Լույս է տեսել Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրեր» գիրքը

Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի ևս մեկ գիքրը՝ Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրերը» (Quaderni del carcere, Antonio Gramsci): 

Թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Աննա Բլուրցյան

Կազմի ձևավորումը՝ Էդիկ Պողոսյան

Հրատարակիչ՝ «ԱՐԻ գրականության հիմնադրամ»

Ստորև ներկայացնում ենք թարգմանչի և հեղինակի կենսագրությունները, ինչպես նաև համառոտ տեղեկատվություն գրքի մասին:

Գրքի մասին

«Բանտային տետրերը» (իտալերեն՝ Quaderni del carcere) իտալացի մարքսիստ Անտոնիո Գրամշիի էսսեների ժողովածու է։ Գրամշին բանտարկվել է իտալական ֆաշիստական ռեժիմի կողմից 1926թ։ Նոթատետրերը գրվել են 1929-1935թթ, երբ Գրամշին վատառողջ լինելու պատճառով բանտից տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նրա ընկերը՝ Պիերո Սրաֆան էր մատակարարում նրան գրենական պիտույքներով ու տետրերով։ Գրամշին մահացել է 1937 թ․ ապրիլին։

Անազատության տարիներին գրել է ավելի քան 30 տետր և 3000 էջ պատմություն և վերլուծություն։ Թեև դրանք համակարգված կերպով չեն գրվել, այնուամենայնիվ «Բանտային տետրերը» համարվում է խիստ ինքնատիպ ներդրում 20-րդ դարի քաղաքական տեսության մեջ: Գրամշին օգտվել է տարբեր աղբյուրներից ու ոչ միայն այլ մարքսիստներից, այլ նաև այնպիսի մտածողներից, ինչպիսիք են Նիկոլո Մաքիավելին, Վիլֆրեդո Պարետոն, Ժորժ Սորելը և Բենեդետտո Կրոչեն: Նրա նոթատետրերն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Իտալիայի պատմություն և իտալական ազգայնականություն, Ֆրանսիական հեղափոխություն, ֆաշիզմ, թեյլորիզմ և ֆորդիզմ, քաղաքացիական հասարակություն, բանահյուսություն, կրոն և բարձր ու ժողովրդական մշակույթ:

1930-ակկաներին նոթատետրերն անօրինական ճանապարհով դուրս են բերվել բանտից։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1947թ և մի քանի ամիս անց արժանացել Վիարեջիոյի մրցանակին։ Գրամշիի՝ Վիարեջիոյի հետմահու մրցանակին հաջորդեց 1947 թ․ ապրիլի 28-ին Իտալիայի Հիմնադիր ժողովի կողմից բացված հուշահամալիրը: Առաջին անգլերեն թարգմանությունը տպագրվել է 1970թթ շոտլանդացի բանաստեղծ և բանահավաք Համիշ Հենդերսոնի կողմից:

 

Անտոնիո Գրամշի

Անտոնիո Գրամշին (1891-1937) հսկայական ազդեցություն է ունեցել որպես «զարգացած» կապիտալիզմում մշակութային եւ քաղաքական գերակայության մարքսիստ տեսաբան։ Այնուամենայնիվ, իր գործունեության մեջ նա ռադիկալ լրագրող ու հեղափոխական կազմակերպիչ էր և ոչ թե պրոֆեսիոնալ փիլիսոփա։ Գրամշին սոցիալիստ ակտիվիստ էր, մշակութային մեկնաբան և հետագայում Իտալիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ: Նրա ստեղծագործությունների մեծ մասը նպատակ ուներ գնահատել անմիջական քաղաքական իրավիճակը և, մասնավորապես, միջպատերազմյան Իտալիայում հեղափոխության հեռանկարը։ 

Չնայած դրան, Գրամշին տիրապետում էր թե՛ ժամանակի փիլիսոփայական հոսանքներին՝ հատկապես իտալական նեոիդեալիզմին, թե՛ Մաքիավելիի ժամանակների մտավոր և քաղաքական ավանդույթներին, թե՛ մարքսիստական մտքի հիմնական հոսանքներին: Միայն ֆաշիստական իշխանությունների կողմից բանտարկվելուց հետո նա գրեց իր ամենահայտնի և փիլիսոփայական տեսանկյունից հարուստ տեքստերը՝ «Բանտային տետրերը»: Նա հետմահու ճանաչում է ձեռք բերել հիմանկանում այդ ստեղծագործության շնորհիվ:

«Բանտային տետրերում» Գրամշին զետեղեց մի շարք պատմական և տեսական մտորումներ ժամանակակից պետություններում հեղափոխության պայմանների վերաբերյալ: Նա օգտագործեց «գերիշխանություն» հասկացությունը՝ նկարագրելու «մտավոր և բարոյական առաջնորդության» գործընթացը, որով իշխող դասակարգը ամրապնդվել էր հասարակության մեջ: Նա մերժեց դասական մարքսիզմի տնտեսական դետերմինիզմը հօգուտ քաղաքական նրբահայաց վերլուծության, որը համահունչ էր պատմական հանգամանքներով պայմանավորված փոփոխություններին։ Գրամշին երկխոսություն ստեղծեց մարքսիզմի և գործնական սուբյեկտիվության նեոիդեալիստական պատկերացումների միջև, ինչպես նաև ուրվագծեց հեղափոխական ռազմավարություն՝ ուղղված նոր հավաքական ինքնության ձեւավորմանը: Թեպետ հատվածային և բաց՝ հակադրվող շեշտադրումների համար, «Բանտային տետրերն» այնուամենայնիվ ներկայացնում են քաղաքականության արմատական փիլիսոփայություն, որը մնայուն արժեք է հանդիսանում քննադատական քաղաքական և մշակութային տեսության համար:

Աննա Բլուրցյան

Աննա Բլուրցյանը ծնվել և մեծացել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, որից հետո հետաքրքրվել է անտիկ պատմության և մշակույթի խնդիրներով. ուսումնասիրել է հին հռոմեական պոեզիայի և ողբերգության հոգեբանական ասպեկտները՝ ստանալով մագիստրոսի և դոկտորի կոչում Էքսեթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա): Նա վարել է անտիկ պատմության և մշակույթի, ինչպես նաև իտալական մշակույթի դասընթացներ Անգլիայում, Մարոկկոյում, Իտալիայում և Հայաստանում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան): Տիրապետում է հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: Բնակվում է Իտալիայի Հռոմ քաղաքում։