Գրենք Հայաստանում Միջազգային ստեղծագրության ճամբար 2018. ևս մեկ զգալի ձեռքբերում` մենթոր-մենթի (ուղղորդող- ուղղորդվող) ծրագիր

Գրենք Հայաստանում Միջազգային ստեղծագրության ճամբարը շատ ավելի լուրջ արժեքների` մոտիվացիայի ու համագործակցության սկիզբ դրեց: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցների միջև ստեղծվեցին ամուր կապեր, որոնց շնորհիվ նրանք մինչ օրս շփվում են միմյանց հետ, մտքեր, նորություններ, մասնագիտական և անձնական պատմություններ փոխանակում և նույնիսկ համահեղինակության պլաներ նախագծում: Միաժամանակ ճամբարը դարձավ դասախոսների և մասնակիցների միջև մենթոր-մենթի (ուղղորդող- ուղղորդվող) հարաբերությունների հաստատման հարթակը:

Նմանատիպ օրինակ է հանդիսանում հանրահայտ հայ գրող և Գրենք Հայաստանում Միջազգային ստեղծագրության ճամբարի դասախոս Արամ Պաչյանի և երիտասարդ հեղինակներ Մարի Սևսի և Գայանե Վարդանյանի մոտիվացիոն ընկերությունը:

Ճամբարի ավարտից հետո երիտասարդ հեղինակները ոգեշնչվեցին շարունակական բնույթ տալ իրենց ստեղծագործական աշխատանքին: Նրանք եկան այն եզրակացության, որ կարելի է Արամ Պաչյանից կարծիք խնդրել և ինչու ոչ մտքերով կիսվել նրա հետ: Որպես դասախոս և ընկեր` Պաչյանը քաջալերեց նրանց զարգացնել իրենց մտքերրը և հարցերի դեպքում դիմել իրեն: Ճամբարի նպատակներից մեկն էր հաստատել ամուր կապեր գրողների միջև: Եվ մենք վստահ կարող ենք փաստել, որ այդ նպատակը իրագործված է: