Ապրիլի 26-ին մեկնարկեց «ԱՐԻ գրականության հիմնադրամի» «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանության դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ։
Ծրագրի բացումը տեղի ունեցավ Արթբրիջ գրախանութ-սրճարանում, որտեղ ներկա էին գրքերի հեղինակ Գայանե Աղաբալյանը, ծրագրի խորհրդատու Արմենուհի Ավագյանը, ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, «Ես խոսում եմ պարելով» գրքի հերոս Հայկ Հոբոսյանը, նրա պարի դպրոցի սաները Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրից, ինչպես նաև Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի 4բ դասարանի աշակերտները։
Միջոցառումն անցավ շատ մտերմիկ մթնոլորտում, որի ընթացքում երեխաներն ընթերցեցին գրքերը, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Հայկին և սուրդոթարգմանչի օգնությամբ սկսեցին շփվել միմյանց հետ։
Երևանյան շնորհանդեսին հետևելու են շնորհանդեսներ Գյումրիում և Վանաձորում։