Նորություններ

ԱՐԻ գրականության հիմնադրամը 2018թ.-ի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսին

on Հոկտեմբերի 31, 2018

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» մասնակցեց 2018 թ.-ի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին և հանդես եկավ հանրային քննարկման նախաձեռնությամբ: Քննարկման խորագիրն էր «Գրելու պատասխանատվությունը. խոսքի դերը քաղաքականության մեջ»:

Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ ազատության անսասան արժեքները բախվում են Մեծ խաղադրույքների և  Գերտերությունների հետ, որտեղ հին համակարգերի մահաբեր խռովությունները և արևմուտքի` աշխարհի քաղաքական զարգացումները ղեկավարելու ցանկությունը համաշխարհային տեղեկատվության կենտրոնական թեմաներն են, Հայաստանում, որը գտնվում է քաղաքական, տնտեսական և տարածքային շահերի խաչմերուկում, անհնարինը դարձավ հնարավոր: Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն և քաղաքացիների մեծամասնության պահանջով իշխանությունը իշխող մեծամասնական կուսակցությունից փոխանցվեց ընդդիմական փոքրամասնական կուսակցությանը:

Շուրջ երկու տասնամյակ անկախության սերունդը ներկայացնող հայ գրողները բացեիբաց աջակցում էին կորումպացված համակարգի դեմ պայքարին և օգտագործում էին խոսքի ուժը հաստատելու համար այն, որ ազատ արտահայտվելու իրավունքը բացարձակ արժեք է:

Անկասկած, սիրո և հանդուրժողականության հեղափոխության հաջողությունը կայանում է նրանում, որ ընդդիմության առաջնորդը լրագրող է և գրող: Նրա քաղաքական ընդիմադիր քայլարշավը, որի արդյունքում նա վարչապետ դառնձավ, սկսվեց իր իսկ հեղինակած «Իմ Քայլը» պոեմի արտասանությամբ, որը շուտով վերածվեց երգի և դարձավ թավշյա հեղափոխության խորհրդանիշը:

Մասնագետների մեկնաբանությամբ ո′չ «Իմ քայլը», ո′չ էլ ընդդիմության առաջնորդի ելույթները քաղաքական տեքստեր չէին: Խոսքի ուժն էր, որ հասավ միլլիոնավոր մարդկանց գիտակցությանը և հանգեցրեց մեծ փոփոխությունների:

«Արի գրականության հիմնադրամը» հրավիրեց երկու հայ հեղինակների և ակտիվիստների` Արմեն Հայաստանցուն և Մարինե Պետրոսյանին, ազատ քննարկման շրջանակներում խոսելու խոսքի և տեքստի ուժի մասին: Ճանաչված վրացի գրող Դաթո Տուրաշվիլին նույնպես հրավիրված էր քննարկմանը՝ Վրաստանի փորձը կիսելու համար: 

TAGS