհանուր ստեղծագործական աշխարհում փոփոխություններ կատարելու համար։ Դասախոսությունների ընթացքում հանգամանորեն ներկայացվել են քաղաքականության, պատերազմի և խաղաղության մասին գրելու տեսանկյուններն ու առանձնահատկությունները։
Ծրագրի ընթացքում ճամբարը հյուրընկալել է մի քանի խոսնակների։ Արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանը ներկայացրեց արվեստ-գրականություն-կինո-լուսանկարչություն միջառարկայական կապերը և երիտասարդ գրողներին առաջարկեց շրջապատող ամեն բան դիտարկել որպես տեքստ և պատմելիս օգտագործել պատկերներ ու նկարազարդումներ։ Եվրամիության գրական մրցանակի դափնեկիր, հռչակավոր հայ գրող Արամ Պաչյանը մասնակիցների հետ կիսեց իր և իր գրականության վրա մեծ ազդեցություն թողած գրքերի մասին մտորումները։ Թարգմանչուհի Ասյա Դարբինյանը խոսեց գրական թարգմանության առանձնահատկությունների մասին։


Ճամբարի ընթացքում ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը ներկայացրեց Հայաստանյան հրատարակչական ոլորտի մասին տեղեկատվություն, ինչպես նաև մի քանի օգտակար խորհուրդ տվեց գործակալ գտնելու, գործակալի հիմնական պարտականությունների մասին: Նաև կիսվեց այդ մասնագիտության հետ կապված օգտակար և պրակտիկ խորհուրդներով։
Ծրագրի շրջանակներում մենթորների մասնակցությամբ անցկացվեց հանրային քննարկում, որի ընթացքում նրանք խոսեցին գրողի պարտականությունների մասին՝ պատերազմի տարեգրությունները ֆիքսելու և դրանք թղթին հանձնելու գործում։ Միջոցառումը, որի խորագիրն էր «Պատերազմի տարեգրություն․ գրողի պատասխանատվությունը», անցկացվեց «Դիլիջանի հին գինետանը» և հյուրընկալեց Դիլիջանի Միջազգային դպրոցի, Դիլիջանի «ԱՅԲ»-ի և «Թումո»-ի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև այլ հյուրերի։
Ճամբարի վերջին օրը կազմակերպվեց «Բաց բարձրախոսի գիշեր» (open mic night) միջոցառումը, որտեղ երիտասարդ գրողները, ինչպես նաև նրանց մենթորները հյուրերի համար ընթերցեցին իրենց աշխատանքները անգլերեն և իրենց մայրենի լեզուներով։





