Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի ևս մեկ գիրք՝ Միշել Ֆուկոի «Գիտելիքի հնագիտությունը» (L’archéologie du savoir) հայերեն թարգմանությամբ:
Թարգմանիչ՝ Նազարեթ Կարոյան
Խմբագիր՝ Մարկ Նշանեան
Հրատարակիչ՝ «Զանգակ»
Ստորև ծանոթացեք թարգմանչի և հեղինակի կենսագրություններին, և կարդացեք գրքի մասին համառոտ:
Գրքի մասին
Խենթություն, սեքսուալություն, ուժ, գիտելիք․ սրանք կյանքի բաղկացուցիչ մասե՞րն են, թե՞ պարզապես խոսքի մասեր: Ապշեցուցիչ պայծառությամբ գրված աշխատությունների շարքում պատմաբան Միշել Ֆուկոն ուսումնասիրում է կարծրատիպ դարձած ենթադրությունները, որոնք կարգավորում են մեր ապրելակերպն ու մտածելակերպը:
«Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը սկսվում է «օգնող բաների» մակարդակից և արագ շարժվում է` լուսաբանելու գիտելիքի, լեզվի և գործողությունների միջև կապերը խորը և միևնույն ժամանակ անհատական ոճով: Ամփոփելով Ֆուկոյի սեփական մեթոդաբանական ենթադրությունները՝ այս գիրքը նաև առաջին քայլն է դեպի մեր այժմյան ապրելակերպի ծագումնաբանությունը:
Փիլիսոփա Ժիլ Դելյոզը նկարագրում է «Գիտելիքի հնագիտությունը» որպես «բազմապատկումների/բազմազանությունների տեսության և պրակտիկայում երբևէ կատարված ամենավճռական քայլը»:
Միշել Ֆուկո
Միշել Ֆուկոն (1926-1984) ֆրանսիացի պատմաբան և փիլիսոփա էր, ում ասոցացնում են կառուցողական և ետկառուցողական շարժման հետ։ Նա մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն (կամ առաջնայնորեն) փիլիսոփայության վրա, այլև հումանիստական և հասարակագիտական գիտությունների մի լայն շրջանակի վրա։
Որպես ուսանող նա փայլուն էր, բայց հոգեբանորեն տանջված։ Նա գիտական շրջանակների կողմից սկսեց ընդունվել 1960-ականներին՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ ֆրանսիական համալսարաններում՝ նախքան 1969թ․ գերհեղինակավոր Collège de France ընդունվելը, որտեղ ցմահ աշխատել է որպես Մտածողության համակարգերի պատմության պրոֆեսոր:
1970-ականներից Ֆուկոն քաղաքականապես շատ ակտիվ էր: Նա Groupe d’information sur les prisons շարժման հիմնադիրն էր և հաճախ բողոքում էր մարգինալացված խմբերի անունից: Նա հաճախ է դասախոսել Ֆրանսիայից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում, և 1983-ին համաձայնվել է ամեն տարի դասավանդել Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում: Դառնալով ՁԻԱՀ-ի վաղ զոհ՝ Ֆուկոն մահացավ Փարիզում 1984թ․ հունիսի 25-ին:
Ֆուկոն՝ որպես գիտնական ձևավորվեց հոգեբանության, ինչպես նաև դրա պատմության և փիլիսոփայության բնագավառում։ Նրա գրքերը հիմնականում բժշկական և հասարակական գիտությունների պատմություններ էին, իսկ կրքերը՝ գրական և քաղաքական: Այնուամենայնիվ, Ֆուկոյի գրեթե բոլոր ստեղծագործությունները կարող են արդյունավետ կարդացվել երկու ձևերից յուրաքանչյուրով՝ և՛ որպես փիլիսոփայական քննադատական աշխատություն՝ գրված նոր պատմական ոճով, և՛ որպես փիլիսոփայական քննադատական աշխատություն՝ գրված ավանդական փիլիսոփայական ոճով։
Աղբյուր՝ https://plato.stanford.edu/entries/foucault/ Stanford Encyclopedia of Philosophy
Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ, կուրատոր, թարգմանիչ։ Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրենն է։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանը։ “3-րդ հարկ” արվեստային շարժման (1987-94) նախաձեռնողներից մեկն է։ Անկախ Հայաստանի առաջին մասնավոր ցուցասրահներից երկուսի` “Գոյակ” (1991-93), “Էքս-Վոտո”(1994-96 ) հիմնադիրն ու տնօրենը, ժամանակակից արվեստի “Ին Վիտրո” հանդեսի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը (1997-2000)։ AICA-Հայաստանի առաջին նախագահն էր (2005-2013)։ Հայաստանում և արտերկրում համադրել է շուրջ երեք տասնյակ ցուցահանդես, 2011-ին եղել է Հայաստանի Ազգային տաղավարի համահամադրողը Վենետիկի 54-րդ Բիենալեում։ Հրատարակել է մի շաք կատալոգներ։ Նրա բազմաթիվ վերլուծական հոդվածների առանցքում արվեստում սոցիալ-քաղաքական և մեդիա համատեքստերի արտացոլումների ուսումնասիրությունն է։
Մարկ Նշանեան
Գրքի խմբագիրն է փիլիսոփա, գրաքննադատ և թարգմանիչ Մարկ Նշանեանը։ Նշանեանը ծնվել է Ֆրանսիայում, մասնագիտացած է հայագիտության և փիլիսոփայության մեջ, դասավանդել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի լավագույն համալսարաններում։ Հեղինակել է գրականության, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների վերաբերյալ աշխատություններ և թարգմանություններ։ 1980 թվականից հիմնել և խմբագրել է «ԿԱՄ» վերլուծական հանդեսը, որը հրատարակվել է ընդմիջումներով 1980-1986, ապա 2000- ականներին և նորից վերսկսել է հրատարակումը 2020թ-ից։ Նշանեանը այժմ բնակվում է Լիսաբոնում։